Կվիննա թիլլ Կվիննա հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Հայաստանում կանանց հիմնադրամն այս տարի աջակցում է հետևյալ կազմակերպություններին ու կանանց նախաձեռնող խմբերին.
- Սևազգեստ կանայք – «Վերա-կանգնում»․ ֆեմինիստական և խաղաղաշինական հանդիպումների շարք – Ծրագրի առաջնային նպատակն է համախմբել երիտասարդ աղջիկների և կանանց ֆեմինիստական տեսանկյունից խաղաղաշինական և ինքնահոգատարության գաղափարների շուրջ՝ նպաստելով հակառազմական, հակակապիտալիստական և հակաիմպերիալիստական զգայուն գիտելիքների ձեռքբերմանը։ Հեռահար նպատակների շրջանակում նախատեսվում է, որ յուրաքանչյուր մասնակից կունենա որոշակի ռեսուրս և գիտելիք ինքնահոգատարության և վերը նշված ֆեմինիստական գաղափարների մասին, որը հետագայում կտարածվի հասարակության ավելի լայն շերտերում։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն խաղաղաշինության և ֆեմինիստական հարցերի շուրջ քննարկումներ մարզերի տարբեր երիտասարդական կենտրոներում։ Դասընթացներին զուգահեռ կանցկացվեն հոգեբանական խմբային հանդիպումներ՝ ուղղված ինքնահոգատարությանը։ Այս հանդիպումների ավարտից հետո կիրականացվեն հայալեզու ֆեմինիստական հոդվածների քննարկումների շարք ՖեմԳրադարանում, որին կմասնակցեն մարզային խմբի երիտասարդները և համայնքի թեմայով հետաքրքրված այլ երիտասարդ կանայք և աղջիկներ։ Ֆեմինիստական հոդվածների քննարկումից հետո երիտասարդներից ստեղծված այս խմբերի հետ կիրականացվեն ֆեմինիստական զիների պատրաստման երկու հանդիպում, որոնց ընթացքում կպատրաստվեն զիներ՝ ուղղված խաղաղաշինությանը, ֆեմինիզմին և ինքնահոգատարությանը։
- Գոհար Խաչատրյան և Անահիտ Ղազարյան – «Գրողություններ | Պատերազմ ա» գրքի տպագրություն – Անահիտը և Գոհարի Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում թղթին են հանձնել իրենց զգացմունքներն ու հույզերը, որը նախատեսվում է հրատարակել գրքի տեսքով: Այն նամակագրություն-օրագրություն է երկու կնոջ միջև, որոնցից մեկը գտնվում է պատերազմական գոտում՝ Ստեփանակերտ, Գորիս, մյուսը՝ երկրից դուրս։ Տեքստը միտված է գրական տարածություն բերելու պատերազմական իրավիճակում երկու կնոջ՝ միմյանցից տարբեր ապրումները, մտահոգությունները, փորձը, նրանց վախերն ու անհանգստությունները, երկխոսելու նրանց փորձերը և վավերագրելու պատերազմի միջով անցնողի, տվյալ դեպքում՝ կնոջ ձայնը։ Նպատակն է քննարկման դաշտ բերել մի պատում, որը կարող է զուգահեռվել մեկ հիմնական, պետական, պաշտոնական նարատիվին։ Հեղինակները ցանկություն ունեն նաև իրենց տեքստով պատմելու պատերազմի առօրեականության մասին, անորոշության մեջ լինելու, անորոշությունը որպես ապրելու տեղ դարձնելու ու այդտեղից խոսելու մասին։ Գրիք տպագրությունից հետո նախատեսվում են ընթերցում-քննարկումներ անցկանել Հրազդան, Գյումրի, Վանաձոր և Գորիս քաղաքներում՝ նպատակ ունենալով քաջալերելու կանանց խոսել պատերազմի ընթացքում ունեցած իրենց ապրումների մասին:
- Դեմոկրատիան այսօր ՀԿ – «Պրոֆեսիոնալ կանայք պատերազմի և խաղաղության առաջնագծում» – «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն նախատեսում է իրականացնել հետազոտություն տարբեր ոլորտի մասնագետ կանանց շրջանում, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծ գործունեություն են ծավալել՝ պաշտպանելով մարդկային կյանքերը, մարդու իրավունքները և խաղաղությունը: Այդ կանանց թվում կլինեն բժիշկներ, բուժքույրեր, մարդասիրական գործիչներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, իրավապաշտպաններ և այլոք: Նրանց հետ մանրակրկիտ անձնական հարցազրույցների միջոցով փորձ կարվի պարզելու այն խնդիրները, որոնց բախվել են կանանց այս խմբերը պատերազմի ժամանակ և պատերազմից վերադառնալուց հետո: Հետազոտության ուսումնասիրության արդյունքների հիման վրա կմշակվեն առաջարկություններ նրանց պաշտպանության համար: Ծրագիրը կնպաստի քաղաքականության և իրավական չափանիշների մշակման հարցում: Ծրագրի նպատակներից է նաև տեսանելի դարձնել պրոֆեսիոնալ կանանց, իրավապաշտպանների և առաջնագծի աշխատողների դերն ու ներդրումը:
- Արմինե Զաքարյան – «Խաղաղասիրության դրսևորման ձևերը և խաղաղության հեռանկարները տարածաշրջանում ԼՂ երկրորդ պատերազմից հետո՝ համաձայն հայաստանյան կին խաղաղասերների ու իրավապաշտպանների» – Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրության միջոցով վեր հանել Հայաստանում քաղաքականապես ակտիվ կանանց դիրքորոշումները խաղաղության դրսևորումների ու տեսլականների մասին և հնարավորինս տեսանելիություն ապահովել անկախ դիսկուրսների տարածման/հանրայնացման համար։ Երկարաժամկետ տեսանկյունից ծրագիրն ունի հավակնություն խթանելու հետևյալ խնդիրների լուծմանը՝
- Հնարավորություն ստեղծել խաղաղության մասին անկախ և ոչ այնքան ընդունված տեսակետների հանրայնացման համար,
- Ստեղծել հնարավորություն, որպեսզի կանանց մոտեցումները խաղաղության և խաղաղասիրության/խաղաղաշինության վերաբերյալ ազդեն խաղաղության մասին ձևավորվող նոր լեզվի, հնարավոր դիսկուրսների ու օրակարգերի ձևավորման վրա,
- Խթանել խաղաղության մասին տարբեր դիսկուրսների ձևավորմանը և տարածմանը հանրության ներսում,
- Ուշադրություն հրավիրել ու խթանել խաղաղության և խաղաղասիրության/խաղաղաշինության հետ առնչվող թեմաների շուրջ նոր բազմաշերտ ուսումնասիրությունների իրականացմանը, որոնք կներառեն հանրության հնարավորինս շատ շերտերի մոտեցումները և ընկալումները ոլորտի խնդիրների վերաբերյալ։