Տղամարդիկ պատերազմում են, կանայք՝ ապրում հետևանքների հետ:
Կանայք ապրում և արձագանքում են պատերազմի թողած հետևանքներին, սակայն դա չի նշանակում, թե նրանք պասիվ զոհեր են: Նրանք ողբում են հարազատների կորուստը, պայքարում ցավի դեմ, շատերը ստիպված են լինում նոր ինքնություն կառուցել իրենց համար: Պատերազմի ժամանակ կանայք հաճախ մոռացվում են: Պատմականորեն նրանց վերագրվում է կողմնակի աջակցությունը, սակայն կանայք շատ ավելի մեծ ասելիք ունեն: Նրանք մարտիկներ են, զոհեր ու հաց վաստակողներ:
Կասկած չկա, որ պատերազմը տարբեր ազդեցություն ունի կանանց ու տղամարդկանց վրա: Հակամարտությունների դեպքում՝ և՛ դրանց ընթացքում, և՛ դրանցից հետո, կանայք ու երեխաները անհամաչափորեն են տառապում: Նրանք սովորաբար ամենախոցելի խումբն են ու հակված են ծանրագույն հարվածներ կրելու:

Պատմության ողջ ընթացքում մենք տեսել են կանանց ու երեխաների հանդեպ բռնության սարսափելի օրինակներ՝ սկսած Հոլոքոստի ժամանակ սպանված 1.1մլն երեխաներից մինչև Ռուանդայի ցեղասպանության ժամանակ սպանված ու բռնաբարված բազմաթիվ կանայք ու երեխաներ:
Այդ վայրագությունները վերապրած կանայք հաճախ ստիպված են լինում իրենց կյանքի մնացած մասն ապրել բռնաբարության, պատերազմի ու մահվան սարսափեցնող ու կենդանի պատկերներով: Նրանց է բաժին ընկնում տեղահանության ժամանակ ընտանիքը միասնական պահելու, սնունդով, հագուստով ու տանիքով ապահովելու ծանր առաջադրանքը:
Հակամարտությունը սրում է գոյություն ունեցող անհավասարությունները: Ի՞նչ է տեղի ունենում, երբ ընտանիքի հաց վաստակողը պատերազմ է գնում և սպանվում: Փոխվում են սոցիալական դերերը: Սովորաբար տղամարդիկ են տիրապետում ռեսուրսների ու իշխանության, որոնք էլ զինված հակամարտությունների հիմնական աղբյուրն են: Երբ տղամարդիկ լքում են իրենց տները ՝ մարտի դաշտ մեկնելու, կանայք հաճախ դառնում են ընտանիքի հիմնական հաց վաստակողը, ստանձնում են լրացուցիչ դեր և պարտականություններ: Սա կնոջը բերում է բոլորովին նոր սոցիալական դիրքի, որը կարող է ձեռնտու թվալ, բայց ավելի հաճախ այն իր հետ բերում է անասելի դժվարություններ: Ընտանիքի հոգսը հոգալու գործում միայնակ մնալով՝ կանայք հեշտությամբ կարող են շահագործման ենթարկվել:

Պատերազմի ազդեցությունը կանանց վրա մեծապես կախված է նրանց գենդերային դերից, որը սահմանում է հասարակության մեջ նրանց տրվող հնարավորությունները: Կանայք դառնում են ավելի խոցելի պատերազմական վայրագությունների հանդեպ, երբ ընկալվում են որպես համայնքի հպարտության և պատվի խորհրդանշական կրողներ: Այն շրջաններում, որտեղ կանայք համարվում են համայնքների մշակութային և էթնիկ ինքնության կրողներ, ապագա սերունդներ տվողներ, նրանց պատվի վրա կատարված ցանկացած հարձակում դառնում է հարձակում ողջ համայնքի բարքերի և պատվի վրա: Նման պայմաններում կանանց բռնաբարությունները և խոշտանգումները համարվում են լուրջ բարոյական ազդեցություն թշնամական համայնքի վրա: Հաղթողները կամ օկուպացիոն ուժերը դիմում են կանանց սեռական շահագործման `պատերազմական ռազմավարության հիմքում ընկած նման պատկերացումների պատճառով:
Այնուամենայնիվ, կանանց նույն խորհրդանշական դերը կարող է լինել սպառնալիք կամ հարձակման առիթ նույնիսկ իրենց սեփական համայնքի կողմից՝ իրենց դերին չհամապատասխանելու կամ այլ պատճառով, օրինակ, գլխաշոր չկիրառելը կամ արգելված տարածքներում հայտնվելը իսլամական աշխարհի դեպքում: Ուստի զինված հակամարտությունը կանանց համար երկեզր սուր է: Հասարակական նորմերը նույնպես ստիպում են կանանց վայրագությունների ենթարկվել:
Զինված հակամարտությունները սովորաբար տարբեր փուլեր են ունենում, օրինակ ՝ նախապատերազմական փուլ, բուն հակամարտություն, կոնֆլիկտի լուծման փուլ կամ խաղաղ գործընթաց և վերակառուցման ու վերաինտեգրման հետպատերազմական փուլ: Այս փուլերից յուրաքանչյուրը կանանց համար տարբեր սարսափներ է պարունակում ՝ կախված այն տարբեր դերերից, որ կանայք զբաղեցնում են նման հակամարտություններում: Կանայք հանդես են գալիս որպես փոփոխության գործակալներ, երբ մասնակցում են զինված հակամարտությունների կանխարգելմանը, լուծմանը կամ կառավարմանը: Նրանց մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ առանց նրանց բնակչության կեսի տեսակետը, կարիքներն ու հետաքրքրությունները ներկայացված չեն լինի:

Շատ կարևոր է նաև հետպատերազմական փուլը, որի ժամանակ մի շարք գործոններ նպաստում են ընտանեկան բռնության աճին. զենքի առկայություն, բռնության ենթարկված ու ականատեսած տղամարդիկ, աշխատատեղերի, ապաստարանների և հիմնական ծառայությունների բացակայություն: Զինված հակամարտության իրավիճակում տղամարդիկ ընտելանում են բռնությանը ՝ բռնության ենթարկվելով կամ ուրիշների նկատմամբ բռնություն գործադրելով: Դրանով նրանք ավելի են հակվում դեպի բռնության գործադրում: Պատերազմի փորձը մարդու փոխում է ներսից, և նա չի վարանում բռնություն գործադրել իր համայնքում և ընտանիքում:
Դարեր շարունակ կանայք ուշագրավ կերպով դիմակայել են զինված հակամարտության բերած փոփոխություններին: Դա այն պատերազմն է, որը նրանք պետք է հաղթեն ամեն գնով:
Նյութի աղբյուրը՝ https://www.icrc.org/