Հայաստանում կանանց հիմնադրամի թիմով կիսվում ենք մի շարք գրքերով, որոնք կարդում ենք ներկայում կամ էլ կարդացել ենք վերջերս։
Ելենա Սարգսյան
Մայա Էնջլոու – «Մայրիկը և ես և մայրիկը»
Պոետ, գրող, քաղաքացիական իրավունքների պաշտպան Մայա Էնջլոուի «Մայրիկը և ես և մայրիկը» հուշագրությունը վերջինն է իր 7 ինքնակենսագրականներից, որը լույս է տեսել 2013-ին: Թեպետ հուշագրությունում շատ դրվագներ կրկնվում են և ներառված են եղել նախորդ մեմուարներում, սակայն Էնջլոուի յուրահատուկ ու գեղեցիկ գրիչը երբեք չի հոգնեցնում և ամեն անգամ նրան ընթերցելիս քեզ զգում ես մի ջերմ ու փափուկ գրկում՝ պարուրված սիրով ու հոգատարությամբ: Ստեղծագործությունը, թերևս, ամենադիպուկը նկարագրել է հենց հեղինակը. «Այս գիրքը գրվել է՝ ուսումնասիրելու որոշ ուղիներ, թե ինչպես է սերը բուժում և օգնում մարդուն մագլցել անհնարին բարձունքները և վեր բարձրանալ անչափելի խորքերից»,- գրում է հեղինակը ներածականում:
Հուշագրությունը հեղինակի և իր մոր փոխահարաբերությունների մասին է, այն ուսումնասիրում է բուժումն ու սերը, որը զարգացել է ողջ կյանքի ընթացքում երկու կանանց միջև: Եթե անգամ չխորանանք գրքի բովանդակության մեջ, զուտ գրքի գաղափարն արդեն իսկ ստեղծագորոծությունը դարձնում է յուրահատուկ ու կարևոր, որովհետև շատ քիչ են նման բնույթի գործեր, որոնք ֆիքսված են՝ ներկայացնելու հարազատ ու միևնույն ժամանակ օտար երկու կնոջ՝ մոր և դստեր փոխհարաբերությունները ու դրանց տրանսֆորմացիան ժամանակի ընթացքում: Գործի կարևոր առանցքը սերն է, այն սերը, որն, ըստ հեղինակի, ամոքում է և ազատագրում:
Գրքում ներկայացված է նաև սևամորթ կնոջ փորձառությունները, դժվարություններն ու անարդարությունները, որոնց բախվել է հեղինակը՝ լինելով սևամորթ կին չափազանց դժվարին ու խտրական ժամանակներում:
Լյուդմիլա Շիրվանյան
Վիրջինիա Վուլֆ – «Սեփական սենյակը»
Ամեն անգամ, երբ փորձում են համոզել, որ կանայք բավարար տաղանդավոր չեն, և, որպես դրա ապացույց, ասում են, որ չկան հայտնի կին գիտնականներ կամ գրողներ, ցանկանում ես նրանց ստիպել ընթերցել Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» էսսեների հավաքածուն, որը պարզաբանում է գրականությունում կանանց սակավաթիվ լինելու բոլոր հնարավոր պատճառները՝ աղջիկների և տղաների համար նախատեսված դպրոցների հսկայական տարբերությունները, պատրիարխալ համակարգը, սեքսիստական մտածելակերպը… Գեղարվեստական գրականություն, որում կանանց մասին գրում են տղամարդիկ, ինչի արդյունքում ստեղծվում են ստեղծագործություններ, որոնցում կինը ներկայացվում և գնահատվում է ոչ այնպիսին, ինչպիսին կա իրականում, այլ դիտարկվում է պատրիարխալ համակարգի կողմից։ Իսկ ինչպիսի՞ տաղանդներ կունենար Շեքսպիրի քույրը, եթե նա էլ նույն հնարավորություններն ու պայմաններն ունենար կրթվելու, ինքնազարգացում ապրելու և մտքերը թղթին հանձնելու և հրապարակվելու։
Վուլֆը պնդում է, որ կանանց անհրաժեշտ է սեփական սենյակ և բավարար եկամուտ գրական գործեր ստեղծելու համար։ Այն կնոջ ինտելեկտուալ ազատության և ստեղծագործ կյանքի լավագույն քննարկումն է ֆեմինիստական գրականության մեջ։
Թեև գիրքը գրվել է գրեթե 100 տարի առաջ, այն մինչ օրս էլ շատ արդիական է գրական պատմությունը ֆեմինիստական տեսանկյունից հասկանալու համար և կարող է դառնալ շատ աղջիկների ոգեշնչման աղբյուր։
Արմինե Մարկոսյան
Էնդրյու Սեյեր – «Ինչու չենք կարող մեզ թույլ տալ հարուստներ ունենալ»
