You are currently viewing Կանայք կորոնավիրուսի առաջնագծում.հասարակական ոլորտի կին գործիչները և նրանց նոր առօրյան

Կանայք կորոնավիրուսի առաջնագծում.հասարակական ոլորտի կին գործիչները և նրանց նոր առօրյան

Աշխարհին պատուհասած կորոնավիրուսի վարակը փոխեց իրերի դրությունը, մարդկային հարաբերությունների ձևը: Զանգվածային արգելափակումներն ու տեղաշարժման սահմանափակումներն ավելի դժվարացրին բոլոր այն աշխատողների առօրյան, որոնք շարունակում են իրենց գործունեությունը համաճարակի պայմաններում: Այդ մարդկանց թվում են հասարակական ոլորտի կին գործիչները: Հայաստանում կանանց հիմնադրամը նախաձեռնել է պատմությունների շարք այն կանանց/աղջիկների մասին, ովքեր շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը ստեղծված համաճարակի պայմաններում՝ համատեղելով աշխատանքային և ընտանեկան առօրյան: Կարծում ենք՝ մերօրյա այս հերոսուհիների մասին պետք է իմանան բոլորը:

ՍԻՐԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ, ՀՈԳԵԲԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան-խոհրդատու Սիրանուշ Դավթյանը պատմում է, որ իրենց կազմակերպությունը շարունակում է աշխատանքներն առցանց, թեժ գիծը շարունակում է շուրջօրյա գործել, ինչին իր հերթին նպաստում է կանանց հզորացմանը և, իհարկե, բռնության կանխարգելմանը:

Ամբողջ աշխարհում մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ այս օրերին աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը #դեմեմբռնությանը իրազեկման արշավ է իրականացնում՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանը (մանրամասներն այստեղ): Հետևաբար, անչափ կարևոր է այս օրերին այդ ոլորտում գործող կազմակերպությունների ակտիվ գործունեությունը:

Սիրանուշը նշում է, որ իր աշխատանքային գրաֆիկը գրեթե չի փոխվել: «Ֆիքսել եմ. աշխատանքային ժամերը նույնիսկ ինչ-որ օրերի ավելի երկար են, քան նախկինում, քանի որ մտածում եմ, որ այս կամ այն հարցը կարելի է անել հիմա և չթողնել հաջորդ օրվան: Ես ապրում եմ ծնողներիս հետ և հիմնականում ընտանիքի հետ կապված հոգսերն ինձ վրա չեն, մայրիկիս վրա են, և նա էլ հոգում է բոլորիս կարքիները:»

Սիրանուշը գտնում է, որ համաճարակը բավականին ազդել է իր առօրյայի վրա: «Փոխվել է հարաբերությունների շրջանակը, նեղացել են շփումներս, ես էլ առցանց շփվելու սիրահար չեմ, հետևաբար հարաբերություններիս գրեթե մեծ մասը կրճատվել է: Հիմնականում տանն եմ, ինչը նախկինում չի եղել, քանի որ կամ աշխատավայրում եմ եղել, կամ գործուղումների կամ էլ այլ ակտիվություններով եմ տարված եղել»: Թեև կարգախոսներ չի սիրում, սակայն համաճարակային պայմաններում առաջնորդվում է «Կյանքում ամեն բան հնարավոր է, ոչ ոք ապահովագրված չէ, բայց նաև հնարավոր է այդ ամենից վերափոխված ու բավարարված դուրս գալ» խոսքերով:

ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Կանանց նկատմամբ բռնության դեպքերով զբաղվող ևս մի կազմակերպություն, որը շարունակում է իր գործունեությունը, Կանանց աջակցման կենտրոնն է: Կենտրոնի աշխատակից Հասմիկ Գևորգյանը նշում է, որ կազմակերպությունն աշխատում է իր նախկին ռեժիմով, դեռ ավելին՝ այս պահին շատ լարված, քանի որ կանայք սոցիալապես ծանր վիճակում են։ Կազմակերպության այս պահի աշխատանքներն ուղղված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտանության և սոցիալական իրավիճակի բարելավմանը («Ընտանեկան բռնության դեպքերի աճն արտակարգ դրության ժամանակ» թեմայով տեսաքննարկումը, որին մասնակցել է նաև Հասմիկ Գևորգյանը, կարող եք գտնել այստեղ):

Հասմիկը պատմում է, որ համաճարակի պայմաններում իր առօրյան շատ լարված և ծանրաբեռնված է դարձել.«Շատ լարված եմ։ Հաճախ վախեր եմ ունենում անորոշությունից»:

Աշխատանքն ու ընտանիքի հոգսը համատեղելու նպատակով Հասմիկը օրվա առաջին կեսին զբաղվում է երեխաների խնամքով կամ տան տարբեր խնդիրներով, եթե հրատապ դեպքեր չեն լինում, իսկ երկրորդ կեսին՝ աշխատանքային հարցերով:

Աշխատանքային լարված օրվանից հետո հանգստանալ հաջողվում է միայն գիշերը՝ երեխաների քնելուց հետո, երբ տանը լռություն է տիրում.«Գինի եմ խմում հիմնականում, կարդում եմ»:
Համաճարակի շրջանում Հասմիկի կարգախոսն է. «Ամեն բան անցողիկ է: Համբերություն…»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ. ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՆ ՀԿ ՆԱԽԱԳԱՀ

COVID-19-ով պայմանավորված կանանց և աղջիկների համար ընտանեկան բռնության ենթարկվելու և աշխատանքային իրավունքների չարաշահումների ենթարկման ռիսկերն ավելի են մեծանում, այդ իսկ պատճառով Կանանց իրավունքների տունը հեռախոսազանգի և օնլայն կայքերի միջոցով շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կանանց, այնպես էլ աշխատանքային իրավունքների շահագործման ենթարկված անձանց:

Կանանց իրավունքների տուն կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը նշում է, որ արտակարգ դրության հայտարարելու օրվանից սկսած կազմակերպություն են զանգահարել տարատեսակ հարցերով, օրինակ՝ աշխատանքային իրավունքների շահագործման ու աշխատավարձերի խնդրով, վարձով բնակարանից դուրս հանելու խնդրով, ընտանեկան բռնության հարցով (ապաստարանի ակնկալիքով), ինչպես նաև Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կայքէջում տեղադրված առցանց հայտերը լրացնելու խնդրանքով:

Կանանց իրավունքների տունը, համագործակցելով այլ կազմակերպությունների հետ, կարողացել է դրամական աջակցություն ցուցաբերել համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած և/կամ այս պահին չաշխատող կանանց, բնաիրային օգնություն տրամադրել համաճարակի հետևանքով օրավարձից զրկված անձանց, ինչպես նաև մասնակցել Շիրակի մարզպետարանի նախաձեռնած՝ Covid-19 համաճարակի հետևանքով առավել տուժած ընտանքիներին սոցիալապես օգնելու գործընթացին:

Կանանց իրավունքների տուն ՀԿ թիմ

Կարինեն նշում է, որ աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով՝ մինչև ուշ երեկո.«Ավելին՝ առաջվանից էլ ավելի շատ ենք կարողանում աջակցել մեր կանանց, քանի որ հեռավար՝ հեռախոսազանգերով ու օնլայն խորհրդատվություններից բացի, նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու համար շարունակում ենք դիմել միջազգային դոնորներին, որ կարողանանք մեր շահառուների համար ֆինանսական աջակցություն տրամադրել այնքան, մինչև կարողանանք մեր կանանց կարիքի վրա հիմնված, ստաբիլ աջակցություն տրամադրել սնունդի, կոմունալ վճարումների, տան վարձավճարի, ինտերնետ կապի, կանացի հիգիենայի պարագաների, դեղորայքի և այլնի համար»:

Տնից աշխատելու վատ կողմերից մեկը Կարինեի համար նստակյաց, առանց ֆիզիկական վարժությունների անդադար աշխատելն է, «քանի որ տանը հանգիստ ես, չես շտապում որևէ տեղ և քեզ նվիրում ես աշխատանքին»: «Երբեմն անգամ տանը լինելով հանդերձ չեմ հասցնում կանոնակարգված սնվել կամ սնունդի ժամերը կարգավորել, ինչպես նաև, իհարկե շփման մեջ է սահմանափակում մտցվել, որից չեմ բողոքում, այլ փորձում եմ ըմբռնումով մոտենալ, քանի որ պարզ հասկանում եմ, որ իմ սահմանափակումներով գուցե ինչ-որ մեկին զերծ եմ պահում վարակվելուց, իհարկե նաև փորձում եմ դա անել ընտանիքիս անդամների դեպքում՝ շարժվելով չվնասելու սկզբունքով»:

Կարինեն նշում է, որ համաճարակի պայմաններում լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով սթրեսի մեջ չի ընկել.«Միայն ուզում եմ ամեն ինչ հասցնել, փորձում եմ տեղավորվել էդ ամենի մեջ, երբ անում եմ գործս, ավելի հանգիստ եմ լինում, և լարվածությունն էլ է անցնում: Իսկ հոգնածությունս իսկապես չգիտեմ ինչպես հաղթահարել, ուղղակի անտեսում եմ, քանի որ գործ չանելու դեպքում էլ ավելի է մեծանում լարվածությունը»: Այս օրերին Կարինեի կարգախոսն է.«Չվնասել ոչ մեկին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին և թեկուզ անծանոթներին»:

ԱՇԽԵՆ ԲԱԲԱՅԱՆ. ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ, ՆԱԽԱԳԱՀ

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը պատմում է, որ իրենց կազմակերպությունը ևս ներկա դրությամբ պայմանավորված՝ աշխատում է տան պայմաններում: Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանական ծառայություններ հեռախոսի կամ սոցիալական հարթակների միջոցով:

Արտակարգ դրության պատճառով խախտվել է աշխատանքային ռեժիմը: Աշխատանքն ու ընտանիքի հոգսը համատեղելու հարցին Աշխենը պատասխանում է. «Շատ դժվար է համատեղելը, գրեթե անհնար է աշխատել տան պայմաններում, քանի որ մանկահասակ երեխա ունեմ։ Աշխատում եմ կեսգիշերից հետո, երբ բոլորը քնած են»:

Աշխենը նշում է, որ համաճարակը շատ է ազդել իր առօրյայի վրա.անելիքները շատացել են, իսկ հնարավորությունները դարձել են ավելի սահմանափակ: Աշխատանքային հոգնածությունն ու լարվածությունը կոնկրետ միջոցներ չունի: Իսկ որպես կարգախոս նշում է.«Սա էլ կանցնի… Չկա չարիք՝ առանց բարիք»:

ՄԱՆՈՒՇ ՄԱՐԱԼՉՅԱՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՎՈՒՇ ՀԿ ՆԱԽԱԳԱՀ

Երիտասարդ Տավուշ ՀԿ նախագահ Մանուշ Մարալչյանը պատմում է, որ իրենց կազմակերպությունը ևս աշխատում է հիմնականում տնից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև աշխատավայրից: «Այս ժամանակահատվածում ավելի են դժվարացել կանանց վիճակի բարելավմանն ուղղված գործընթացները, քանի որ հիմնականում կարիք կա տնայցերի, ուղղորդումների դեպի պետական և ոչ պետական հիմնարկներ, որոնք համաճարակի պատճառով ժամանակավոր դադարեցրել են աշխատանքները կամ ոչ պակաս կարևոր գործառույթները, ինչն ազդում է շահառուի սոցիալական իրավունքի պաշտպանության վրա»:

Մանուշը նշում է, որ արտակարգ դրության պայմաններում իր համար վերացել է «ռեժիմ» հասկացությունը, որովհետև «աշխատանքային և ընտանիքի գործերը խառնվել են իրար, աշխատանքային ժամերը 24 ժամ (համաճարակային այս օրերին ուղղակի իրավունք չունես շահառուին ասելու՝ գիտեք, արդեն ուշ է, չենք աշխատում…), տղայիս պարապմունքները և այլն, այս ամենը չի ստացվում համատեղել, ուղղակի զուգահեռ աշխատում ենք»:

Մանուշը գտնում է, որ համաճարակը բացասական է ազդել իր առօրյայի վրա. «Եթե հիմնականում ասում են ,որ սա հնարավորություն է ընտանիքում ավելի շատ մնալու, գիրք կարդալու և այլն, ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև եթե դու ունես աշխատանքային պարտականություններ և չես կարողանում դրանք պատշաճ ձևով իրականացնել, բոլոր տեսակի պայմանավորվածությունները և պլանները հետաձգվում են անորոշ ժամանակով, ապա այդ իրավիճակը բերում է ավելորդ ներքին լավածության, ինչն էլ իր բացասական հետևանքերն է թողում քո առօրյայի վրա»:

Աշխատանքից բխող սթրեսը, հոգնածությունն ու լարվածությունը հաղթահարելու միջոցների մասին էլ ասում է, թե դեռ չի գտել նման միջոցներ: Իսկ համաճարակի պայմաններում առաջնորդվում է «Համբերությամբ հաղթահարենք առկա դժվարությունները, չընկճվել երբեք…» կարգախոսով:

Շարունակելի…

Leave a Reply