Իրադարձություններ, որոնք փոխում են կյանքի ընթացքը
32-ամյա Քրիստինա Բաղդասարյանի կյանքում շատ կարևոր դեպքեր և իրադարձություններ ինքնըստինքյան են լինում, ինչպես ինքն է ասում՝ «Դրանք լինում են այն ժամանակ, երբ ամենաշատն եմ դրանց կարիքն ունենում»:
Նման դեպքերից է եղել նաև մասնագիտության ընտրությունը. «Մինչև 8-րդ դասարան կողմնորոշված չէի մասնագիտության ընտրության հարցում, բայց մինչ այդ միշտ մտքեր ունեի, որ պետք է հոգեբան դառնամ, բայց պապաս միշտ ասում էր՝ աղջիկս պիտի իրավաբան դառնա, ու ես ենթագիտակցորեն կլանել էի այդ միտքը, բայց ներքուստ զգում էի՝ մի բան այն չէ: Ստացվեց այնպես, որ 1-ին հայտով իրավաբանություն չընդունվեցի, այլ 2-րդ հայտով՝ հոգեբանություն: Առաջին տարին ինձ համար շատ դժվար էր ընդունել այդ հանգամանքը, քանի որ ձգտում էի իրավաբան դառնալ, 2-րդ կուրսում, սակայն, արդեն սիրահարվեցի իմ մասնագիտությանը»,- ասում է նա:
Ուսանողական տարիները, Քրիստինայի խոսքով, դժվարություններով լի են եղել՝ կապված ֆինանսական հարցերի, ինչպես նաև մարզից լինելու հանգամանքի հետ, որն իրենից ենթադրում էր հավելյալ կենցաղային ծանրաբեռնվածություն և շատ այլ պատասխանատվություններ. «Շատ ճգնաժամային էր ինձ համար ընտանիքից բաժանումը: Երևանում հայտնվեցի 17 տարեկանում՝ առանց որևէ հարազատի: Մինչ այդ ոչ մի օր ծնողներից հեռու չէի եղել. հոգեբանական պորտալարս կտրվեց հենց այդ ժամանակ»,- ասում է նա՝ հավելելով, որ մոտ 1 տարի է պահանջվել՝ հարմարվելու համար նոր իրականությանը:
Քրիստինան կրթությունը շարունակել է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ստանալով մագիստորսի աստիճան:
Կանանց հիմնահարցերը՝ Քրիստինայի ուշադրության կենտրոնում
Քրիստինան իր առաջին մասնագիտական քայլերը սկսել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ում՝ 3 տարի զբաղվելով Շիրակի մարզում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ: Այս տարիներն էլ հենց կանխորոշել են Քրիստինայի գործունեության հիմնական ոլոտները հետագայի համար. «Մեզ մոտ կանայք դիմում են հոգեբանական աջակցության, երբ, իրապես, դանակը հասած է լինում ոսկորին: Աշխատանքիս առաջին տարիներին հասկացա, թե ինչքան իրազեկվածության աստիճանի բարձրացման խնդիր կա համայնքներում: Ամենահետաքրքիրը նաև այն է, որ խորհրդատվական այցերի ժամանակ կանայք միշտ ասում էին, որ առաջին մի տարին ամուսնական կյանքում ամեն ինչ լավ էր: Դա ևս ինձ ապացուցեց այն փաստը, որ ընտանեկան բռնությունը միանգամից չի լինում. Կան փուլեր, որոնց միջով անցնում են կանայք, մինչև հայտվում են «զոհ»-ի կարգավիճակում»,- ընդգծում է հոգեբանը:
Քրիստինան ուրախությամբ է հիշում այն դեպքերը, երբ հոգեբանական աջակցության աշխատանքները շատ կանանց կյանքում լուրջ փոփոխություններ են բերել. «Մի կին ունեինք, որ հոգեբանական աջակցություն ստացավ, հետո տեղափոխվեց ապաստարան: Սարսափելի վիճակում էր այդ կինը, ամուսնու ծնողներն էին օգնել, որ փախչեր տնից: Ինքը հաղթահարեց այդ ամբողջը, սկսեց աշխատել, այնուհետև նորից ամուսնացավ. Շատ լավ կազմակերպվեց այդ կնոջ հետագա կյանքը, ես իր օրինակով շատ եմ ուրախանում»,- նշում է նա:
Քրիստինայի կարծիքով՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելման հիմնական գործիքը կրթությունն է՝ սկսած մանկապարտեզից և դպրոցից:
Մեծ ձեռքբերումների շրջանը և «Ինթրայի» ծնունդը