Էնդրյու Սեյերն անվանի բրիտանացի հասարակագետ է, սոցիալական տեսության ու քաղաքական տնտեսագիտության դասախոս Լանկաստերի համալսարանում: «Ինչու չենք կարող մեզ թույլ տալ հարուստներ ունենալ» գիրքը բացահայտում է այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ են տալիս աշխարհի հարուստներին՝ ամբողջ բնակչության 1%-ին, քամել ուրիշների արտադրած հարստությունը՝ սեփականության և փողի վերահսկման միջոցով:
Աշխարհում գնալով ավելի են խորանում տնտեսական անհավասարություններն ու խստամբերության քաղաքականության հետևանքները: Դրա ֆոնին կապիտալիստ դասակարգը մարդկանց շարունակում է հրամցնել այն միֆը, թե հարուստները կենսական արժեքներ ու աշխատատեղեր են ստեղծում: Գիրքը ցույց է տալիս, որ հարստության ծայրահեղ կենտրոնացումը ոչ միայն անարդար է, այլև նվազեցնում է պակաս ապահովված մարդկանց համար հասանելի ռեսուրսները և լրջորեն վնասում ժողովրդավարությանը և շրջակա միջավայրին: Հարուստների հարստությունը վաստակած չէ, այլ ուրիշների կողմից ստեղծված արժեքի կորզման կամ պարզապես շահագործման արդյունք է: Սեյերի մոտեցումը մարքսիստական տնտեսական մտքի նոր տարբերակն է և էապես տարբերվում է հիմնական տնտեսագիտական թեզերից: Նա համադրել է բարոյական փաստարկները ավանդական քաղաքագիտական ու տնտեսագիտական թեզերի հետ՝ ընդգծելով սոցիալական արդարության ու բնական ռեսուրսների արդարացի վերաբաշխման անհրաժեշտությունը:
Սիրան Հովհաննիսյան
Անահիտ Ղազարյան, Գոհար Խաչատրյան – «Գրողություններ․ պատերազմ ա»
«Գրողություններ․ պատերազմ ա»-ն երկու մտերիմ կանանց հաղորդակցությունն է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Կարդալ Գոհարի և Անահիտի մտքերը, լցվել դրանցով, զգալ ու կիսել ցավը, որը իրենցն է, բայց միևնույն ժամանակ՝ բոլորինը։ Պատերազմը նկարագրել՝ առանց պատերազմի մասին խոսելու։ Խոսել պատերազմի մասին՝ սեփական գոյությունը և կյանքի իմաստը հարցականի տակ դնելով։ Երկու կանայք և նրանց կողքին ապրող մարդիկ։ Երկու կանայք, մեկը՝ այստեղ, մյուսը՝ այնտեղ։ Երբեք չեմ մոռանա Երևանում գրքի շնորհանդեսին ունեցածս հուզմունքը, սարսափի կրկնվելու վախը, խոնավացած աչքերս, գրկախառնությունները հեղինակների հետ, լուռ մտքերի փոխանակումը՝ հայացքներով։ «Գրողություններ․ պատերազմ ա»-ն ուղղակի գիրք չէ։ Սա ճիչ է, կանչ, մարդկանց լսելի լինելու և գրելուց թերապևտիկ արդյունք ստանալու փորձ։ Պարզապես խորհուրդ կտամ յուրաքանչյուրին ունենալ գրքի մեկ օրինակ։
Արամ Պաչյան – «p/f»
Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ գրողները տղամարդիկ են։ Շատ են մեր միջև քննարկումներն այն մասին, որ մեր հարթակների միջոցով պետք է կանանց գործերն առաջ տանել։ Ես լիովին կրողն եմ այդ մտքի ու դիրքորոշման։ Այս պատմությունն ուրիշ է։ Անկեղծ գտնվելով կասեմ, որ Արամ Պաչյանի գործունեության մասին լսել եմ դեռ տարիներ առաջ, սակայն ամեն անգամ առիթի դեպքում հետաձգել եմ նրա մտքերին ու ստեղծագործությանը ծանոթանալու հնարավորությունը։ Նախորդ տարի դեկտեմբերին վերցրի p/f-ը՝ ի հեճուկս վաճառողի խորհրդի՝ չսկսել դրանից։ Պարզվում է` անգիտակցաբար փնտրում էի մի բան, որն ուղղակի կամ անուղղակի կապի մեջ է «պատերազմի» հետ։ Հետո իմացա, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Կարդացի։ Թողեցի։ Կարդացի։ Հեռվացա։ Կարդացի։
Լարա Ահարոնեան
Դոկտոր Ջեն Գյունթեր – «Դաշտանադադարի մանիֆեստ»
Վերջին տարիներին, դաշտանադադարի գործընթացի միջով անցնելիս, սկսեցի կտրուկ փոփոխություններ նկատել, երբեմն դանդաղ, բայց կայուն փոփոխություններ մարմնումս, առողջությանս ու ընդհանուր առմամբ իմ բարօրության ու զգայական առողջության մեջ: Սրանց գումարվեցին ինչպես բժշկության ոլորտում, այնպես էլ հասարակության մեջ առկա կործանիչ կարծրատիպերը դաշտանադադարի միջով անցնող կանանց վերաբերյալ: Դոկտոր Ջեն Գյունթերի այս գիրքը ճիշտ ժամանակին էր ու իսկական փրկություն էր դաշտանադադարի թեմայով զբաղվող իմ պես ֆեմինիստ ակտիվիստների համար, որոնք փորձում են հերքել կանանց ծերացող մարմինների վերաբերյալ առկա նախապաշարմունքներն ու կարծրատիպերը և մեկ առ մեկ կոտրել դրանք: Գյունթերն այս գրքում իր զայրույթն է արտահայտում բժշկության ոլորտի վերաբերյալ, քանզի նրանց հետազոտություններում, զեկույցներում ու ախտորոշումներում ծերացող կանայք ու դաշտանադադարի միջով անցնող կարծես անտեսանելի են: Նա խոսում է այդ պրոցեսի միջով անցնող կանանց մարմինների վերաբերյալ տեղեկատվության պակասից ու ոգևորիչ կերպով բացատրում ամենը՝ օգտագործելով փաստահենք գիտական տվյալներ՝ գենդերային վերլուծության ենթարկելով, ինչպես նաև կիրառելով իր անձնական փորձառությունը՝ հերքելու դաշտանադադարի վերաբերյալ շատ առասպելներ ու նախապաշարմունքներ: Նա բացատրում է այն վնասը, որ հասցվում է բժիշկների խտրական ու կնատյաց վերաբերմունքի արդյունքում, և միանգամայն անկեղծ կերպով ներկայացնում է այս անցումային շրջանում ցավերի ու հիվանդությունների մեր փորձառության հետևում ընկած ամբողջ ճշմարտությունը: Նա անդրադառնում է բազմաթիվ հարցերի՝ ներառյալ սեռականության, քաշի ավելացման, մարմնի պատկերի, ինչպես նաև առկա միջոցներին՝ ներառյալ հորմոնային թերապիա:
Գոհար Շահնազարյան
Ջուլիետ Միտչել – «Կնոջ ունեցվածք»
Ջուլիետ Միտչելն իր «Կնոջ ունեցվածք» գիրքը ավելի քան 50 տարի առաջ, բայց այն դեռևս արդիական է մերօրյա կանանց շարժման համար: Միտչելը քննում է երկու հիմնական հարց. որո՞նք էին կանանց ազատագրական շարժման հիմքերը: ինչու՞ այն առաջացավ 60-ականների երկրորդ կեսին։
Գրքում քննարկված կանանց շարժման հիմնական սկզբունքները համընկնում են շարժման այսօրվա կարգավիճակի մասին մեր խոսակցությունների հետ: Միտչելի կողմից վերլուծված կատեգորիաներն են՝ առավելագույն կոլեկտիվ աշխատանք, առաջնորդների կողմից նվազագույն գերակայություն, գիտակցության բարձրացում և «ոչ մի առաջնորդ» և «ոչ մի էլիտարիզմ»:
Ինչպես գրում է Միտչելը. «Ազատագրականներից շատերը գիտակցության բարձրացումը համարում են նոր քաղաքականության մեջ շարժման կարևորագույն ներդրումներից մեկը: Կանանց ազատագրական շարժումը վճռականորեն մտահոգված է քաղաքականության այն բնագավառով, որը ընկալվում է որպես անձնական: Կանայք շարժման մեջ են մտնում իրենց անձնական կյանքի հիասթափությունից և գտնում են, որ այն, ինչ նրանք անհատական դիլեմա/երկընտրանք էին համարում, իրականում սոցիալական անախորժություն է և հետևաբար՝ քաղաքական խնդիր: Գիտակցության բարձրացումն այն է, երբ կանանց թաքնված, անհատական վախերը վերածում ենք սոցիալական խնդրի, արտահայտում զայրույթ, անհանգստություն, անուն տալիս ցավալիին ու այն քաղաքականացնում»: Միտչելը վերլուծում է կանանց ճնշումը չորս հիմնական ուղղություններով՝ աշխատանք, վերարտադրություն, սեռականություն և երեխաների սոցիալականացում: Ըստ նրա՝ կանանց ազատագրմանը կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր չորս կառույցներն ինտեգրվեն և փոխակերպվեն:
Հարցը, որ տալիս է Միտչելը գրքում, այն նույն հարցն է, որ տալիս են նաև ֆեմինիստները ամբողջ աշխարհում՝ ո՞ւր ենք գնում: Դրա պատասխանը նույնպես շատ տեղին է. մենք պետք է մի կողմից լիարժեք զարգացնենք մեր ֆեմինիստական գիտակցությունը և այն փոխակերպենք մեր ճնշման գիտական սոցիալիստական վերլուծության միջոցով: