You are currently viewing «Կնոջը պետք է ցույց տալ, որ նա միայնակ չէ, որ իր կողքին կանգնած են իրեն օգնող և աջակցող այլ կանայք». Օլգա Բաղդասարյան

«Կնոջը պետք է ցույց տալ, որ նա միայնակ չէ, որ իր կողքին կանգնած են իրեն օգնող և աջակցող այլ կանայք». Օլգա Բաղդասարյան

71-ամյա Օլգա Բաղդասարյանն այն կանանցից է, ովքեր նվիրվածությամբ և համառությամբ պայքարում են անարդարությունների դեմ և գործադրում բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ կանանց, ինչպես նաև համայնքում դրական փոփոխություններ բերելու համար:

Երեխաների և ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանը. պայքար հավասար կրթության համար

Տիկին Օլգան 30 տարի աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի Վերին Դվինի դպրոցում: 1994թ., երբ երկրում դժվարին իրավիճակ էր՝ պայմանավորված ղարաբաղյան պատերազմով, նա ստանձնում է  նույն դպրոցի տնօրենի պաշտոնը: Խոսելով տնօրինության տարիների մասին՝ տիկին Օլգան ընդգծում է, որ դպրոցի տնօրենն առաջին հերթին երեխաների շահերի պաշտպանն է. «Դժվարին այդ շրջանում դառնալով տնօրեն՝ ես նախաձեռնեցի տարբեր կազմակերպությունների հետ  աշխատելու սկզբունքը, որովհետև այդ ժամանակաշրջանում կրթությունը, ինչպես նաև այլ ոլորտներ, պետության կողմից շատ քիչ ուշադրության էին արժանանում»,- ասում է Օլգա Բաղդասարյանը:

Օլգա Բաղդասարյանի զգայուն մոտեցումները՝ որպես դպրոցի տնօրեն, օգնեցին, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից ասորիները Վերին Դվին համայնքում նույնպես ստանան հավասար կրթություն. հնարավորություն ունենան սովորելու իրենց մայրենի լեզուն. «Մեր դպրոցը շատ առանձնահատուկ մոտեցում էր պահանջում, քանի որ այնտեղ սովորում էին շատ ասորի երեխաներ: Քանի որ այդ խառը ժամանակներում պետությունը չէր կարող զբաղվել նման հարցերով, ես որոշեցի՝ պիտի այնպիսի կազմակերպությունների հետ համագործակցեմ, որոնք կաջակցեն ասորիների համար հատուկ նախատեսված դասագրքեր ձեռք բերելու հարցում: Այդ ժամանակ մի այսպիսի նախաձեռնություն իրականացրի. ասորերենի մեր ուսուցչուհու հետ սեփական միջոցներով մեկնեցինք Իրան, մասնակցեցինք կոնֆերանսի: Այնտեղ կապ հաստատեցի տեղի ասորական ասոցիացիայի հետ, ներկայացրի ասորիների խնդիրները ՀՀ-ում, դասագրքերի բացակայության խնդիրը և այլն: Ինձ հարցրին՝ ինչո՞ւ եմ այդքան մտահոգված ասորիների ճակատագրով՝ լինելով հայ: Ասացի՝ իմ պարտականությունն է մտածել նոր սերնդի ասորիների մասին, որ իրենք ճանաչեն իրենց նախնիներին, պատմությունը, իմանան իրենց լեզուն, դա իրենց իրավունքն է: Ես անում եմ այն, ինչը մտնում է իմ պարտակությունների մեջ և այն, ինչ թելադրում է իմ սիրտը»,– պատմում է Օլգա Բաղդասարյանը:

Տիկին Օլգայի անցած ուղին թույլ է տալիս ասել, որ հնարավորություններ միշտ կան, պարզապես պետք է լավ փնտրել և  շատ ջանք ներդնել: Ինչպես ասում է նա՝ եթե ինչ-որ բան ի սրտե ուզում ես, ուրեմն միջոցներ անպայման կգտնվեն: Իրենց համայնքում միջոցառումներ կազմակերպելու համար նա կարողացել է մշտապես գտնել աջակցություն թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների կողմից: Տիկին Օլգան ժպիտով է հիշում, թե ինչպես էին մարդիկ արձագանքում գյուղում իր կողմից կազմակերպված տարբեր իրադարձություններին: Օրինակ, այն տարիներին, երբ գյուղերում դրսից մեքենաներ հազվադեպ էին անցնում-դառնում, իրենց գյուղ էին գալիս դեսպանական, ծառայողական ավտոմեքենաներ: Նման դեպքերում բոլորն արդեն գիտեին, որ տիկին Օլգայի «մատը խառն է». դեսպանատան աշխատակիցներն իրենց գյուղում մի տեղ կարող էին շտապել՝ տիկին Օլգայի կազմակերպած միջոցառմանը:

Գործունեության նոր շրջափուլեր. գյուղաբնակ կանանց պաշտպանությունը որպես կենսակերպ

Դպրոցից հետո Օլգա Բաղդասարյանը 10 տարի աշխատել է Արտաշատի զինվորական զորամասում, որից հետո, անցնելով թոշակի, 2017 թվականին հիմնել է «Սվետոզառ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակներից է իրականացնել կրթական ծրագրեր  կանանց, երեխաների և երիտասարդների համար:  ՀԿ-ի հիմնական թիրախային խմբերն են գյուղաբնակ կանայք և  երիտասարդությունը. «Այն ռեսուրսը, որն ունեի ու կուտակել էի ողջ կյանքիս ընթացքում, որոշեցի օգտագործել ի բարօրություն մարդկանց, քանի որ գյուղերում մարդիկ իրազեկվածության, օգնության ու ուղղորդման կարիք շատ ունեն»,– ասում է նա:

Տիկին Օլգայի ջանքերով ստեղծվել է նաև Դվինի կանանց համայնքային խուրհուրդը, որը զբաղվում է համայնքի կանանց հիմնահարցերով, հավաքագրում կանանց խնդիրները, համագործակցում Տեղական ինքնակառավարման մարմնի հետ:

«Գյուղի կանայք շատ են չարչարվում: Ուզում եմ նրանց կյանքը ինչ-որ ձևով թեթևացնել, օգնել նրանց: Ամենացավալին այն է, որ գյուղի կանայք իրազեկված չեն, շատ խնդիրներ այդտեղից են գալիս: Գուցե, շատ խնդիրներ չլինեին, որոշ դեպքերում, գուցե, անգամ ընտանեկան բռնությունն այնպիսի մեծ չափերի չհասներ, եթե կանանց մոտ իրազեկվածությունն իրենց իրավունքների մասին ավելի բարձր լիներ»,– ցավով նշում է բանախոսը:

Բացի այդ՝ Արտաշատ քաղաքում հիմնվել է կանանց աջակցության կենտրոն, որն օգնում է բռնության ենթարկված կանանց. «Մենք սերտ համագործակցում ենք կենտրոնի հետ. արդեն չորս դեպք Վերին Դվինից ուղարկել ենք: Բավականին աջակցություն է եղել, և այս առումով շարունակելու ենք իրենց հետ մեր համագործակցությունը»,- ընդգծում է նա:

Տիկին Օլգան ակտիվորեն մասնակցում է նաև մարզում տարվող քաղաքականությանը. նա  Արարատի մարզի գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի անդամ է:

Համագործակցությունը Հիմնադրամի հետ

Օլգա Բաղդասարյանի ղեկավարծ ՀԿ-ի առաջին համագործակցությունը եղել է Հայաստանում կանանց հիմնադրամի հետ: ՀԿՀ ֆինանսավորմամբ իրականացված առաջին ծրագիրը միտված է եղել Վերին Դվին համայնքի կանանց զորաղեցմանը: Ինչպես նշում է Օլգա Բաղդասարյանը, 4 ամիսների ընթացքում բավականին լավ արդյունքներ են գրանցվել. «Հիմնադրամի օգնությամբ մենք իրականացրինք մեր առաջին ծրագիրը: Երբ կազմակերպությունը նորաբաց է, շատ դոնորներ չեն ցանկանում աշխատել քեզ հետ: Այս առումով Հիմնադրամն առանձնահատուկ դերակատարում ունեցավ մեզ համար: Շատ կարևոր էր Հիմնադրամի անվերապահ վստահությունն ու աջակցությունը, ինչն օգնեց ծրագրի արյդունավետ իրականացմանը, ինչն էլ օգնեց հասարակական ոլորտում գործունեություն ծավալելն ավելի հեշտ դարձնելուն»,– ասում է ՀԿ նախագահը:

Մանրամասնելով ՀԿՀ-ի հետ առաջին համագործակցությունը՝ Օլգա Բաղդասարյանը նշում է. «Դիմեցի հայտարարությամբ ու մասնակցեցի  ՀԿՀ-ի կողմից կազմակերպած դասընթացներին և մրցույթով շահեցի դրամաշնորհ՝ «Կանանց հզորացում գյուղական համայնքներում» ծրագիրը Վերին Դվին համայնքում իրականացնելու համար: Վերին Դվին համայնքը առանձնանում է նրանով, որ համայնքի բնակիչների 80% -ը ասորիներ են, ասորի և հայ կանայք միասին կրում են այն բոլոր դժվարությունները, որոնք հատուկ են և բաժին են ընկել գյուղաբնակ կանանց: Այսօր շատ կանայք, հատկապես՝ մարզերում ու գյուղական համայնքներում, շարունակում են անտեղյակ մնալ իրենց իրավունքների մասին և կաշկանդված՝ իրենց գործողություններում:  Ժամանակի   պահանջն էր օգնել գյուղական կանանց` դառնալու ակտիվ քաղաքացի, բարձրացնել կանանց  դերը հասարակության մեջ՝ նպաստելով նրանց զարգացմանը քաղաքացիական կրթության միջոցով»,– ասում է նա:

