Հայաստանում կանանց հիմնադրամը շուրջ 3 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում: Այդ ընթացքում հիմնադրամը հասցրել է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, ներգրավել բազմաթիվ գործընկերների ու աջակիցների ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:
Բոլոր նրանց, ովքեր դեռևս ծանոթ չեն հիմնադրամի գործունեությանը, առաջարկում ենք ընթերցել մեր պատրաստած տեղեկատվական հոդվածը:
Հայաստանում կանանց հիմնադրամը տեղական ֆեմինիստական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի կանանց և աղջիկներին՝ կարողությունների զարգացման, ֆինանսական աջակցության ցուցաբերման և ֆեմինիստական շարժման զարգացմանը աջակցելու միջոցով:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում կանանց շարժման՝ անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ տրամադրելով կանանց կազմակերպություններին, կանանց նախաձեռնություններին, ֆեմինիստ ակտիվիստներին, հետազոտողներին և գիտնականներին` կանանց իրավունքների և ֆեմինիստական ծրագրերի առաջխաղացման համար իրենց գաղափարների նախագծման և իրականացման գործում:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Հիմնադրամի նպատակն է զարգացնել կայուն ֆեմինիստական ֆիլանթրոպիա` աջակցելու ֆեմինիստական դիսկուրսի, անվտանգ/ապահով տարածքների և հավաքական նախաձեռնությունների ամրապնդմանը` ուղղված այն հիմնական մարտահրավերներին, որոնց Հայաստանում այսօր բախվում են կանայք և աղջիկները:
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Հիմնադրամի ծրագրային ուղղությունները տարբեր են՝ դեռահաս աղջիկների հետ աշխատանք, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների թեմայով ծրագրեր, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման դրամաշնորհներ, երիտասարդ կանանց ստեղծարար գաղափարների աջակցություն, կանանց պատմությունների և փորձառությունների լուսաբանում, STEM (գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի և մաթեմատիկայի) ոլորտի կանանց և աղջիկների գաղափարների խրախուսում, կանանց հիմնախնդիրների հետազոտություն, ֆեմինիստական ուղղությամբ սովորող ուսանողներին կրթաթոշակի տրամադրում, կանանց տնտեսական կայունությանը նպաստող ծրագրերի ֆինանսավորում, ֆեմինիստական միջոցառումների կազմակերպման աջակցություն, կանանց մարգինալ խմբերի խնդիրների վերհանում և այլն:
ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Բացի դրամաշնորհներ տրամադրելուց՝ Հիմնադրամն իրականացնում է նաև այլ տեսակի գործունեություն՝ կրկին ուղղված ֆեմինիստական շարժման ուժեղացմանը և ֆեմինիստական ֆիլանթրոպիայի մշակույթի տարածմանը: Այդ թվում.
- Թեմատիկ ուղիղ եթերներ, որոնք կարող եք գտնել այստեղ,
- Կարողությունների զարգացման դասընթացներ,
- Կարիքի պարբերական գնահատումներ և դրանց հիման վրա ծրագրային ուղղությունների վերանայում,
- Տեղեկատվական հանդիպումներ,
- Ֆեմինիստական թեմաներով կոնտենտի ստեղծում և տարածում:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԹՎԵՐՈՎ
Հիմնադրման օրվանից ի վեր՝ Հայաստանում կանանց հիմնադրամը հետևյալ արդյունքներն է գրանցել.
ԻՆՉՊԵՍ ՀԵՏԵՎԵԼ ՄԵԶ ԵՎ ՏԵՂԵԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում կանանց հիմնադրամի գործունեությանը հետևել և տրամադրվող հնարավորությունների մասին տեղեկանալ կարող եք ինչպես հիմնադրամի կայքում, այնպես էլ սոցիալական մեդիայի էջերում՝ ֆեյսբուքում, ինստագրամում, թվիթերում և յութուբում: