Հայաստանում կանանց հիմնադրամը “Kvinna till Kvinna” հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։ Մրցույթի նպատակն է խթանել և աջակցել ֆեմինիստական թեմաներով ակադեմիական աշխատանք կատարող ուսանողուհիներին։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի և մագիստրատուրայի այն բոլոր ուսանողուհիները, որոնց ավարտական աշխատանքները առնչվում են ֆեմինիստական որևէ թեմայի (կանանց իրավունքների տարբեր ասպեկտներ, կանանց զորեղացում, ֆեմինիստական ֆիլանթրոպիա, կանանց կազմակերպություններ, ինքնություն, խտրականություն, ֆեմինիստական սոցիալական աշխատանք, սոցիոլոգիայում ֆեմինիստական ուղղության զարգացում, գենդերային քաղաքականություն և այլն)։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս/թ․ սեպտեմբերի 11-ը contact@womenfundarmenia.org էլ․փոստին ուղարկել հետևյալ հարցերի պատասխանները մեկ տեսահոլովակում (մինչև 5 րոպե տևողությամբ)․
- Պատմեք Ձեր մասին․ ո՞վ եք դուք, ինչո՞վ եք զբաղվում, որտե՞ղ եք սովորում և ինչու՞ հենց այդ մասնագիտությունը։ Արդյո՞ք Ձեզ համարում եք ֆեմինիստ կամ կրում եք ֆեինիստական արժեքներ։ Ձեր կարծիքով Ձեր մասնագիտությունը ունի՞ առնչություն ֆեմինիստական գաղափարների հետ։
- Արդյո՞ք ունեք հետազոտական նախասիրություններ։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք, ի՞նչ թեմաներ եք սիրում հատկապես ուսումնասիրել։
- Ո՞րն է ձեր ավարտական/մագիստրոսական աշխատանքի թեման, հավանական կառուցվածքը (բովանդակություն), հետազոտության նպատակը և խնդիրները, հիմնախնդրի նկարագրություն և այլն։ Ինչու՞ եք ընտրել հենց այդ թեման և ի՞նչ (իրատեսական) փոփոխությունների եք ուզում հասնել ձեր աշխատանքի ավարտին։
- Ինչու՞ եք ցանկանում դիմել այս կրթաթոշակին․ ո՞րն է ձեր մոտիվացիան։
- Որտեղի՞ց եք լսել կրթաթոշակի մասին։ Կրթաթոշակին զուգահեռ ի՞նչ ներդրում կարող եք ունենալ Հիմնադրամի գործունեության մեջ (կամավորական աշխատանքներ, վերապատրաստումներ, հոդվածների պատրաստում և այլն՝ ըստ ձեր հայեցողության)։
Տեսահոլովակի հետ խնդրում ենք ուղարկել նաև Ձեր կոնտակտային տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե։
Ովքե՞ր կարող են դիմել․ Այս կրթաթոշակին կարող են դիմել ՀՀ բոլոր համալսարանների բակալավրի 4-րդ (ավարտական) կուրսի ուսանողուհիները և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողուհիները։
Տեսահոլովակները պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի 11-ը (ներառյալ)՝ վերնագրի բաժնում նշելով «Ֆեմինիստական կրթաթոշակի մրցույթ»։ Տեխնիկական խնդիրներից խուսափելու համար տեսահոլովակները կարող եք ներբեռնել Ձեր Google Drive-ում կամ ֆայլերի փոխանակման մեկ այլ (Ձեզ հարմար) համակարգում և մեզ հետ կիսվել հղումով։
Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն մինչև սեպտեմբերի 18-ը։ Հաղթող առաջարկները կստանան 200,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)։