You are currently viewing Կնատյացություն.պատճառներ, դրսևորումներ, հոգեբանություն

Կնատյացություն.պատճառներ, դրսևորումներ, հոգեբանություն

Կնատյացությունը սահմանվում է որպես «կանանց նկատմամբ արհամարհանքի կամ կանխակալ կարծիքի դրսևորում»: Այս երևույթը գնալով ավելի է տարածվում և հաճախ դրսևորվում կանացիությունը մարգինալացնելու, կանանց նվաստացնելու, օբյեկտիվացնելու, նրանց բռնության ենթարկելու և այլ գարշելի ձևերով: Կնատյացության պատճառների վերաբերյալ շատ կարծիքներ ու համոզմունքներ կան, այդ թեման բազմաթիվ ուսումնասիրությունների առանցքում է եղել:

Փորձենք հասկանալ, թե որտեղից է ծագում այս վտանգավոր մտածելակերպը:

Որտեղի՞ց է ծագում կնատյացությունը

Կնատյացության դրդապատճառների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Psychology Today-ի մի հոդվածում ասվում է, որ կնատյացների նպատակը կանանց վերահսկելն է, նրանց հնարավորությունները ճնշելը, նրանց «գլուխները լվալը» ու ներկայացնելը, թե որ պահվածքն է ընդունելի նրանց համար: Շատ կնատյացներ չեն վարանում սպառնալիքների ու բռնության դիմել՝ վերոնշյալ նպատակին հասնելու համար:

Վերջերս արված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ կանանց 87% -ը իրենց կյանքի ինչ-որ պահի ենթարկվել է սեռական ոտնձգության: Սա դաժան իրականություն է, բայց համարձակ կանայք, ովքեր բարձրաձայնում են խնդիրները, փոխում են հասարակությունը:

Կնատյացության շատ տարբեր աղբյուրներ կան: Հաճախ կնատյաց պահվածք սովորում են երիտասարդ տարիքում: Կանանց հանդեպ վերաբերմունքները հաճախ ձևավորվում են մեդիայում նրանց պատկերելու ձևից: Շատ հաճախ ժողովրդական մշակույթի մեջ կանայք պատկերվում են որպես տղամարդկանցից ավելի թույլ էակներ, որոնք պաշտպանության կարիք ունեն: Զվարճանքի համար նախատեսված մեդիայում կանայք նաև սեռականացվում են: Երիտասարդ տղաներն ու աղջիկները, ովքեր տեսնում են հեռուստատեսությամբ կամ վիդեո խաղերում պատկերված կանանց, ձևավորում են որոշակի կողմնակալ պատկերացում:

Անցյալում գենդերային նորմերը շատ ավելի տարածված էին, քան հիմա: Տղամարդու պարտականությունը հաց վաստակելն էր, իսկ կնոջ դերը տնային տնտեսությամբ զբաղվելն էր: Սա հնացած մտածելակերպ է, և շատերն արդեն առաջ են շարժվել նման սահմանափակ տեսլականից: Սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր գտնում են, որ տղամարդիկ կանանցից բարձ են, և հավատում են, որ ֆեմինիստական շարժումները վնաս են պատճառել հասարակությանը: Նման տեսակետները մարդկանց քառակուսու մեջ են դնում և սահմանափակում նրանց կարողությունները: Բարեբախտաբար, հասարակության մեջ շատերը հասկանում են, որ մարդիկ ընդունակ են մեծ գործերի՝ անկախ իրենց գենդերային ինքնության:

Կնատյացությունը կարող է լինել նաև հորից որդուն փոխանցված պահվածք: Մարդիկ կարող են կնատյացության հանգել նաև անցյալում կանանց հետ ունեցած իրենց վատ փորձառության պատճառով: Որն էլ որ լինի կնատյացության պատճառը կամ աղբյուրը, միևնույն է, այն անընդունելի է:

Առավել հաճախ կնատյացները թիրախավորում են այն կանանց, ովքեր չեն հետևում կնոջ համար ընդունելի վարքագծի կանոններին՝ անկեղծորեն հայտնում են իրենց կարծիքը, ձգտում են կարիերայի աճի, չեն ցանկանում երեխա ունենալ և այլն:

Կնատյաց անձնավորության նշաններ

Հաշվի առնելով, թե որքան աչքի ընկնող է նման պահվածքը, կարելի է կարծել, թե կնատյացին գտնելը հեշտ է: Այնուամենայնիվ, կնատյացությունը հայտնաբերելը միշտ չէ, որ դյուրին է: Սակայն կան մի շարք նշաններ:

Հատկանշական հմայք… սկզբում

Ի հեճուկս ընդունված համոզմունքի՝ կնատյացը հաճախ նախնական շփման ընթացքում հմայք է դրսևորում: Նա կարող է սիրախաղ անել կնոջ հետ, նրան հաճոյախոսություններ անել: Այնուամենայնիվ, ի վերջո ցույց կտա իր դեմքը: Սիրախաղը կվերածվի հեռավորություն պահպանելու ազդակի, հաճոյախոսությունները կդառնան վիրավորանք, և խարիզման կարհամարհվի: Ոչ բոլոր հմայիչ արական սեռի ներկայացուցիչներն են կնատյաց: Այնուամենայնիվ, շատ կնատյաց տղամարդիկ սկզբում խարիզմատիկ են:

Կանանց սիրելու/աջակցելու հայտարարություններ

Նարցիստական անձնավորությունների պես կնատյացները հաճախ փորձում են թաքցնել իրենց իրական էությունը, առնվազն սկզբում: Երբեմն դա դրսևորվում է հմայքի կամ խարիզմայի տեսքով, երբեմն՝ կանանց աջակցելու վերաբերյալ կոչերով: Կնատյացը կարող է իրեն ֆեմինիստի պես պահել, հաճախ քննարկել, թե որքան հզոր են կանայք, անգամ ավելի հեռոխն հասնել և ասել, թե կանայք տղմարդկանցից ավելի լավն են:

Նման դեպքերում այս մարդիկ թույլ են տալիս իրենց թերությունների գերագնահատման դասական սխալը: Ճիշտ է՝ շատ տղամարդիկ իսկապես սիրում ու հարգում են կանանց, սակայն չափից դուրս «կնամետ» հայտարարությունները նրանց հակառակ հավատալիքների նշան են:

Տրամադրության տատանումներ

Կնատյաց անձը սկզբում չի բացահայտում իր իրական գույները: Սկզբում կարող է հիացմունք դրսևորել կանանց հանդեպ, սակայն դա աստիճանաբար անհետանում է: Դրա առաջին նշաններից մեկը տրամադրության տատանումներն են: Կնատյացը կարող է մի պահ հոգատար ու զգայուն լինել, իսկ հաջորդ պահին՝ սառն ու անտարբեր: Տրամադրության տատանումների պատճառ կարող է հանդիսանալ, օրինակ, մտավոր հիվանդությունը: Այնուամենայնիվ, կանանց հանդեպ արագ ու կտրուկ պահվածքի ու զգացմունքների փոփոխությունը կնատյացության հուշող նշան կարող է լինել:

Ծայրահեղ տեսակետներ ու գենդերային սպասելիքներ

Շատ կնատյացներ համառ տեսակետներ ունեն գենդերի ու կանանց պահվածքի վերաբերյալ: Դրանցում կանայք ենթակա դերում են: Շատ կնատյացներ գտնում են, որ տղամարդիկ ագրեսիվ ու դոմինանտ պիտի լինեն, իսկ կանայք՝ թույլ, հնազանդ ու ենթարկվող: Կնատյացները բարկանում են, երբ կանայք չեն արդարացնում իրենց սպասելիքները կամ ընդունված գենդերային նորմերից դուրս են գործում: Կնատյաց անձնավորությունները կարող են նույնիսկ բռնության դիմել այն կանանց հանդեպ, ովքեր իրենց չեն պահում այնպես, ինչպես իրենք են ցանկանում:

Արհամարհանք ժամանակի ու կանանց արժեքի հանդեպ

Քանի որ կնատյացները կանանց տղամարդկանցից ցածր են համարում, հետևաբար նրանց կարծիքով կանանց ժամանակը նույնքան կարևոր, կրիտիկական կամ արժեքավոր չէ, որքան տղամարդկանց ժամանակը: Ուստի, կնատյացը կարող է հաճախակի անճշտապահություն ցուցաբերել կանանց հետ հանդիպումների կամ հավաքների ժամանակ: Իսկ տղամարդկանց հետ հանդիպումներին ճիշտ ժամանակին կհայտնվի:

Ավելին՝ եթե կանայք փորձեն քննադատել նրա անճշտապահությունը, կնատյացը կարհամարհի դա, ափսոսանք կձևացնի կամ էլ հարձակում կգործի: Նորմալ է, որ մարդիկ որոշակի պատճառներով ուշանան հանդիպումներից, սակայն եթե նման վարքագիծը կրկնվում է, երբ կանայք են ներգրավված, կարող է կնատյացության նշան լինել:

Ծայրահեղ մրցակցություն և տղամարդկանց նկատմամբ արտոնյալ վերաբերմունք

Կնատյացներն ի բնե էգոսիտ են: Կանանց հանդեպ իրենց արհամարհանքի պատճառով նրանք կարող են չափազանց մրցունակ լինել և տղամարդկանց ցույց տալ որոշակի հարգանք, որը չի գործի կանանց հանդեպ: Օրինակ, կնատյաց անձինք չեն սիրում, երբ կանայք ինչ-ինչ հարցերում հաղթում են իրենց, ավելի լավ են իրենց դրսևորում: Նրանց մոտ մոլուցք է ձևավորվում հաղթելու հենց կանանց և ոչ թե նույն մրցապայքարի մեջ գտնվող տղամարդկանց:

Շնորհիվ կանանց հանդեպ հարգանքի բացակայության՝ կնատյացները տարբերակված, խտրական վերաբերմունք ունեն կանանց հանդեպ: Ղեկավար պաշտոն ունեցող կնատյացը կարող է տղամարդկանց արտոնյալ վերաբերմունքի արժանացնել, պաշտոնը բարձրացնել, իսկ նույն գործն արած կնոջ աշխատանքը բացարձակապես արհամարհել:

Կնատյացությունն անընդունելի է

Կնատյացությունը մութ ու նենգ ուժ է: Բացահայտ կերպով կանանց ատող անձն իսկապես խանգարված անհատ է: Կնատյացության առաջացման կամ պատճառների վերաբերյալ շատ տեսակետներ կան, սակայն, ամեն դեպքում կնատյացի հետ բախվող կանայք տհաճ փորձառություն են ձեռք բերում: Կնատյացությունն իրական խնդիր է: Կանայք արժանի են հարգալից, արժանապատիվ և հավասար վերաբերմունքի: Թեև այդ երևույթին բախվելը շատ ծանր կարող է լինել, սակայն պետք է հիշել, որ դու մենակ չես, որ կան բազմաթիվ խիզախ մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել քեզ:

Նյութի աղբյուրը՝ betterhelp.com

Leave a Reply