You are currently viewing «Մեր գործընկերների պատմությունները» շարք. «Ես իրազեկ և պաշտպանված կին եմ»

«Մեր գործընկերների պատմությունները» շարք. «Ես իրազեկ և պաշտպանված կին եմ»

2010թ. հիմնադրված «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը, որն իր ծրագրերի շրջանակներում աջակցում է նաև կանանց ու երեխաներին, Հայաստանում Կանանց հիմնադրամի գործընկեր-շահառուներից է: Կազմակերպությունն ունի կանանց ակումբ, որտեղ կանայք հավաքվում են, քննարկում որոշակի թեմաներ, խնդիրներ, կազմակերպում իրենց ժամանցը։ Ունենում են տարբեր թեմաներով դասընթացներ, որոնց նպատակը կանանց իրազեկվածության բարձրացումն է սեփական իրավունքների վերաբերյալ: Սպիտակ քաղաքի համար կազմակերպությունը լավագույն վայրերից է, որտեղ մարդիկ զգում են, որ իրենց չեն քննադատում, իրենց հասկանում են, կարողանում են կիսվել իրենց խնդիրներով և ստանում են իրավաբանական աջակցություն և հոգեբանական խորհրդատվություն:

2019թ. հուլիսից կազմակերպությունը հիմնել է սոցիալական ձեռնարկատիրություն՝ «Սպիտակ մանուշակ» յուղերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկատիրությունը, որի հիմնական նպատակը Սպիտակի և հարակից գյուղերի կանանց զբաղվածության խնդիրը լուծելն է: Կազմակերպության հիմնական մարտահրավերը սեփական տարածքի բացակայությունն է, յուրաքանչյուր տեղափոխությունից հետո քաղաքացիները կարծում են, թե կազմակերպությունը դադարեցրել է իր գործնեությունը և երկար ժամանակ է պահանջվում մարդկանց իրազեկելու համար։ Կազմակերպությունը չունի նաև կայուն ֆինանսավորում, ինչը մեծ դժվարություն է առաջացնում։ Սակայն այժմ բուսական յուղերի արտադրության ՍՁ-ն հույս է ներշնչում կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու ուղղությամբ։

«Հայաստանում Կանանց հիմնադրամի մասին մենք տեղեկացել ենք սոցցանցերից և ընդհանուր գործընկերներից, այնուհետև մասնակցել ենք հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստմանը և այժմ իրականացնում ենք «Ես իրազեկ և պաշտպանված կին եմ» ծրագիրը»։

Ծրագրի կարճաժամկետ նպատակն է եղել նպաստել Լոռու մարզի կանանց հզորացմանը՝ իրավագիտակցության բարձրացման, ֆիզիկական և հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմների միջոցով, իսկ երկարաժամկետ նպատակը՝ նպաստել գենդերային հիմքով բռնության շուրջ արմատացած կարծրատիպերի նվազեցմանը:

Ծրագրի թիրախային խմբերն են Լոռու մարզի կանայք և աղջիկները՝ առանց որևէ սահմանափակման, ովքեր հետաքրքրված են ֆեմինիստական ծրագրերով և ցանկանում են նպաստել կարծրատիպերի նվազեցմանը հասարակության մեջ, ինչպես նաև կանայք ովքեր ենթարկվել են բռնության և հանդիսանում են Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի շահառուները։

Դրվագ «Ես իրազեկ և պաշտպանված կին եմ» ծրագրի հանդիպումներից

«Հիմնադրամի հետ համագործակցությունը մեզ՝ որպես նախաձեռնող թիմ, տվեց մեծ փորձառություն ծրագրի կառավարման և դասընթացավարման հետ կապված։ Մեզ տրվեց հնարավորություն իրականացնելու մեր գաղափարը և ձեռք բերելու փորձառություն ֆորում-թատրոնի կազմակերպման և իրականացման համար։ Ինչպես նաև, մասնակցելով Հիմնադրամի կողմից իրականացրած վերապատրաստմանը՝ մենք ստացանք նոր գիտելիքներ գենդերային հիմքով խտրականության և անհավասարության վերաբերյալ, ինչն էլ մեզ դարձրեց ավելի զգայուն»։

Leave a Reply