Հայելին․ 40֊ից հետո էլ կյանք կա

Երբեք չէի մտածել, որ կարող եմ թշնամանալ հայելու հետ․ թարսի պես հենց արթնանում եմ, առաջին բանը, որ աչքովս է ընկնում՝ հոգնած, դժգոհ դեմքով, գզգզված մազերով, աչքի տակերի պարկով մի արարած է։ Ու, եթե անգամ արդեն անգիր գիտես, թե պիտի ուրախանաս ամեն բացվող օրվա հետ, որ մոլորակի վրա հազարավոր մարդիկ այդպես էլ հավիտյան քնած են մնում, միևնույն է, դու դրանից չես մխիթարվում։

Ալարկոտ շարժումներդ քեզ փողոց են հասցնում, հետո աշխատավայր, ու համակարգիչդ քեզ մխիթարող մի քանի տող է հրամցնում այն մասին, որ, փաստորեն, 40-ից հետո էլ կյանք կա։ Բայց գուշակել ա պետք, որ հասկանաս՝ քառասունից հետոյի մեջ վաթսու՞նն էլ կա․․․Մտքերն էս անգամ որոշում են դառնում ու սկսում ես փնտրել կանանց, ովքեր քառասունն անց են, սկսում ես հարցուփորձ անել, գուցե Թումանյանի ասած՝ «ինձ տանջող ցավը նրանց է՞լ է պատել»։

Թեմա եմ մոգոնում՝ «Երբ ես ավելի երիտասարդ էի», հետո դրան նախագծի շորեր հագցնում ու սկսում հարցուփորձ անել, թե ինձ ծանոթ քառասուն և ավելի տարեկան կանանց կյանքում ինչ է փոխվել, խոսել դրա հետ կապված այն հարցերի շուրջ, որոնց գուցե մինչ այդ ուշադրություն չեն դարձրել։

Ոչ հետաքրքրասիրությունից, այլ մտածում եմ, որ զրույցը կարող է նաև նրանց օգտակար լինել։ Դժվարանում եմ առանց նեղսրտելու արձագանքել այն կանանց, ովքեր մտածում են, որ անհեթեթ զբաղմունք ու առավել ևս՝ թեմա եմ գտել։ Նրանց հանդիմանանքներից ընդունում եմ միայն այն, երբ ասում են՝ «ինչ մի դրա վախտն ա»։ Հարյուր տոկոս, բայց հնարավոր է, որ միմյանց հետ շփումը մեզ ավելի կօգնի, որ միասին դիմակայենք էս ամեն ինչին՝ պատերազմի այլևս իրական ուրվականին ու շարունակվող ողբերգություններին․․

Ու որքան էլ, որ զրուցակիցներս թեման ժամանակի հետ համահունչ չեն համարում, միևնույն է, համոզվում եմ, որ, այնուամենայնիվ, մարդիկ, կանայք զրույցի, շփման, հաղորդակցության կարիք ունեն։ Դա նկատելի է հատկապես մեր օրերում, երբ ապրում ենք վախի, տագնապի, անհանգստության զգացումներով։ Սովորական առօրյան, մարդկային ամենապարզ ցանկություններն արդեն քանի տարի դուրս են մնացել մեր կենսակերպից, բայց շարունակվում են պահպանվել մեր ներսում դրված դարակներում, որոնք հաճախ կողպված են սկեպտիկության գերադրական կապանքներով՝ բա ի՞նչ կասեն․․

Ի՞՜նչ, օրինակ էն մասին են խոսում, թե «կյանքներս անցավ առանց մեր մասին մտածելու, ամբողջ կյանքն անլիարժեք էր, չնայած և՛ լավ ընտանիք կա, և՛ աշխատանք։ Ու էնքան պարզ են չիրականացված երազանքները, ցանկությունները․ երազել է, որ Գորիսում, որտեղ ապրում է, գոնե մի տեղ լիներ, գնար, վալս պարեր։ «Էնքան եմ մտքիս մեջ պտույտներ տվել․․․․»։

Ու էդ թաքուն ցանկության համար անգամ հայելին մեղք չունի։ Մենք ենք մեղավոր, որ սոցիալական ցանցերի մեր բոլոր լուսանկարներում ընտանիքի անդամներն են, ընկերները, մի քիչ էլ մեր երիտասարդ տարիների լուսանկարներ։ Ո՞մից ենք քաշվում՝ հայելու՞ց, որ երբեք շնորհք չի ունենա խնայել մեզ։ Ինքներս մեզնից երևի։ Բայց հոգու հորքում ամենքս մեր պաշար հույսը, ուրախությունն ունենք, որը կապ չունի հայելու արտացոլանքի հետ․ դա էն դրական մոտիվացիան է, երբ լուսավորն ավելի է գրավում, ինչպես, օրինակ, եթե ընտրություն ունես ինչ որ մակագրության, ասույթի, խորհրդածության, ձեռքդ մեկնում ես լուսավորին։

Էս զգացողությունն ինձ մի քիչ բարի է դարձնում հայելուս նկատամաբ։ Էնքան բարի, որ համաձայնվում եմ զրուցակից շատ կանանց հետ, թե մարդկանց հետ շփվելու, մի գործ ձեռնարկելու, քո շառավղից դուրս գալու համար ապրած տարիների թիվն ամենապակաս կարևոր գործոնն է․ կարևորը անանձնականության զգացումն է, ու ավելի շատ էն հանգամանքը, որ ինքնավստահության անհրաժեշտությունը տարիք չի հարցնում․ Որովհետև, առանց էն էլ, մինչև միջին տարիք ու հետո, մի քանի էտապներով զոհողության, հարմարվողականության, հազար ու մի ցանկություն չեղարկելու, տառապանքով կամ սիրով թրծվելով, անգամ ինքնաճանաչվելով ու ինքնարտայհայտվելու ճիգերով, նաև որոշ հարցերի նկատմամբ այլևս անտարբերության դասը սերտելով սկսում ես ավելի հաշտ ապրել։

Հումորով ես վերաբերվում, որ էնքան չեն վստահում, որ վարկային միջոցներ չեն տրամադրում։ Լենքին չտալու համար հրաժարվում ես ամեն ճաշ եփելիս շերեփը լիզել։ Փոխարենը չդիպլոմավորված բուժքույր ես, որովհետև ոչ միայն քո «դավլենու», այլև կողքի պադեզդի Մարգուշի դեղատոմսերն անգիր գիտես, ու նրա փորձը հանգիստ կարաս փոխանցես Վարդուշին։

Բռիդ մեջ ձվածեղ էլ անես, մեկ ա, քեզ այլևս գնահատում են անցյալով, բայց դրա հետ կարող ես ապրածդ կյանքով մշակույթ թելադրել։

Արձակուրդից հետ ես կանչում հիշողություններդ, ու սկսում ես համեմատությունների, ափսոսանքի ու ինքնախարազանման պատիժդ կրել ու փակվում սկեպտիկի մենախցում։

Բայց չես մոռանում, թե ոնց էիր դասը վատ սովորած աշակերտի նման արդարացումներ մոգոնում նորից, թող որ մի քիչ ուշ տարիքում մայրանալուդ ցանկության համար։

Զգեստապահարանիդ կախիչների վրա ավելի հաճախ է փոշի նստում, որովհետև նույն սենյակիդ մի անկյունում հայելու մեջ քեզ նենգաբար հետևում է հոգնած, դժգոհ դեմքով, գզգզված մազերով, աչքի տակերի պարկով մի արարած։ Անկանոն քաշում ես զարդասեղանի մի դարակն ու, ․․․ ուրախանում, որ դիմափոշուդ տուփը դեռևս լիքն է․ եսի՞մ երբ ես դիամահարդարվել վերջին անգամ։

Հեղուշի տնի՞ց, թե մտքերիդ մեջ հին, մոլորված մի երգ է հնչում․ жизнь невозможно повернуть назад.

․․․Նույն էդ դարակից, հենց հայելու ներկայությամբ դուրս եմ քաշում բլոկնոտս, բացում էն էջը, որի վրա մի դյուժին անելիք եմ պլանավորել, մի բուռ դիմափոշի շաղ եմ տալիս դեմքիս ու դուրս թռչում տնից․ հազար ու մի գործ ունեմ։

Հեղինակ՝ Սուսաննա Շահնազարյան, «Աջակցություն 40+ կանանց գաղափարներին» ծրագրի մասնակից