«Սվետոզառ» ՀԿ-ն հիմնադրամի աջակցության իրականացրել է նաև COVID-19-ի արագ արձագանքման ծրագիր` աջակցելով 20 ընտանիքի գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու հարցում:

Աշխատանքում տիկին Օլգային ոգեշնչում են գրանցված հաջողությունները և այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում գյուղաբնակ կանանց կյանքում ծրագրերի միջոցով, օրինակ, երբ բազմազավակ կինը որոշում է մասնագիտություն ստանալ, կամ երբ ընտանիքում բռնության ենթարկված կինն իրազեկվում է իր իրավունքների մասին, և պարբերական բռնությունները դադարում են, և դրան զուգահեռ կինը անցնում է աշխատանքի, սոցիալականացվում է:

«Ամենակարևոր խնդիրը գյուղաբնակ կանանց մոտ հավատի և վստահության բացակայությունն է: Դա մենք կարողացել ենք ճեղքել: Այն կայծը, որն առաջացրել ենք Վերին Դվին համայնքում, ցանկանում ենք խարույկ դարձնել ամբողջ մարզի կանանց համար»,- մեղմ ժպիտով ասում է Տիկին Օլգան:

Դժվարությունները՝ որպես նոր հնարավորություններ. նոր մարտահրավերներ և նպատակներ

Օլգա Բաղդասարյանը «մեղավոր» ժպիտով նշում է, որ թեպետ COVID-19-ի բերած բացասական հետևանքներին, այն նաև շատ դրական փոփոխություններ է բերել մարդկանց առօրյայում, որոնցից նաև օգտվել է անձամբ ինքը. «Քովիդից հետո քանի որ շատ միջոցառումներ, դասընթացներ տեղափոխվեցին օնլայն հարթակ, սկսեցի ակտիվ մասնակցել դրանց՝ այդպիսով անընդհատ ստանալով նոր գիտելիքներ, ինչպես նաև՝ մնալով մշտական կապի մեջ տարբեր անհատների և կազմակերպությունների հետ: Այդ ժամանակահատվածում նաև մասնակցել եմ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին և այժմ ակումբի պատվավոր անդամ եմ»,– նշում է նա:

Տիկին Օլգայի կյանքի փիլիսոփայությունն է անդադար սովորելը, ծանոթ լինելը նորարարություններին. «Ես սիրում եմ նորարարություններ: Սիրում եմ նոր բաներ սովորել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, շփվել, փոխանակվել փորձով: Վերջերս էլ  ինձ համար շատ կարևոր նոր ձեռքբերում ունեցա՝ մասնակցեցի «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի ծրագրին և ստացա գենդերային հարցերով դասընթացավարի սերտիֆիկատ և շատ ոգևորված եմ այդ կապակցությամբ: Հուսով եմ՝ կկարողանամ գիտելիքներս ճիշտ ծառայեցնել հասարակությանը»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ շատ  կանայք հաճախ հասարակական ակտիվություն չեն ցուցաբերում՝ պատճառ բերելով ընտանեկան և կենցաղային հոգսերը, սակայն ցանկության դեպքում ամեն ինչի համար էլ, ըստ նրա, ժամանակ կգտնվի. «Ես ունեմ երեք երեխա և յոթ թոռնիկ: Իհարկե, դժվար է համատեղել հասարակական գործունեությունը, ընտանիքը, կենցաղային գործերը, մանավանդ եթե բնակվում ես գյուղում ու նաև զբաղվում ես գյուղատնտեսությամբ, բայց մի՛շտ պետք է գտնել ժամանակ ինքդ քեզ համար, մի՛շտ պետք է ժամանակ տրամադրել և զբաղվել այն գործերով որոնք սիրում ես, որոնք քեզ հետաքրքրում են»,- նշում է Օլգա Բաղդասարյանը:

Տիկին Օլգան դրական փոփոխությունների հիմքը տեսնում է իրազեկվածության բարձրացման մեջ. «Եթե դու կնոջը իրազեկում ես իր իրավունքների մասին, ցույց ես տալիս, որ իր խնդիրը կարող է լուծվել, հավատ ես ներշնչում, այդ դեպքում կինը ամբողջովին վերափոխվում է: Իրազեկման կարևոր նպատակներից է նաև ցույց տալը, որ կինը միայնակ չէ, որ իր կողքին կան այլ կանայք, ովքեր բոլոր հնարավոր ձևերով կօգնեն և իր կողքին կլինեն»,- եզրափակում է Օլգա Բաղդասարյանը:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի