You are currently viewing Ինչպես պահպանել հարաբերությունները համաճարակի ժամանակ
Long Distance Relationship London UK New York USA

Ինչպես պահպանել հարաբերությունները համաճարակի ժամանակ

Սոցիալական հեռավորության պատճառով մեզանից շատերն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը: COVID-19 համաճարակը անորոշություն է բերել ոչ միայն բիզնեսի, գիտության և այլ ոլորտներին, այլ նաև անձնական հարաբերություններում: Անկանխատեսելիությունը վախ է ծնում, որը հիմնականում սթրես է առաջացնում մարդկանց մոտ: Այս վիրուսից վախենում են և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Բոլորը սպասում են, թե երբ են վերադառնալու կյանքի սովորական ռիթմին:

Մեր հարաբերությունները ամենամտերիմ անձանց հետ նույնպես կարծես փորձության են ենթարկվում: Լինի դա ամուսնու, զուգընկերոջ, լավագույն ընկերոջ, թե պարզապես ընտանիքի անդամի հետ՝ տանը փակված մնալը փորձության է վերածվում:

Էրիկա Բոսսիերեն ու նրա ամուսին Ֆիլը հարաբերությունների մասնագետ են Սան Ֆրանցիսկոյում: Էրիկան ասում է.«COVID-19-ով պայմանավորված՝ շատ ընտանիքներում վախի ու պանիկայի մթնոլորտ կարող է ձևավորվել, հատկապես երբ անհրաժեշտ է հետևել երեխաների օնլայն դասապատրաստմանը: Իսկ նման գերծանրաբեռնվածությունը կարող է տրամադրությունդ տարբեր ուղղություններով տանել»: Ֆիլն ավելացնում է.«Զանգեր ենք ստանում զույգերից, որոնք ասում են՝ արդեն կարծես միմյանց կոկորդի վրա նստած լինենք, օգնության կարիք ունենք»:

Իսկ եթե հարաբերություններ ունեք մեկի հետ, ում հետ չեք ապրու՞մ: Եթե ինքնամեկուսացել եք ու պահպանում եք սոցիալական հեռավորություն՝ տանը մնալով, հավանական է, որ ձեզ մոտ զգացողություն առաջանա, թե հեռակա հարաբերության մեջ եք:

Բրայան Թոնգը, որ երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել հեռավորության վրա, ասում է, որ ցանկացած հարաբերության մեջ՝ անկախ նրանից հեռու ես տվյալ մարդուց, թե նրա մոտ, նրան պետք է գերակա կարևորություն տաս: «Որպես մարդ, ով երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել հեռավորության վրա, խորհուրդս է, ինչքան էլ որ պարզ հնչի, կապի մեջ մնալ»:

Եթե միայնակ ու մեկուսացված եք զգում, FaceTime-ի և Zoom-ի պես տեսազանգիի հնարավորություն ապահովող ծառայությունները կարող են օգնության հասնել: Թոնգը խորհուրդ է տալի.«Կարևոր է ոչ միայն միմյանց տեսնելը տեսազանգով, այլ միասին ինչ-որ բաներ անելը, օրինակ՝ ժամադրության երեկո կազմակերպել… միասին պատրաստել, ուտել ու այդ ընթացքում չշեղվել ոչ մի բանով: Եվ պարզապես զրուցել»:

Կարևոր է հիշել, որ բոլորս էլ սթրեսային իրավիճակում ենք գտնվում: Որքան շատ բարի վերաբերվենք միմյանց, այնքան ավելի լավը կդառնան մեր հարաբերությունները, երբ այս ամենն ավարտվի:

Էրիկան այսպես է ամփոփում.«Մարդիկ հիմա վատ տրամարդության մեջ են, իսկ տրամադրությունը դատելը բավականին հեշտ է: Ամեն մեկը յուրովի է արձագանքում պանիկայի մեջ գտնվելիս: Շատ կարևոր է փորձել հնարավորին ամեն բան անել պահպանելու հեռավորության վրա հարաբերությունները կամ տանը՝ ընտանիքի հետ հարաբերությունները, փորձել շատ քննադատաբար չմոտենալ ընտանիքի անդամներին կամ զուգընկերոջը»:

Հաղորդակցությունը լարված իրավիճակը մեղմելու բանալին է: Զույգերը պետք է ժամանակ տրամադրեն միմյանց հետ նստելու, հեռախոսները մի կողմ դնելու և այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ երկուսն էլ անկեղծորեն կխոսեն իրենց հուզող հարցերից:

Մասնագետներն առաջարկում են զույգերին պատասխանել հետևյալ հարցին.«Ինչպես պահպանենք հույսն ու դրական տրամադրությունը զվարճալի ու միմյանց կապող խաղերի, գործողությունների միջոցով»: Կարելի է իրար հետ կոմեդիա նայել, որևէ փոդքասթ լսել, անգամ պարել, սակայն չչարաշահեք ալկոհոլի օգտագործումը:

Բացի իրար հետ անցկացրած ժամանակից՝ կարևոր է նաև ժամանակ տրամադրել առանձնանալուն, քո սեփական գործերն անելուն ու մյուսների հետ սոցիալական մեդիայով շփվելուն:

Մեր կայքում ևս կարող եք գտնել ֆիլմերի, երգերի, գրքերի, սթենդափ ներկայացումների օգտակար ցանկեր:

Leave a Reply