«Երբ աշխատանքս ավարտեցի «Կանանց իրավունքների կենտրոն»-ում, լիքը գաղափարներ, մտքեր ունեի. զգում էի, որ ինչ-որ մի բան ծնվելու է ինձնից: Այս ժամանակահատվածը նաև համընկավ անձնական կյանքում փոփոխությունների հետ. ամուսնացա և ինքս ինձ խոսք տվեցի, որ ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատելու ու իմն եմ ստեղծելու: Այդ ընթացքում ոչ մի հանդիպում, ոչ մի դասընթաց բաց չէի թողնում»,- պատմում է Քրիստինան ժպտալով:
Իր ձեռքբերումների հարցում Քրիստինան կարևորում է նաև ընտանիքի աջակցությունը. «Շատ եմ կարևորում ամուսնուս աջակցությունը. շատ հարցերում ինքն ինձ ավելի շատ է հավատացել, քան ես ինքս: Նա ինձ մոտիվացրել է իմ բոլոր գաղափաների հարցում: Երբ լիքը գաղափարներ ունեի, բայց չգիտեի՝ ինչից սկսել, ամուսինս ինձ ասաց՝ «Արի՛ ուղղակի սկզբից ֆեյսբուքյան էջ բացիր, հետո ընթացքում կորոշես՝ ինչ անել», ու հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց»,- ասում է նա:
Քրիստինան որոշ ժամանակ օնլայն հարթակում սկսում է կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ: Այնուհետև մեծացնելով իր լսարանը օնլայն հարթակում՝ որոշում է միջոցառում կազմակերպել Գյումրիում, որտեղից էլ սկսվել է «Ինթրա հոգեբանական ակումբ» ՀԿ-ի հիմնարկեքը. «Երկու տարի Գյումրին եռում էր. Էնքան միջոցառումներ ու հանդիպումներ էի կազմակերպում մասնագետների համար: Դա նաև ինձ համար էր կարևոր, որովհետև այդպես ես կարողանում էի մասնագիտական համայնքի հետ շփվել, նոր գիտելիքներ ձեռք բերել և մասնագիտության մեջ մնալ: Այսպես ստեղծվեց «Ինթրա»-ն որպես նախաձեռնություն, որը սկզբնական շրջանում իրականացնում էր վերապատրաստման ծրագրեր»,- ասում է նա:
Համագործակցությունը Հիմնադրամի հետ
Քրիստինան նշում է, որ «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ն իր կյանքում միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում. «Հիմնադրամն իմ կյանքում ճակատագրական է եղել: Իմ «Ինթրա»-ն կազմավորվել, դարձել է կազմակերպություն Հիմնադրամի աջակցությամբ իրականացված առաջին ծրագրի շնորհիվ: Հիմնադրամից հայտարարություն տեսա, որ եռօրյա դասընթաց են կազմակերպում և ծրագիր գրելու հմտություններ են սովորեցնելու: Այդ ժամանակ ես 4 ամսական հղի էի, նոր էի դուրս եկել «տոքսիկ հղիության» շրջանից: Դրանից հետո իմացանք, որ կարող ենք ծրագիր ներկայացնել ֆինանսավորման համար: Երբ մեր ծարգիրն ընդունվեց, մեզ ասացին, որ «Ինթրա»-ն պետք է լինի իրավաբանական անձ, որպեսզի հնարավոր լինի համագործակցությունը: Ծրագրին դիմելուց առաջ էլ մտքեր ունեի, որ, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի իմ ծրագիրը, որովհետև, մտածում էի՝ դե հղի եմ, ծրագրի ավարտն էլ համընկնում է ծննդաբերությանս շրջանի հետ, բայց Հիմնադրամը հաստատեց ծրագիրը: ՀԿՀ-ի վստահությունը, պատրաստակամությունն ու անշահախնդրությունը ուղղակի անգնահատելի էր: Հիմնադրամի գործելաոճն էլ, իսկապես, ուղղված է կանանց հզորացմանն ու աջակցմանը. ՀԿՀ-ի դեպքում Էդ ամեն ինչն ուղղակի գեղեցիկ բառեր չեն շարադրված, դա իրոք էդպես է, իմ սեփական փորձով եմ համոզվել»,- նշում է Քրիստինան:
Քրիստինան ծիծաղելով նշում է, որ իր կյանքի այդ շրջանը համարում է «հանցավոր ինքնավստահության» շրջան, որն իրեն ներշնչել էր Հիմնադրամը:
«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ի՝ Հիմնադրամի ֆինանսավորմամաբ առաջին ծրագրի նպատակն է եղել բարձրացնել մանկատների եւ սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկների տեղեկացվածությունը ընտանեկան բռնության վերաբերյալ: Մյուս ծրագիրը հիմնադրամի աջակցությամբ եղել է «Հոգեբանական շտապօգնություն»-ը՝ արտակարգ ծրագիր՝ COVID-19 արտակարգ դրության ընթացքում միայնակ և սոցիալապես անապահով մայրերին սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
Կազմակերպությունն այժմ Հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Կնոջ հոգեհուզական վիճակի բարելավում նախածննդաբերական և հետծննդաբերական ժամանակահատվածում» ծրագիրը Շիրակի մարզում: Այն նպաստելու է նախածննդաբերական եւ հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց հոգեհուզական վիճակի կարգավորմանը, հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելմանը։
Քրիստինան Հիմնադրամի հետ համագործակցությունում կարևորում է վերջինի անմիջական և վստահող մոտեցումը, ինչպես նաև՝ վերահսկողական ֆունկցիայի բացակայությունը. «Եթե Հիմնադրամն այդպիսի մոտեցումներ չունենար, ես չեմ կարծում, որ մենք կհաջողեինք: Հիմնադրամի հորիզոնական համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ, կարծում եմ, լավագույն համագործակցային մոտեցումն է, որը վարակիչ պիտի լինի մի շարք դոնոր կազմակերպությունների համար: Այսպիսի վստահելի, ոգևորող, գործելաոճը ավելի պատրաստակամ ու պարտավորեցնող է դարձնում կազմակերպություններին, որպեսզի ծրագրերը իրականացնելիս գործի դնեն իրենց ամբողջ ներուժը»,- ասում է Քրիստինան:
Դրական փոփոխությունների՝ Քրիստինայի տեսլականը
Իր ամենաուժեղ կողմը Քրիստինան համարում է ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելն ու այլընտրանքային լուծումներ գտնելը. «Ինձ համար ցանկացած ճգնաժամային իրավիճակ կյանքումս նոր հնարավորություններ տեսնելու և ստեղծելու գործընթաց է: Կարևորում եմ նաև ճշմարտության աչքերին ուղիղ նայելու իմ կարողությունը. չեմ զբաղվում ինքնախաբեությամբ, վերլուծում եմ իրավիճակը բոլոր կողմերից և շարժվում առաջ»,- ասում է նա՝ հավելելով , որ մյուս ուժեղ կողմն է համարում սովորելու չդադարող ցանկությունը: Ինչ վերաբերում է կազմակերպությանը՝ Քրիստինայի խոսքով, ՀԿ-ի ուժեղ կողմը մրցակցությունից վախեր չունենալն ու համագործակցային մոտեցում ցուցաբերելն է:
Քրիստինան կարևորում է կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու սկզբունքը կյանքում. «Կարծում եմ՝ սեփական օրինակը ամենաոգևորող ու քաջալերողը կարող է լինել այլ կանանց համար: Երբ տեսնում են, որ քո կյանքում կարող ես համատեղել և՛ ընտանիքը, և՛ կարիերան, և՛ երեխաների դաստիարակությունն ու լիքը այլ գործեր, վստահաբար, նրանց հնարավորություն է տրվում հաղթահարելու այն մտային սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ինչ-որ բան անել, ստեղծագործել: Կնոջ կյանքում չկա ստորադասում ինչ-որ գործողությունների առումով, կա ընդամենը ցանկություն համատեղելու դրանք»,- նշում է նա:
Քրիստինայի խոսքով՝ չընկրկելը միշտ իր հետ բերում է փոփոխություններ. «Երբե՛ք չպետք է ընկրկել, երբ ունես հստակ նպատակ ու գիտես՝ ուր ես գնում: Երբ կհավատաս ինքդ քեզ, քեզ կհավատա նաև շրջապատն ու ամբողջ աշխարհը: Դրսի բոլոր փոփոխությունները սկսվում են ներսից»,- եզրափակում է Քրիստինան:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի