Դժվար և պատասխանատու է գրել մի մարդու մասին, ով մեկ ու կես ժամ տևած հարցազրույցի ժամանակ գոնե երեք անգամ չի ասում «ես»: Գոհարն այդպիսինն է. նա խոսում է բոլորի մասին, աշխատում է օգնել բոլորին, անգամ իր մասին պատմություններում այն մարդիկ են, ում մասին նա հոգ է տանում ու բնավ կապ չունի՝ նրանց ճանաչում է, թե՝ ոչ:
***
Գոհար Խաչատրյանը Հայաստանում ֆեմինիստական ակտիվության մեծ փորձ ունի: Այս հարցում նրան շատ է օգնում տարբեր ոլորտներում հետաքրքրվածությունն ու անդադար սովորելու ձգտումը: Առաջին բարձրագույն կրթությունը ստացել է տնտեսագիտության ոլորտում, այնուհետև շարունակել քաղաքագիտության ոլորտում: Մասնագիտությունների ընտրության մասին Գոհարն ասում է. «Առաջին մասնագիտության մասով մի փոքր պատահական ստացվեց, շատ չեմ մտածել: Մագիստրատուրան նույնպես ուզում էի շարունակել տնտեսագիտության ոլորտում, բայց չընդունվեցի այնտեղ: Երկրորդ ընտրությունը քաղաքագիտութունն էր: Իրականում հիմա շատ ուրախ եմ, որ չշարունակեցի տնտեսագիտության ոլորտում, որովհետև հասկացա՝ դա իմը չէ: Իսկ քաղաքագիտությամբ, ճիշտ է, հետո չշարունակեցի, բայց դա ինձ օգնեց ավելի լավ հասկանալ աշխարհը: Դա գիտելիք է, որն ավելի ոչ մասնագիտական առումով է պետք գալիս նաև»:
Գոհարը սովորել է նաև Ժամանակակից արվեստների ինստիտուտում: Այդ տարիների մասին նա ասում է. «Այդ ժամանակ շատ տարօրինակ շրջան էր իմ կյանքում: Շատ ուժեղ տագնապներ ունեի, մոլորված էի, չգիտեի՝ ինչ անել իմ կյանքում ու մտածեցի՝ հետաքրքիր կլինի, գուցե դա ինձ օգնի դուրս գալ այդ վիճակից»:
Գոհար Խաչատրյանը նաև տարբեր բնագավառներում աշխատանքի մեծ փորձ ունի՝ հաշվապահ, գրադարանավար … : Երկար տարիներ է՝ աշխատում է «Դեպի Հայք» հիմնադրամում և այդ ընթացքում տեսել է, որ դրսից եկած կամավորների (հիմնականում կանանց և աղջիկների,- հեղ.) նկատմամբ Հայաստանում հաճախ են ոտնձգություններ տեղի ունենում: Իրազեկելու և կամավորներին պաշտպանելու համար նախաձեռնել է դասընթացներ ինքնապաշտպանության վերաբերյալ:
Ֆեմինիզմը՝ որպես կենսակերպ ու աշխատանք
Գոհարը չի հիշում կյանքի կոնկրետ դեպք կամ ժամանակաշրջան, որի ընթացքում կամ որից հետո սկսել է հետաքրքրվել ֆեմինիզմով: Նրա խոսքով՝ ֆեմինիզմը միշտ եղել է իր հետաքրքրությունների շրջանակներում. «Հիշում եմ՝ երբ սկսեցի կարդալ ֆեմինիստական գրականություն, հասկացա, որ շատերը կան, որ նույն փորձառությունն են ունեցել, ինչ ես: Այնպիսի զգացողություններ էի ունենում, որ ոչ միայն ես մենակ չեմ, այլ նաև այն, որ ես չեմ հնարել այն խնդիրները, որոնց բախվում են կանայք, որովհետև մեր հասարակությունում շատ հաճախ են ասում՝ «չկան նման խնդիրներ, դու հնարել ես դրանք կամ գունավորում ես, իրականում այդքան էլ վատ չի»: Ամենակարևորը եկա այն գիտակցմանը, որ դա միայն իմ խնդիրը կամ միայն Հայաստանում ապրողների խնդիրը չէ, դա գլոբալ է»,- ասում է նա:
Գոհարը հաճախ է իրեն տալիս հարցը, թե ինչու մարդիկ, ընդունելով ֆեմինիստական հիմնական կոնցեպտները, միևնույն է, խուսափում են իրենց համարել ֆեմինիստ. «Կարծում եմ՝ կարծրատիպերի ու սխալ հասկանալու արդյունք ա: Մեր խնդիրն էլ էն ա, որ շատերը սխալ են հասկանում: Եթե մենք կարողանանք ճիշտ բացատրել, թե ինչ է ֆեմինիստների ուզածը, գուցե այդ վախերն անցնեն: Կարծում եմ՝ նաև տղամարդկանց հետ պիտի շատ աշխատանք տարվի, կարևոր է, որ մենք նրանց ընդգրկենք այդ խոսակցություններում»,- նշում է Գոհարը:
Հասարակական գործընթացներում ներգրավվելը հաճախ բարդ է լինում, երբ ինտրովերտ ես և երբեմն ինքդ քեզ վնասելով կամ ստիպելով ես ինչ-որ աշխատանքներ անում: Այս մասով ինտրովերտ ֆեմինիստն իր «բաղադրատոմսն» ու մոտեցումն ունի. «Չէի ասի, որ համայնքային ինչ-որ գործողությունների մասնակցելն ինձ համար կոմֆորտ զոնայից դուրս գալ է, բայց որպես ինտրովերտ՝ ինձ շատ պետք է ունենալ իմ մենակ լինելու ժամանակը: Համայնքի հետ շփվելն ինձ ուժ է տալիս, մոտիվացնում ա, նաև հաճելի է: Բայց դրա հետ մեկտեղ մենակ մնալու ժամանակը պարտադիր է: Հա, մեկ էլ բաներ կան, որոնցից վախենում եմ, օրինակ՝ էս տիպի ինտերվյուները»,- ծիծաղելով ասում է Գոհարը և հավելում, որ հաճախ գործի կարևորությունը հաղթում է ներսի ինտրովերտին և սկսում է չնկատել ու զգալ բաներ, որոնք կարող են անհանգստության պատճառ դառնալ:
Ֆեմինիստական հանրային գործունեություն սկսելը Գոհարի մոտ ինքնըստինքյան է ստացվել. իր ընկերուհու՝ Անահիտ Ղազարյանի հետ համատեղ շատ աշխատանքներ են արել, այդ թվում՝ ֆեմինիստական ֆիլմի, հոդվածների թարգմանություն: Նրանց կարևոր աշխատանքներից մեկն էլ, թերևս, հայկական առաջին ֆեմինիստական փոդքասթի՝ «Ականջօղի» ստեղծումն էր. «Երբ տեսանք փոդքասթների մրցույթ, Անահիտն առաջարկեց դիմել, բայց երկար չէինք հասկանում՝ ինչի մասին, հետո ընկերներիցս մեկն ասաց՝ պիտի էնպիսի մի բան ընտրես, որը ոչ միայն քեզ անձամբ հետաքրքիր է, այլ շատ ասելիք ունես ու ամսիներով կարող ես մնալ թեմայի հետ ու չձանրձարնալ։ Ու միանգամից շատ պարզ դարձավ, թե ինչի մասին է լինելու այն»,- հիշում է նա:
Հայ հասարակությունում մարդկանց մանկուց սովորեցնում են աշխատանքում միշտ ձգտել ստանալ կատարյալ արդյունք, ու առավելապես այս պահանջները դրվում են կանանց ու աղջիկների վրա: Գոհարը մի առիթով ասել է, որ իր կյանքի փիլիսոփայությունն է «ինդեալականը լավի թշնամին է»: Այս կարգախոսին, թեպետ, նա փորձում է հետևել, սակայն հաճախ դա շատ դժվար է ստացվում. «Էս մասով ուղղակի մի բան կասեմ՝ եթե ես լինեի մենակ, ինձ հետ չլիներ Անահիտը, ես, գուցե մինչև հիմա «Ականջօղի» առաջին էպիզոդի վրա աշխատելիս լինեի»,- ծիծաղելով ասում է նա, այնուհետև ափսոսանքով նշում, թե իր շրջապատում ինչքան տաղանդավոր կանայք կան, որոնց հենց կատարելությանը հասնելու այդ ձգտումն է խանգարում ինչ-որ բան ստեղծել. «Ինձ համար էլ է դա շատ դժվար, բայց փորձում եմ դրա դեմ պայքարել»,- ասում է նա:
Ինքնապաշտպանությունը՝ որպես կյանքի առաջնահերթություն
