You are currently viewing Կանանց չվճարվող և էմոցիոնալ աշխատանք

Կանանց չվճարվող և էմոցիոնալ աշխատանք

Չվճարվող աշխատանք – աշխատանք, որն ուղղակի վարձատրություն չի ստանում, ոչ շուկայական աշխատանքի տեսակ, որի հիմնական ձևերն են՝ տնային տնտեսության աշխատանքը, կամավոր ու բարեգործական աշխատանքը:

Էմոցիոնալ աշխատանք – զգացմունքները կառավարելու գործընթաց՝ աշխատանքի պահանջներին բավարարելու նպատակով, զգացմունքների զսպում:

Ամբողջ աշխարհում կանայք տարեկան չեն ստանում 10,9 տրիլիոն դոլար: Պատկերացրեք մի դույլ, որի մեջ լցված է աշխարհի 50 ամենամեծ ընկերությունների բյուջեն: Դրանում կտեղավորվեր նաև կանանց չվճարվող աշխատանքի 10,9 տրիլիոն դոլարը: Հասարակությունները հազվադեպ են ուշադրություն դարձնում չվճարվող աշխատանքին.սկսում են արժևորել դա միայն այն ժամանակ, երբ մատակարարման խափանումներ են առաջանում:

1975թ. հոկտեմբերի 24-ին իսլանդացի կանանց 90 տոկոսը հրաժարվեց մեկ օր շարունակ ճաշ եփել, տուն մաքրել կամ երեխաների մասին հոգ տանել: Դա ամբողջ ազգի մոտ դադարի վիճակի հանգեցրեց: Տղամարդիկ ջանում էին լրացնել բացը՝ երեխաներին իրենց հետ աշխատանքի տանելով և ռեստորանները լցնելով:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը սահմանում է չվճարվող աշխատանքը որպես ժամանակ, որը ծախսվում է տնային առօրյա գործերն անելու, տան համար անհրաժեշտ գնումներ կատարելու, երեխաների, մեծերի և տան այլ անդամների խնամքի և տնային տնտեսության հետ կապված այլ չվճարվող գործերի վրա, որոնք տնտեսագետների աչքից վրիպում են:

Այդ աշխատանքը ՀՆԱ-ի հաշվարկների մաս չի կազմում և հազվադեպ է մտնում տնտեսական աճի չափման այլ գործոնների մեջ: Միանգամայն դժվար է այդ աշխատանքը գնահատելը, որովհետև այստեղ չեն գործում սովորական շուկայական աշխատանքի առաջարկ-պահանջարկ կանոնները: Ավանդական պատկերացումներն առ այն, որ երեխաների, տարեցների և ընտանիքի հիվանդ անդամների հանդեպ խնամքը պիտի անվճար լինի, չի թողնում, որ երևա այդ հսկայական աշխատանքի իրական տնտեսական արժեքը: Սակայն, ինչպես Իսլանդիայի օրինակն է ցույց տալիս, կանայք վիթխարի ներդրում ունեն մեր տնտեսությունների մեջ, որոնք դադարի վիճակում կհայտնվեին, եթե կանայք չանեին այդ աշխատանքը:

Իսլանդիայի՝ կանանց վերոնշյալ գործադուլից մեկ տարի անց կառավարությունն ընդունեց հավասար աշխատավարձի երաշխավորման մասին օրենք: Այսօր այդ երկրում կանայք աշխատուժի մասնակցության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունեն ամբողջ աշխարհում:

Ըստ Օքսֆամ ընկերության կատարած հետազոտության՝ հարստությունն ու աղքատությունը գենդերային բնույթ ունեն: Մինչ միլիոնատերերը՝ հիմնականում տղամարդիկ, շարունակում են հարստություն կուտակել, ամբողջ աշխարհում կանայք ահռելի ժամանակ ու էներգիա են ծախսում երեխաների, տարեցների խնամքի, տան այլ գործերի վրա՝ չվճարվող աշխատանք, որը շատ կարևոր է տնտեսության համար: Աշխարհում կանայք միջինում իրենց օրվա 4,5 ժամը ծախսում են չվճարվող աշխատանքի վրա, մինչդեռ տղամարդիկ ծախսում են դրա կեսը:

Հարուստ երկրներում այդ տարբերությունն ավելի փոքր է, սակայն աշխարհի ոչ մի երկրում տղամարդիկ կանանց չափ չվճարվող աշխատանք չեն անում: Նորվեգիայում՝ երկիր, որը գենդերային հավասարության ուտոպիա է համարվում, կանայք տղամարդկանցից շուրջ 1 ժամ ավել են ծախսում չվճարվող աշխատանքի վրա, իսկ Հնդկաստանում կանայք ծախսում են շուրջ 6, իսկ տղամարդիկ՝ 1 ժամից էլ քիչ ժամանակ չվճարվող աշխատանքի վրա:

Կանայք հաճախ միաժամանակ երկու գործ են անում, օրինակ՝ ճաշ եփում և երեխաների մասին հոգ տանում: Ու թեև առաջինը կարող են հաշվել որպես 1 աշխատաժամ, երկրորդը՝ երեխաների խնամքը, հաճախ համարում են երկրորդական և չեն էլ հաշվի առնում: Եվ քանի որ կանայք սովորաբար ավելի քիչ են վարձատրվում, նրանք ավելի շատ են հակված թողնելու իրենց վճարովի աշխատանքը և կենտրոնանալու տան գործերի վրա: Նրանք այնքան շատ բան են անում տանը, որ շատ հաճախ չեն կարող ստանձնել ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք, որն ավելի շատ ժամանակ է պահանջում.այստեղից էլ առաջանում են աշխատավարձերի միջև գենդերային բացերը՝ կանանց դնելով տնտեսական բուրգերի ստորին հատվածներում:

Լուծումը չվճարվող աշխատանքը իսկական աշխատանք համարելն է և փոխելը այն կարծրատիպը, թե դա արժեքավոր չէ.կառավարություններն ու քաղաքականություն մշակողները պետք է խթաններ առաջարկեն տնային տնտեսություններին՝ հավասարակշռելու չվճարվող աշխատանքի բեռը: Դրանով կարժևորվի ոչ միայն կանանց կատարած աշխատանքը, այլև նրանց երջանկությունն ու առողջությունը:

Մենք՝ կանայք, հիշում ենք երեխաների ալերգիաները, կազմում ենք առևտրի ցուցակները, հիշում, թե որտեղ է հավելյալ բանալին: Մենք բազմաֆունկցիոնալ ենք: Մենք գիտենք, թե երբ է վերջանալու տվյալ ապրանքը, և պլանավորում ենք՝ երբ գնել: Մենք ավելի լավ ենք հիշում ծննդյան օրերը: Մենք սիրում ենք պատրաստել մեր սիրելիների համար և կազմել նրանց սիրած ուտելիքների ցանկը: Մենք նկատում ենք, երբ տան անդամը կամ ընկերն առողջական խնդիր ունի, և ստիպում ենք նրանց բժշկի գնալ:

Մենք լսում ենք մեր զուգընկերների բողոքները, ներում նրանց բացակայությունը, մոռացկոտությունը, միայն մեկ ուղությամբ մտածելը: Մենք ողջունում ենք նրանց հաջողությունները՝ ստացած մրցանակը, պաշտոնի բարձրացումը: Իսկ մի՞թե տնային չվճարվող աշխատանքի պես սա էլ էմոցիոնալ աշխատանք չէ, որը կրկին չի վճարվում:

Իսկ աշխատանքի վայրում էմոցիոնալ աշխատանքը դրսևորվում է սեփական էմոցիաները զսպելու, միջավայրի պայմաններին ու պահանջներին հարմարվելու տեսքով, ուրիշների ակնկալիքներին համապատասխանելու ձևով: Արդյոք պետք է հարմարվենք այդ ամենին և շարունակենք լռել, թե մեր ուսերից ցած գցենք էմոցիոնալ աշխատանքի հավելյալ բեռը…

Նյութի աղբյուրը՝ https://www.nytimes.com/, https://www.theguardian.com/

Leave a Reply