You are currently viewing «Ճիշտ ուղու վրա».համագործակցություն ՀԿՀ-ի և Կալալա հիմնադրամի միջև

«Ճիշտ ուղու վրա».համագործակցություն ՀԿՀ-ի և Կալալա հիմնադրամի միջև

2022թ. սկզբից Հայաստանում կանանց հիմնադրամը իրականացնում է «Ճիշտ ուղու վրա.  հիմնադրելով Եվրոպական և Լատինական Ամերիկայի Կանանց հիմնադրամների դաշինք՝ մարդու իրավունքները, ժողովրդավարության արժեքները, ազատությունները և բազմազանությունը աճող ծայրահեղական խմբերի հարձակումներից պաշտպանելու համար» ծրագիրը՝ Կալալա հիմնադրամի հետ համագործակցությամբ: Համագործակցության շրջանակներում հետևյալ կազմակերպություններն ու անհատները իրականացնում են իրենց համապատասխան նախաձեռնությունները՝ հիմնականում հետազոտությունների տեսքով.

  1. Սոցիոսկոպ – «Հակագենդերային արշավները Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո» – Սոցիոսկոպ ՀԿն, նկատելով 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած հակագենդերային արշավների աճը, նախաձեռնեց հետազոտական աշխատանքներ` ուղղված խնդրի ուսումնասիրմանը։ Կազմակերպությունը դիտարկել և վերլուծել է աջականների, հակագենդերային արշավների աճը, հռետորաբանությունը և նպատակները։ Այժմ ծրագրի շրջանակում Սոցիոսկոպը նպատակ ունի շարունակելու այդ ուսումնասիրությունները` Ղարաբաղյան երկրորդ պատերազմի, Covid-19-ի և ներքին ու արտաքին քաղաքականության կոնտեքստում։ Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմակերպությունը կմշակի առաջարկներ, որոնցով կկիսվի իր շահակիցների հետ։
  2. Անի Բարսեղյան – «Լեզվական դեսակրալիզացիան՝ որպես գենդերային հիմքով ագրեսիայի նվազեցման միջոց» – Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրելու միջազգային փորձը լեզվական մակարդակով կնոջ կերպարի դեսակրալիզացիայի, ապաբևեռացման հարցում և դրա արդյունքում բռնության նվազման միտումները։ Ծրագիրն իր առջև խնդիր է դնում վերհանելու գեղարվեստական, այդ թվում՝ հումորային ստեղծագործությունների և հրապարակային խոսքի միջոցով կնոջը բացասական կերպով բնորոշող բառերի հանդեպ վերաբերմունքը մեղմելու հնարավորությունը, արդյունքում՝ նաև կնոջ հատկանիշների և արդեն հենց կնոջ հանդեպ վերաբերմունքի փոփոխությունները։ Կարճաժամկետ կտրվածքով կբացահայտվեն գործող և նոր մեխանիզմներ՝ կնոջ մարգինալացումը կանխելու կամ մեղմելու համար։ Երկարաժամկետ կտրվածքով՝ կախված հետազոտության արդյունքներից, մեխանիզմները կարող են օգտագործվել արդեն շոշափելի, քանակական կերպով գենդերային հիմքով բռնության դեպքերի նվազեցման գործում։
  3. Լիլիթ Հակոբյան – «Հայաստանի գյուղերում հանրակրթությունում ազգայնական բովանդակության գենդերային ասպեկտը» – Հետազոտության նպատակն է վերծանել հայաստանյան հանրակրթությունում առկա ազգայնական դիսկուրսների գենդերային ասպեկտը։ Մասնավորապես՝ լուսաբանել, թե ինչպես է հանրակրթական միջավայրը, ազգայնական գաղափարները խթանելով, ձևավորում և վերատադրում մեր հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերը։ Այս նպատակով ուսումնասիրվելու է Հայաստանի գյուղական դպրոցներում ազգային տոների ու հիշատակի օրերի առիթով իրականացվող միջոցառումների հիմքում ընկած գաղափարախոսությունները։ Հետազոտությունն ուղղված է գենդերացված ազգայնականության ուսումնասիրությանը: 
  4. «Աղջիկները խոսում են» նախաձեռնություն – «Կանայք խոսում են» մոնոլոգներ – Ծրագրի հիմնական նպատակը կանանց և աղջիկների համար ինքնաարտահայտման և ինքնօգնության տարածքի ստեղծումն է՝ նրանց հետաքրքրող և/կամ անհանգստացնող թեմաների բարձրաձայնման համար։ Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնելու առկա հիմնախնդիրները, այլ պարբերական հանդիպումների ու քննարկումների միջոցով մասնակիցների հետ և նրանց համար հարցականացնելու հայրիշխանական համակարգն ու դրա կողմից կնոջը տրված դերերն ու նորմերը։ Ծրագրի նպատակն է նաև  կյանքի տարբեր փուլերում գտնվող և տարբեր փորձառություններով կանանց պատմությունների բարձրաձայնումը, ծրագրի մասնակից կանանց հանրային խոսքի և պատմություն պատմելու (storytelling) հմտությունների զարգացումը և մասնակիցների զորեղացումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կանանց կենսափորձի մասին պատմող մոնոլոգներ։ Ներկայացվելու են կանանց իրական պատմություններ, որոնք կազմվելու են մասնակիցների անձնական փորձի և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից տարբեր գործողությունների արդյունքում հավաքագրված պատմությունների  հիման վրա։