Գոհար Խաչատրյանն ինքնապաշտպանությունը որպես գաղափարախոսություն ընկալել ու հասկացել է տարիների ընթացքում ձեռք բերված սեփական փորձի ու վերլուծությունների արդյունքում. «Ինքնապաշտպանությունն ինձ համար միայն կռվելը չի: Տարբեր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ ինքնապաշտպանության թրեյնինգներ անցած մարդիկ դառնում են ինքնավստահ բոլոր ոլորտներում: Իմ մոտ գիտես ինչ զգացողություն կա. կանանց էնքան են ասել՝ «դուք թույլ եք», որ մենք սկսել ենք դրան հավատալ, ու երբ դու անցնում ես էս կուրսը, զգում ես, թե ինչքան ուժեղ ես իրականում: Իսկապես, բոլոր կանայք շատ ուժեղ են, ուղղակի շատերը մոռացել են դրա մասին: Հայրիշխանությունը մեզ հաճախ մոռացնել է տալիս էս մասին: Երբ դուրս ես գալիս դրանից, գտնում ես էդ ուժը, շատ տարօրինակ ու հաճելի զգացողություն ես ունենում»,- ասում է նաև ձայնի ուժեղ ու հստակ առոգանությամբ:
Այս տարի մայիսին Գոհար Խաչատրյանն անցել է ինքնապաշտպանության կուրս Պրահայում (ESD Global, Teacher Training)։ Հայաստանում կանանց հիմնադրամի հետ Գոհարի համագործակցությունն էլ հենց այդ կուրսի շրջանակներում է սկսվել. «Հիմնադրամի մասին շատ էի լսել, բայց անձնապես ծանոթ չէի, հետո երբ որոշել էի մասնակցել ինքնապաշտպանության թրեյնինգին, ինձ հայտնեցին, որ չեն կարողանա կրթաթոշակ տրամադրել, քանի որ դիմորդները շատ են: Հիշում եմ՝ նամակ գրեցի Հիմնադրամին լրիվ անհույս: Նաև շատ-շատ այլ տեղեր գրեցի կրթաթոշակի համար, բայց միայն կանանց հիմնադրամն ասաց՝ այո, մենք կարող ենք կրթաթոշակի մեծ մասը տալ»,- ասում է Գոհարը:
Այժմ Հայաստանի տարբեր շրջաններում Գոհարը վարում է ինքնապաշտպանության դասընթացներ՝ բացահայտելով և ցույց տալով մասնակիցներին իրենց ուժն ու կարողությունները. «Երբ թրեյնինգների ժամանակ մարդիկ բացվում են, ինչ-որ բաներ են սկսում պատմել, էդ ինձ համար ցուցանիշ է, որ ինչ-որ բան ճիշտ եմ անում: Ինձ համար շատ կարևոր ու պատասխանատու է, երբ մարդիկ վստահում են քեզ: Չնայած որ բռնության թեման է շոշափվում ու մասնակիցներից շատերը վատ փորձառություն են ունեցել, միաժամանակ այդ ամենը փորձում եմ անցկացնել թեթև, ու թերևս ամենակարևորը ի ցույց հանել կանանց համար իրենց ուժը»,- ասում է նա:
Գոհարը նպատակ ունի ինքնապաշտպանության դասընթացներն իրականացնել նաև Հայաստանի գյուղական համայնքներում. «Հատկապես ուզում եմ գյուղաբնակ դեռահաս աղջիկների շրջանում անել, որովհետև նրանք ավելի քիչ են նման հնարավորություններ ունենում»,- ընդգծում է նա:
Կնոջ և պատերազմի «փոխհարաբերության» մասին
2020-ի պատերազմի օրերին Անահիտը, լինելով Լոնդոնում, Գոհարի խոսքով՝ ամեն կերպ խրախուսել է իրեն վավերագրել պատերազմն իր աչքերով, գրել իր զգացածի, հույզերի, ապրումների մասին: Գոհարը պատերազմի օրերին եղել է Գորիսում, այնուհետև՝ Ստեփանակերտում, ընգրկված է եղել մեդիակենտրոնի թիմի աշխատանքներում: Վավերագրումները Գոհարն արել է հետահայաց: Այս տարի նոյեմբերի 25-ին Գոհարի և Անահիտի ապրումները լույս տեսան «Գրողություններ | պատերազմ ա» խորագիրը կրող գրքի տեսքով, որը հրատարակվել է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ:
