You are currently viewing Ինքնախնամք. ինչու՞ է այն կարևոր, ինչպե՞ս իրագործել

Ինքնախնամք. ինչու՞ է այն կարևոր, ինչպե՞ս իրագործել

Ամբողջական լինելը և առաջին հերթին սեփական էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքները հոգալը միակ միջոցն է՝ կառուցելու մեր երազած աշխարհը:

Կրկնեք հետևյալ արտահայտությունը.«Ավելի լավ աշխարհը սկսվում է իմ լավագույն տարբերակից/եսից»:

Մի փոքր եսակենտրոն է հնչում, չէ՞: Բայց մի պահ մտածեք այդ զգացողության մասին: Թույլ տվեք, որ այն հարմարավետ տեղավորվի ձեր մեջ: Որովհետև այժմ ձեզ տալու ենք հուշումներ, թե ինչպես սեփական առողջությունն ու բարեկեցությունը կարող են հանգեցնել ավելի լավ աշխարհի:

Ին-քնա-խը-նամք: Բարձրաձայն արտաբերեք այս բառը:

Ի՞նչ է ինքնախնամքը (self-care)

Ինքնախնամք նշանակում է ինքդ քեզ հարցնել, թե ինչի կարիք ունես, և անկեղծ պատասխան ստանալով՝ հետևել դրան: Ինքնախնամքը կարող է լինել պարզագույն գործողություն, ինչպես օրինակ, աշխատանքային օրերին վաղ անկողին մտնելը, կամ ավելի բարդ գործողություն, ինչպես օրինակ, դիտարկել քեզ համար քո իսկ ստեղծած սովորույթները և վերլուծել դրանց երկարատև ազդեցությունը:

Ինքնախնամքը շատ կարևոր է, դրա կարիքը բոլորս ունենք: Եթե դուք սոցիալապես գիտակից անձնավորություն եք կամ պարզապես իրազեկ քաղաքացի և անցել եք սթրեսի, տրավմայի և հոգեկան ու ֆիզիկական գերհոգնածության միջով, ժամանակն է համախմբելու ձեր շրջապատին և հայտարարելու ինքնախնամքի տարի, որպեսզի կարողանաք շարունակել արդյունավետ աշխատել և մասնակցել ժողովրդավարության կառուցմանը:

Ինքնախնամքը սիրո ռադիկալ գործողություն է

Մեր երազած աշխարհը մենք ստեղծում ենք սիրո սերմեր ցանելով: Իսկ դա կարող ենք անել, եթե այդ սերմերին ավելացնենք նաև սեփական անձի հանդեպ սերը: Ինքնախնամքը սիրո ռադիկալ գործողություն է, որը մեծացնում է աշխարհի վրա ազդեցության ձեր ընդունակությունը: Սակայն ինքնախնամքը տարբեր մարդկանց համար տարբեր բան է նշանակում: Դա նրա ամենակարևոր հատկանիշներից է:

Ինքնախնամքը բարելավում է մեր էմոցիոնալ ու ֆիզիկական առողջությունը, օգնում ճկունության հասնել, ճանապարհ հարթում քեզ շրջապատող աշխարհում բարի, կարեկից ներգրավվածության համար: Այն ոչ միշտ է զվարճալի, երբեմն կարող է ձանձրալի ու շատ ծանր լինել: Ինքնախնամքին առաջնահերթություն տալով`դուք որոշում եք կայացնում սնուցել ձեր էության հիմքը, արթնացնել ձեր հումանիստական զգացումները, համայնքի և ձեր առջև պատասխանատվությունը և ըմբռնումով մոտենալ քաղաքական պառակտումներին՝ ապագան ավելի լավը դարձնելու նպատակով: Պատրա՞ստ եք:

Ինքնախնամքի 5 կանոն քաղաքականությամբ «լցված» ժամանակների համար

1)Ձեր «եսը» ձեզանից ավելի մեծ է

Ինքնախնամքը կարող է մեղքի զգացում առաջացնել, քանի որ այն հակասում է այն ամենին, ինչը մեզ սովորեցրել են լավ մարդ լինելու մասին: Ինքնախնամք նշանակում է ինքներս մեզ առաջին տեղում դնել, իսկ մեզ սովորեցրել են, որ դա սխալ է ու եսասիրական: Իսկական փոփոխություն անողները տառապում են ու փորձությունների միջոցվ անցնում, չէ՞: Գանդի, Նելսոն Մանդելա, Մարտին Լութեր Քինգ կրտսեր, Մալալա՝ այս անհատների անունը կապված է ինքնազոհաբերության ու տառապանքի հետ: Մարտին Լութեր Քինգ կրտսերը ինքնախնամքի ժամանակ չունե՛ր:

Ինքնախնամքի «ինքնա» բաղադրիչը բացասական կոննոտացիա ունի այս կոնտեքստում, որովհետև այն ենթադրում է, որ խոսքը միայն քո մասին է: Սակայն հարկավոր է ընդլայնել «ինքնա» բառի վերաբերյալ մեր տեսակետը և դրանում ընդգրկել ամբողջ բնական աշխարհը՝ մեր ընտանիքները, մեր համայնքները: Երբ մենք ինքնախնամք ենք անում, դրանով մենք արժևորում ենք մյուսների հետ շփումը.մենք պաշտպանում ենք մեզ շրջապատող աշխարհը: Պատկերացրեք, թե ինչ հզոր փոփոխություն տեղի կունենար, եթե բոլորն այդպես մտածեին ու գործեին:

Ինքնախնամքն արժանիք չէ: Այն միջոց է, որը քո աշխատանքը համահունչ է դարձնում այս աշխարհում քո ունեցած նպատակներին:

2)Ինքնախնամքը ներառական է

Ինքնախնամքի հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ այն դիտարկում են հիմնականում որպես սպիտակամորթ և հարուստ կանանց համար նախատեսված առավելություն: Այն կապում են իրեր գնելու և շռայլ ու թեթևամիտ ծառայություններ ստանալու հետ: Դա է պատճառը նաև, որ ինքնախնամքը դիտվում է որպես «հազվադեպ» պրակտիկա:

Բայց եկեք պարզաբանենք.ինքնախնամքը բոլորի համար է՝ տղամարդկանց, փոքրամասնությունների, սևամորթների ու այն անձանց համար, ովքեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Ինքնախնամքը հավաքական նպատակ է, ոչ թե վաճառքի ապրանք: Հավաքական հաջողության հասնելու համար ինքնախնամք կոչվող էական պարադիգմի/հարացույցի տեղաշարժ պիտի լինի: Բոլորի համար ազատության ու արդարաության կհասնենք միայն այն դեպքում, երբ այն կազմակերպությունները, որոնց մենք աջակցում ենք, մեր ժամանակն ու գումարը տրամադրում, որոնք ղեկավարում ենք, սկսեն ինքնախնամքը տեսնել որպես հիմնասյուն, ոչ թե որպես ճոխություն: Կյանքի, ազատության ու երջանկության մեր անօտարելի իրավունքներին կհասնենք միայն այն ժամանակ, երբ ամեն մեկս իր վրա վերցնի սեփական պատասխանատվությունը:

3)Ինքնախնամքը ինքն իրենով տարվելը չէ

Ո՞րն է ինքն իրենով տարվելու և ինքնախնամքի միջև տարբերությունը: Ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյոք ձեր արած քայլը/գործողությունը խնդրի արագ լուծում է, թե մի բան, որն իրապես ծառայում է ձեզ: Այդ արագ լուծումը երկարաժամկետ օգուտներ ունի՞, թե՞ պոտենցիալ վնաս է: Իսկ հետո, երբ հասկանաք, թե ինչն է իրապես ծառայում ձեզ, հաղթահարեք դա անելիս ունեցած մեղքի զգացումը: Ճշմարտությունն այն է, որ ձեզ իրապես ծառայող բան անելը եսասիրական քայլ չէ, հակառակը, դրանով դուք դառնում եք ավելի ակտիվ ու եռանդուն անձնավորություն:

4)Ինքնախնամքն աշխատատար է

Ինքնախնամքը կարող է իսկապես դժվար լինել, քանի որ այն երկարաժամկետ գործողություն է: Հեգնական է այն, որ այդպիսին է նաև քաղաքական ու սոցիալական արդարության հասնելու մեր պայքար: Բոլորս էլ գիտենք, որ բնապատկերները հազվադեպ (կամ ընդհանրապես չեն) են փոխվում մի գիշերվա ընթացքում, բայց չենք գիտակցում, որ նույնը վերաբերում է նաև բարօրությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ է որոշումներ կայացնել, որոնք տվյալ պահին ճիշտ են թվում (արագ լուծումներ), քան սովորեցնել ինքներս մեզ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հիմա կարող են չգործել, բայց ավելի ուշ շատ ավելի ճիշտ թվան:

Մի քանի օրինակ, թե ինչպես կարող է ինքնախնամքը մեզ կարգապահություն սովորեցնել.

  • «Գահերի խաղի» կամ մեկ այլ սերիալի միայն մեկ սերիան նայել և ժամանակին անկողին մտնել՝ լիակատար քուն առնելու ու հանգստանալու համար:
  • Ոչ միշտ կարիք զգալ ընթրիքին խմելու կամ «ոչ» ասել հավաքույթի ժամանակ առաջարկվող երկրորդ բաժակին:
  • Սովորել «ոչ» ասել այն դեպքերում, երբ չես ուզում կամ չես կարող որևէ բան անել:
  • Վաղ արթնանալ՝ մեդիտացիա անելու, գիրք կարդալու կամ մարմնամարզությամբ զբաղվելու համար:

5)Ինքնախնամքը բոլորի համար նույնը չէ

Եթե մտածում եք, որ պիտի սկսեք հրաժարվել ձեր վատ սովորությունների մեծ մասից, որպեսզի կարողանակ իրապես նվիրվել ձեր ինքնախնամքին, ապա ճիշտ եք: Եթե այս աշխարհում մեր արած գործը մեզանից մեծ է, պիտի հստակ սահմաններ դնենք, որոնք կօգնեն ապահովել մեր ֆիզիկական, հոգեկան և մտավոր երկարաժամկետ առողջությունը: Եթե այնպիսի բան եք անում, որը ստիպում է ձեզ մտածել՝ «Իսկապես պիտի դադարեմ անել սա», ապա լավ կլինի հետևեք ձեր խորհրդին: (Հիշեք, որ ինքնախնամքը դժվար բան է:)

Սա չի նշանակում, թե չկան քմահաճույքներ, որոնք կարող ենք վայելել: Սրանք այն փոքր քայլերն են, որ օգնում են մեզ վերականգնել մեր կյանքի հավասարակշռությունը և երջանիկ ու ուրախ զգալ մեզ: Այդպիսին կարող է լինել, օրինակ, երեկոն գիրք կարդալով անցկացնելը, մի քանի ժամ նամակներին չպատասխանելը կամ ընկերոջ հետ ճաշելը և կարևոր թեմաներից զրուցելը: Սրանք թեթևամիտ բաներ չեն:

Մի խոսքով՝ ինքնախնամքը բոլորի համար նույնը չէ: Ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչի կարիք ունեք, և լսեք ձեզ:

Նյութի աղբյուրը՝ http://www.mindful.org

Leave a Reply