You are currently viewing Ի՞նչ է ֆեմինիզմը.պատմություն, ակունքներ
Fashion slogan This is Feminism. Feminist slogan, design t-shirt print or embroidery, patches. Typography, T-shirt for girls, womans symbol, poster, design template. Vector illustration.

Ի՞նչ է ֆեմինիզմը.պատմություն, ակունքներ

Աշխարհում և մասնավորապես հայաստանյան իրականության մեջ մարդիկ շատ հաճախ թերի, սխալ, աղավաղված պատկերացումներ ունեն «ֆեմինիզմ» տերմինի վերաբերյալ: Սույն հոդվածում կփորձենք բացահայտել «ողջ ճշմարտությունը» ֆեմինիզմի մասին :Ճ

Ֆեմինիզմ – սեռերի սոցիալական, տնտեսական և քաղաքական հավասարության վերաբերյալ հավատ: Ձևավորվել է արևմտյան աշխարհում և տարածում գտել ամբողջ աշխարհով մեկ՝ ներկայացվելով հատկապես կանանց իրավունքներով զբաղվող հաստատությունների կողմից:

Պատմության գրեթե ամբողջ ընթացքում կանանց բաժին է հասել տնային տնտեսության, մինչդեռ տղամարդկանց հատկացվել է հասարակական կյանքի ոլորտը: Միջնադարյան Եվրոպայում կանայք չունեին սեփականություն ձեռք բերելու, սովորելու կամ հասարակական կյանքին մասնակցելու իրավունք: 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում նրանք դեռևս ստիպված էին ծածկել իրենց գլուխը, իսկ Գերմանիայի որոշ հատվածներում ամուսինն իր կնոջը վաճառելու իրավունք ուներ: Անգամ 20-րդ դարի սկզբին կանայք իրավունք չունեին քվեարկելու կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու Եվրոպայում և Միացյալ Նահանգների մեծ մասում (այստեղ մի քանի նահանգներ կանանց քվերակելու իրավունք էին տվել կառավարության որոշումից շատ ավելի շուտ): Կանայք չէին կարող բիզնեսով զբաղվել առանց որևէ արական սեռի ներկայացուցչի՝ լիներ դա հայր, եղբայր, ամուսին, թե որդի: Ամուսնացած կանայք չէին կարող առանց իրենց ամուսնու թույլտվության երեխաներին վերահսկել: Ավելին՝ կրթությունը հասանելի չէր կանանց համար, իսկ որոշ մասնագիտություններ պարզապես արգելված էին: Աշխարհի որոշ հատվածներում դեևս գոյություն ունեն նման սահմանափակումները:

Ֆեմինիզմի պատմությունը

Հին աշխարհը

Որոշակի վկայություն կա վաղ շրջանում կանանց նման սահմանափակ կարգավիճակի դեմ կանոնակարգված պայքարի: Ք.ա. 3-րդ դարում հռոմեացի կանայք շրջափակեցին Կապիտոլիումի բոլոր մուտքերը, երբ Մարկոս Պորկիոս Կատոնը հրաժարվեց վերացնել թանկ ապրանքներ գնելու արգելքը կանանց համար: «Եթե նրանք հիմա հաղթեն, ինչե՜ր ասես, որ չեն փորձի»,- բացականչեց Կատոնը: «Հենց որ հավասարվեն քեզ, կդառնան քո ղեկավարը»:

Քրիստին դե Պիզան, առաջին ֆեմինիստ փիլիսոփան

Այդ ապստամբությունը, սակայն, եզակի էր: Պատմության մեծ մասի ընթացքում միայն եզակի ձայներ են խոսել ընդդեմ կանանց ստորադաս կարգավիճակի՝ այդպիսով կանխորոշելով ապագայի քննարկումները: 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Ֆրանսիայում առաջին ֆեմինիստ փիլիսոփա Քրիստին դե Պիզանը մարտահրավեր նետեց կանանց հանդեպ ընդունված վերաբերմունքին՝ նրանց կրթություն ստանալու կոչ անելով: Նրա գործը 15-րդ դարում շարունակեց վենետիկցի Լաուրա Սերետան, որը տպագրեց “Epistolae familiares” գիրքը (1488թ., Անձնական նամակներ)՝ նամակների ժողովածու, որտեղ ներկայացված են կանանց բողոքները՝ կրթության սահմանափակումից ու ամուսնության ճնշումից մինչև կանանց հագուստի թեթևամտություն:

Մինչև 16-րդ դարի վերջը կանանց պաշտպանությունը գրական ենթաժանր դարձավ, երբ հետմահու տպագրվեց մեկ այլ վենետիկցի ֆեմինիստ հեղինակի՝ Մոդերատա Ֆոնտեի “Il merito delle donne” ժողովածուն (1600թ., Կանանց արժանիքը): Ստատուս քվոյի պաշտպանները կանանց պատկերում էին որպես մակերեսային ու ի ծնե անբարոյական արարածների, մինչդեռ ծագող ֆեմինիստները ներկայացնում էին կանանց քաջության ու նվաճումների երկար ցուցակներ ու պնդում, որ կանայք ինտելեկտով կհավասարվեն տղամարդկանց, եթե նրանց էլ կրթություն ստանալու հավասար հնարավորություն տրվի:

Մոդերատա Ֆոնտեի Կանանց արժանիքը գիրքը

Այսպես կոչված «կանանց մասին բանավեճը» Անգլիա հասավ միայն 16-րդ դարի վերջին, երբ պամֆլետ գրողներն ու պոլեմիստները միացան կնոջ իրական բնության մասին քննարկմանը: Կանանց սատիրայի ենթարկող մի շարք պալֆլետների տպագրությունից հետո ի հայտ եկավ Անգլիայում առաջին ֆեմինիստ պամֆլետագիրը՝ Ջեյն Վագները, որը սատիրային պատասխանեց «Ջեյն Վագներ.Նրա պաշտանությունը կանանց» գործը (1589թ.): Կարծիքների այս բախումը շարունակվեց ավելի քան մեկ դար, մինչև որ մեկ այլ անգլիացի գրող՝ Մերի Ասթելը, տվեց էլ ավելի պատճառաբանված առարկություն իր Լուրջ առաջարկություն լեդիներին գրքում: Երկհատոր գիրքը գտնում էր, որ կանայք, որոնք հակված չեն ո՛չ դեպի ամուսնությունը, ո՛չ էլ դեպի կրոնական ծառայությունը, պիտի աշխարհիկ միաբանություններ կազմեն, որտեղ կարող են ապրել, սովորել ու դասավանդել:

Լուսավորության ազդեցությունը

Վերածննդի շրջանի ֆեմինիստական ձայները այդպես էլ չվերածվեցին համընդհանուր փիլիսոփայության կամ շարժման: Դա տեղի ունեցավ միայն Լուսավորության դարաշրջանում, երբ կանայք սկսեցին պահանջել, որ ազատության, հավասարության ու բնական իրավունքների մասին նոր ռեֆորմիստական հռետորիկան կիրառելի լինի երկու սեռերի պարագայում էլ:

Սկզբնապես, Լուսավորության փիլիսոփաները շեշտը դնում էին սոցիալական դասակարգերի ու կաստաների անհավասարության խնդրի վրա՝ բացառելով գենդերը: Շվեյցարիայում ծնված ֆրանիսացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն, օրինակ, կանանց պատկերում էր որպես հիմար ու թեթևամիտ էակների, որոնք ծնվել են տղամարդկանց ենթարկվելու համար: Ավելին, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը 1789թ. հեղափոխությունից հետո հաստատեց ֆրանսիական քաղաքացիության գաղափարը, չէր անդրադառնում կանանց օրինական կարգավիճակին:

«Կանանց և կին քաղաքացիների իրավունքների մասին հռչակագիր»

Լուսավորության կին մտավորականներն անմիջապես մատնանշեցին ներառականության այս բացակայությունը ու ռեֆորմիստական հռետորիկայի սահմանափակ շրջանակը: Հայտնի դրամատուրգ Օլիմպ դե Ռուժը տպագրեց Déclaration des droits de la femme et de la citoyenne (1791թ., «Կանանց և կին քաղաքացիների իրավունքների մասին հռչակագիր»)՝ կանանց հայտարարելով ոչ միայն տղամարդկանց հավասար, այլև նրանց գործընկեր: Հաջորդ տարի Մերի Վոլսթոնքրաֆթի «Կանանց իրավունքների պաշտպանություն» գիրքը (1792թ.)՝ անգլերեն լեզվով գրված ֆեմինիստական հզոր երկ, տպագրվեց Անգլիայում: Մարտահրավեր նետելով այն կարծիքին, թե կանայք գոյություն ունեն միայն տղամարդկանց գոհացնելու համար՝ նա առաջարկում էր, որ կանայք ու տղամարդիկ ստանան կրթության, աշխատանքի ու քաղաքականությամբ զբաղվելու հավասար հնարավորություններ: Ըստ նրա՝ կանայք ի ծնե ավելի ռացիոնալ են, քան տղամարդիկ: Եթե նրանք հիմար են, պատճառն այն է, որ հասարակությունը նրանց վարժեցնում է որպես անկարևոր էակների:

Լուսավորության դարաշրջանը վերածվեց քաղաքական խմորումների շրջանի, որոնք պսակվեցին հեղափոխություններով Ֆրանսիայում, Գերմանիայում ու Իտալիայում ու աբոլիցիոնիզմի վերելքով: Միացյալ Նահանգներում ֆեմինիստական ակտիվիզմը սկիզբ առավ այն ժամանակ, երբ կին աբոլիցիոնիստները ազատության ու հավասարության գաղափարները սկսեցին կիրառել իրենց սոցիալ-քաղաքական իրադրության վերաբերյալ: Նրանք կապեր հաստատեցին անգլիացի աբոլիցիոնիստների հետ, որոնք նույն կարծիքի էին: Մինչև 19-րդ դարի կեսերը սոցիալական փոփոխության պահանջին ավելացել էին ֆեմինիստական հարցերը:

Առաջին ֆեմինիստական հոդվածում, որը հեղինակը համարձակվեց ստորագրել իր անունով՝ Լուիզ Օտտո, գերմանացի հեղինակը իր երկը կառուցում է ֆրանսիացի հասարակական տեսաբան Շառլ Ֆուրիերի հետևյալ ասույթի վրա՝ «երկրում կնոջ զբաղեցրած դիրքից կարելի է տեսնել՝ արդյոք տվյալ երկրի օդը պատված է կեղտոտ մառախուղով, թե պարզ ու մաքուր է»: Իսկ երբ 1848թ. փարիզցի ֆեմինիստները սկսեցին հրատարակել La Voix des femmes օրաթերթը (Կանանց ձայնը), գերմանացի գրող Լուիզ Դիտմարը մեկ տարի անց հրատարակեց իր ամսագիրը՝ Soziale Reform:

Ընտրելու իրավունքի համար շարժումը

Այս բանավեճերն ու քննարկումները գագաթնակետին հասան կանանց իրավունքների վերաբերյալ առաջին համագումարով, որը տեղի ունեցավ 1848թ. հուլիսին Նյու Յորքի Սենեկա Ֆոլս ավանում: Սա վայրկյանական գաղափար էր, որը ծագեց հասարակական մի հավաքույթի ժամանակ Լուկրեցիա Մոտտի, Մարթա Ռայթի, Մերի Էն ՄըքՔլինթոքի, Ջեյն Հանթի ու Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի մոտ: Պլանավորվեց իրականացնել համագումարը հինգ օրից, հայատարարությունը տպագրվեց տեղական մի փոքիկ թերթում:

Լուկրեցիա Մոտտ

Կազմվեց Սենեկա Ֆոլի կոնվենցիան, որը հետևելով Անկախության հռչակագրի ձևակերպումներին, հայտարարում էր, որ «բոլոր տղամարդիկ ու կանայք ստեղծվել են հավասար»: Սահմանվեցին նաև կանանց իրավունքները, այդ թվում՝ ընտրության: Սակայն բարձր դասի ֆեմինիստական շարժումը այդքան էլ կապեր չուներ սովորական աշխատավոր կանանց հետ: Միակ սևամորթ կինը, որի ձայնը լսվեց այդ ժամանակ, Սոջորներ Թրուֆն էր՝ նախկին ստրուկ, որը խորհրդանշեց ցածր և բարձր խավերի միջև հեռավությունը: Նրա հայտնի «Մի՞թե ես կին չեմ» ելույթը արտասանվեց 1851թ. Օհայոյի Կանանց իրավունքների համաժողովում, սակայն Թրուֆը իր կյանքը չնվիրեց կանանց իրավունքներին: Փոխարենը նա առաջ քաշեց աբոլիցիոնիզմի ու նախկին ստրուկներին հողեր հատկացնելու ծրագիր:

Սոջորներ Թրուֆ

Թեև Սենեկա Ֆոլսին հետևեցին կանանց իրավունքների մասին կոնվենցիաներ նաև այլ նահանգներում, սկզբնական հետաքրքրությունը մարեց: Միացյալ Նահանգներն այժմ մտահոգված էր Քաղաքացիական պատերազմով, իսկ Եվրոպայում 1840-ական թվականների ռեֆորմները վերածվեցին 1850-ականների ռեպրեսիաների: Երբ ֆեմինիստական շարժումը սկիզբ առավ, այն կենտրոնացավ մեկ հիմնական հարցի՝ ընտրելու իրավունքի վրա՝ նպատակ, որը գրեթե 70 տարի պիտի դառնար միջազգային ֆեմինիզմի ուղղությունը:

Շարունակելի….

Նյութի աղբյուրը՝ britannica.com

This Post Has One Comment

Leave a Reply