«Գիրքն իր մեջ ամոքման բաղադրիչ ա կրում. դա մի ընթացք ա, որ դու ապրում ես, զգում ու կարողանում ես ցավերը նախադասությունների տեսքով դուրս հանել քո մեջից՝ ինքդ քեզ այդպես բուժելով»,- ասում է Գոհարը: Իսկ ես, իր խոսքերը տեքստի վերածելով, հիշում եմ գրքում գրված իր տողերը՝ «պատերազմից հետո ավելի դժվար ա, քան պատերազմի ընթացքում»:
Տղամարդու դեմք ունեցող պատերազմները սովորաբար ստվերում են թողնում կանանց, նրանց ապրումները, նրանց կրած կորուստները: Այս տեսանկյունից Գոհարի և Անահիտի գիրքը նույնպես շատ ասելիք ունի. «Ինքը շատ տարբեր ա տղամարդկանց կողմից գրված պատմություններից: Ես մտածում էի, թե առանձնապես ասելիք չունեմ, իմ խոսքերը պատերազմի մասին գուցե շատերի համար կարևոր չեն, բայց դա մի բան է, որը ես ապրել ու զգացել եմ, ու միայն այն, որ դա կնոջ փորձառություն է պատերազմի ժամանակ, արդեն կարևոր է»,- ասում է Գոհարը:
Համագործակցությունը հիմնադրամի հետ
Գոհարը շատ է կարևորում Հայաստանում ֆեմինիստական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեությունը: «Շատ կարևոր է Հիմնադրամի նման կառույցների առկայությունը: Օրինակ, եթե առաջ ցանկություններ, նպատակներ ունեի ինչ-որ կարևոր բան անելու, չունեի «ինչպե՞ս» հարցի պատասխանը: Հիմա կա Հիմնադրամը, ու ես գիտեմ, որ կարող եմ հիմնադրամի աջակցությամբ իմ ծրագրերը կյանքի կոչել: Սա մի ռեսուրս ա, որ գիտեմ` կա, ու եթե կարիք լինի, կարող եմ դրանից օգտվել: Դա ինձ շատ մեծ վստահություն է տալիս. ոնց որ ոտքերիդ տակ ամուր հող լինի»,- ասում է նա:
Գոհարի փոխհարաբերությունն աշխարհի հետ
Իր ամենաուժեղ կողմը Գոհարը համարում է ապրումակցումը. «Ինձ թվում է՝ սա շատ թերագնահատված է ու միևնույն ժամանակ՝ շատ հզոր: Ապրումակցումն օգնում է ինձ կապ զգալ դիմացինի հետ` դրանով իսկ տալով ինձ լիարժեք ու իմաստալից կյանք ապրելու հնարավորություն։»,- ասում է նա՝ ժպտալով ու հայացքը դեպի վերև պարզելով` կարծես մարդկանց օգնելու նոր քայլեր մշակելիս լիներ:
Ճգնաժամային իրավիճակներում Գոհարի համար ամենաօգնող միջոցը հոգեկից ընկերների հետ շփումն է. «Երևի ամենակարևորն այնպիսի ընկերներ ունենալն է, որոնք միշտ քո հետ են, միշտ քեզ կլսեն ու կօգնեն: Ես հաճախ ընկերներիս միջոցով եմ հաղթահարում դժվարությունները»,- նշում է նա:
Անդրադառնալով փոփոխությունների իր տեսլականին՝ Գոհարն ասում է. «Կարծում եմ` փոփոխությունը ենթադրում է շատ աշխատանք ու ժամանակ: Ինչքան մտածում եմ՝ ամեն ինչ ի վերջո հանգում է կրթությանը: Կրթության միջոցով է հնարավոր դառնում ինչ-որ բան փոխել: Այս մասով նաև շատ կարևոր է դրական օրինակներ ունենալ. մարդիկ որոնց դու կարող ես նայել ու ոգեշնչվել»,- նշում է նա՝ հավելելով, որ այդ փոփոխություններում կյանքի այս փուլում նա իրեն տեսնում է մարդկանց ինքնապաշտպանության հմտություններ սովորեցնելու մեջ. «Այս պահին իմ դերն էդտեղ եմ տեսնում, շատ հեռվից եմ եկել դրան, տպավորություն է, որ դա անելու ցանկությունը երկար եղել է, գնալով մեծացել ու հասունացել և հիմա իր արդյունքներն է տալիս»,- եզրափակում է Գոհարը:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի