Հանգստի մասին այնքան է խոսվել, որ մենք հասկանում ենք, որ հանգիստը քաղաքական է։ Հանգիստը ռեսուրս է, որը լրացնում ու լիցքավորում է մեզ, օգնում է մեզ գոյատևումից անցում կատարել ծաղկման և բարգավաճման, այն մեզ նաև օգնում է պատվել մեր շարժումները և ինքներս մեզ։ Բայց ինչու՞ է հանգստանալն այդպես դժվար։
Հանգիստը սեփական բարօրությունը (well-being) [լավ լինելը] կենտրոնում ունենալն է։ Այն ռադիկալ միտումնավոր գործողություն է, որն ապահովում է մեր ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, ինչպես նաև էմոցիոնալ բարօրությունը։
Որպես կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման շարժման կերտողներ՝ մենք ականատես ենք նրան, թե ինչպես են ուրիշներից փոխառված տրավմաները, ինքնազոհողության և արտաժամյա աշխատանքի մշակույթները, կազմակերպական և սեկտորալ անարդար պրակտիկաները, հրատապությունից կախվածությունը [հրատապամոլությունը] և կառուցվածքային բռնությունը խափանել հանգիստը որպես սոցիալական արդարության պրակտիկա ընդունելու մեր փորձերը։ Մենք նաև գիտակցում ենք, որ աղացի մշակույթը (grind culture) և «ամրագրված ու զբաղված» լինելու ձգտումներն ազդում են հանգստի մեր պրակտիկաների վրա՝ մատնանշելով այն ինտերսեկցիոնալ կամ փոխխաչվող դինամիկաները, որոնք ձևավորում են հանգստի մեր ուղիները։
Հանգիստը քաղաքականացնելով՝ մենք կարող ենք ընդունել, թե ինչ դեր ունեն իշխանությունը և արտոնությունները հանգստի հասանելիության տարբեր հնարավորությունների ձևավորման մեջ։ Օրինակ, նրանք, ովքեր ունեն արտոնություններ հիմնված դասակարգի, ռասայի, գենդերի, ազգության, կրթության կամ կարողությունների վրա, կարող են ունենալ հանգստի նկատմամբ բազմակողմանի հասանելիություն, և, ըստ այդմ, բախվել հանգիստը իրենց կյանքում ներառելու ավելի քիչ դիմադրության՝ ի տարբերություն ուրիշների։ Այդպես, հանգստի քաղաքականացումը մեզ տանում է դեպի կոլեկտիվ և կառուցվածքային խնամքի քննարկման դաշտ, որն անդրադառնում է նրան, թե ինչ կերպ ենք մենք ներդնում և ինստիտուցիոնալացնում հանգիստը (ինպես նաև խնամքի, բարեկեցության, բարօրության, լավ լինելու ավելի ընդլայնված ձևերը) մեր աշխատանքում, կազմակերպություններում, կոլեկտիվներում և համակարգերում, որոնք ձևավորում են մեր կյանքը։ Այդպես, ինչպես Վիլսոնը, Շիպերսը և Վագեներն են քննարկում, մենք չենք առաջարկում անհատական լուծումներ համակարգային մարտահրավերներին։
Մենք գիտակից ենք, որ դժվար է հանգստանալ կապիտալիզմի և մյուս տարբեր «իզմ»-երի առկայությամբ, որոնք ձևավորում են անարդարության և անհավասարության մեր փորձառությունները։ Այս պայմանները զարգացնում են այն նարատիվները, որոնք ինստրումենտալացնում են մարդկությունը՝ անընդհատ մեզ դրդելով դիտել մեր մարմինները որպես արտադրության գործիքներ՝ ապրելու և կյանքի փորձառությունը ձեռք բերելու անոթների փոխարեն։ Այդ իսկ պատճառով ՀԱՆԳԻՍՏԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է։ Ինչպես ցանկացած այլ դիմադրություն, հանգիստը նույնպես աճում է հոսքին հակառակ՝ նոր հնարավորություններ մշակելու համար։ Մենք ստեղծում ենք կազմակերպման և ապրելու նոր վարքային նմուշներ, որոնք թույլ են տալիս ճաշակել հանգիստը որպես արդարության ձև մեր շարժումներում և աշխարհում։
Գենդերային բռնության կանխարգելման ցանցը Ակտիվիզմի 16-օրյակի շրջանակներում նախորդ տարի [2021-ին] կազմակերպեց արշավ՝ «Հանգիստ․ մեր կոլետիվ դիմադրությունը» խորագրով։ Արշավի մասնակիցներով միասին մի քանի բան սովորեցինք․
- Հանգիստը հնարավոր է, միայն եթե մենք այն անում ենք միտումնավոր։ Մի շարք մասնակիցներ կարողացան հանգստանալ, որովհետև պլանավորեցին և ժամանակ տրամադրեցին մի քանի գործողությունների ամեն օր՝ օրագիր, զումբա, կարճ քուն և այլն։
- Դա իրականում աշխատու՛մ է։ Մի շարք մասնակիցներ զարմացած էին, որ միտումնավոր հանգստի փորձից հետո իրենց ավելի թեթև էին զգում և ավելի արդյունավետ էին։
- Հնարավոր չէ հանգստանալ կամ ինքներս մեր մասին հոգ տանել միայն մեր միջոցով՝ առանց կոլեկտիվ հոգատարության և տարբեր համայնքների աջակցության, օրինակ՝ աշխատանք, ընտանիք և այլն։
«Հիրավի, մեր շարժումները ծնվել են իշխանության ուժերի և ձևերի դեմ դիմադրությունից, որոնք իշխում, ստորադասում և ճնշում են։ Հենց այս տեսակ մարտահրավեր նետելու և փոխակերպելու իշխանությամբ ենք մենք մեզ զինում, երբ սնուցում ենք (nurture and nourish) մեր կազմակերպությունները և շարժումները կոլեկտիվ հոգատարության և բարօրության տարրերով», – Հոփ և Ռուդո Չիգուդու։
Հանգիստը հիմնարար է, և մեր շարժումների հիմքում հատկապես մենք պետք է կարողանանք վայր դնել մեր գործիքները և վայելել ինքներս մեզ։ Շարժումների պարագայում հանգիստը կարևոր է ոչ միայն անհատների համար, որպեսզի նրանք լինեն ավելի պրոդուկտիվ հանգստից հետո, այլ կարևոր է կոլեկտիվի տեսանկյունից։ Հանգստացած կոլեկտիվի կոնսոլիդացիան ավելի մեծ է, այն առողջ է, ստեղծարար և շարժվում է վստահության արագությամբ։
Մենք շատ ենք խոսում հանգստի մասին արդյունավետության տեսանկյունից, սակայն պետք է սկսենք մտածել դրա մասին սոցիալական արդարության, պատվի, ազատագրման, հարգանքի և մյուսների ու ինքներս մեր մասին հոգ տանելու տեսանկյունից։ Մեր շարժումների ընդհանրությունն է արդարության առաջխաղացումը, իսկ հանգիստը արդարության ձև է։ Հանգիստը մեր շարժումների հիմնական նպատակներից է, որը մեզ հնարավորություն կտա մշակել բարօրության, ամոքման, ամբողջականության, առատության և ավելի քիչ անելու տեսլականներ՝ որպես սոցիալական արդարության համար մեր կազմակերպման մաս։
Հանգիստը որպես մեր շարժումներում սոցիալական արդարության ձև դիտարկելով՝ մենք ավելի լավ ենք կարողանում տեսնել, թե ինչպես է մեր շարժման կերտումը կապված տրավմայի շուրջ կազմակերպմամբ։ Տրավմայի շուրջ կազմակերպումը, ինչպես սահմանում է Սենդի Բլումը, վերաբերում է այն իրավիճակներին, երբ «անհատը, ընտանիքը, կազմակերպությունը, համակարգը կամ մշակույթը դառնում են քրոնիկ և թունավոր սթրեսի ազդեցության նկատմամբ հիմնարար կերպով և անգիտակցաբար կազմակերպված, անգամ եթե դա նվազեցնում է նրանց՝ հարմարվելու կարողությունը»։ Մեզ համար տրավմայի շուրջ կազմակերպումը ցույց է տալիս, որ համակարգերը և շարժումները կարող են լինել խոցված, իսկ էլ ավելի կարևոր է, որ հանգիստը և ամոքումը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման և սոցիալական արդարության հասնելու մեր ջանքերում նոր ուղիներ են մատնանշում։
Հետևաբար, անկյունաքարային է այն հանգամանքը, որ մենք մտածում ենք հանգստի մասին ոչ միայն անհատի, այլ նաև կոլեկտիվի տեսանկյունից։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ահա մի քանի օգնող գաղափարներ․
- Միաձուլել ինքնա և կոլեկտիվ հոգատարության գործողությունները աշխատանքի բոլոր ասպեկտներում, օրինակ՝ հատկացնելով ժամանակ մեդիտացիայի, կարճ քնի և խաղերի համար։
- Մտածել հանգիստը մեր աշխատաձևերի մեջ ներառելու տարբեր ձևերի մասին։ Սա կարող է սկսվել, օրինակ, կարճ աշխատանքային շաբաթվանից, մեր ժամանակային սահմանները ավելի լավ կառավարելուց, մեր պլանավորման և աշխատանքային օրացույցներում ընդարձակություն ներդնելով։ Կարելի է հանգիստը ներառել մեր ռազմավարական և տարեկան պլանների առաջնահերթություններում՝ տրամադրելով ֆինանսական և ոչ ֆինանսական ռեսուրսներ դրա իրականացումն ապահովելու համար։ Սա կարող է ներառել ադվոկացիա այն ուղղությամբ, որ դոնորները սպասելիքներում ավելի ճկուն լինեն և ավելի շատ ֆինանսավորեն հենց հանգիստը։
- Ավելի գիտակից լինել շարժման ներսում աշխատանքի բաժանման առումով։ Կիսել իշխանությունը, պարտականությունները և որոշումների կայացումը։ Եթե դուք ղեկավար կամ առաջնորդական դիրքում եք, հաճախակի հարցրեք ձեր գործընկերներին և քննարկեք նրանց հետ աշխատանքի ծավալի մասին և թե պարտականություններից որոնք կարելի է կիսել կամ կրճատել։ Լծակներ գտեք ձեր կարգավիճակային իշխանության մեջ՝ հոգատարության և հանգստի մշակույթ ձևավորելու համար, ինչպես նշվում է Սեռական բռնության հետազոտական նախաձեռնության Փաստերի վերանայման հաշվետվության շրջանակներում։
- Արդար վարձատրություն բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են շարժումներում։ Հաճախ շարժումներում ներգրավված կանանցից ակնկալվում է անել ավելի շատ կամավորական աշխատանք և ակնկալել ավելի քիչ վարձատրություն։ Մինչդեռ այդ նույն աշխատանքն անելու համար տղամարդիկ հաճախ ավելի շատ են վարձատրվում՝ կրկնօրինակելով այն նույն հիերարխիաները և անարդարությունները, որոնք մենք փորձում ենք վերացնել։ Կարելի է մտածել բժշկական/առողջության ապահովագրության, կենսաթոշակային խնայողությունների, կոլեկտիվ խնամքի խնայողությունների և դաշտում ներգրավվածների համար վարձատրության փաթեթների տարբեր եղանակների հնարավորության մասին։
- Իրականացնել քաղաքականություններ և ունենալ այնպիսի կառուցվածքներ, որոնք հնարավոր են դարձնում հանգիստը բոլորի համար։ Օրինակ՝ արդար արձակուրդային քաղաքականություններ և կազմակերպությունը «փակել», երբ «գրասենյակը» փակվում է որոշ ժամանակով՝ հանգստի և դադարի պահերի համար։
- Մենք պետք է ավելի շատ ունենանք վստահության վրա հիմնված գործընկերություններ։ Եթե մենք աշխատում ենք մի քանի շարժումների հետ միասին, ապա կարող ենք ավելին անել՝ կրկնություններից և քամվածության զգացողությունից խուսափելու համար։ Մենք նաև գիտակցում ենք, որ արդյունավետ գործընկերության կառուցումը պահանջում է ժամանակ և նշանակալի ներդրում՝ վստահության և փոխադարձության ձեռքբերման համար։
Այստեղ էական է, որ մենք մեղավոր չզգանք չհանգստանալու դեպքում։ Կարող ենք սկսել այնտեղից, որտեղ այս պահին գտնվում ենք։ Կազմակերպությունների դեպքում ևս կարող ենք պատկերել արդար անցումը հանգստին և լավ լինելուն կամ բարօրությանը։ Հանգստանալը և ինքներս մեզ համար ժամանակ ունենալը, ինչպես նաև հանգիստը մեր շարժումների մեջ ներառելը կարող է բարդ լինել, սակայն ոչ անհնարին։ Հանգիստը մեր կազմակերպման «նոր» ճակատներից մեկն է․ արդյո՞ք կզավթենք ուրախությունը, առողջությունը և ազատությունը մեր կյանքի մասը դարձնելու երկարատև սպասված այս հնարավորությունը։
Թարգմանությունը՝ Սիրան Հովհաննիսյանի
Հեղինակներ՝ Լաքի Կոբուգաբե և Այրիս Նչումալո-Դե Շմիդտ
Օրիգինալ տեքստը այստեղ՝
https://cofemsocialchange.org/rest-social-justice-movements/