Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։
Զապել Եսայան
Այսօր՝ փետրվարի 4-ը, Զապել Եսայանի ծննդյան 142-րդ ամյակն է: Նշանավոր գրող, արձակագիր, հասարակական գործիչը ծնվել է 1878թ. Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: 1895թ. Փարիզ տեղափոխվելուց հետո եղել է Սորբոնի համալսարանի ունկնդիր, աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Իսկ 1902թ. արդեն բոլորի կողմից սիրված գործիչը վերադառնում է Կ.Պոլիս և շարունակում իր գործունեությունն այնտեղ:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական վերածննդի շրջանում կանայք ակտիվ դերակատարում ունեին: Արևմտահայերենի հաղթանակը դասական տեքստերի հանդեպ հանգեցրեց դպրոցների, պարբերականների, տպագրատների ու հասարակական կազմակերպությունների արագ զարգացման: Այս վերածննդի բազմաթիվ կողմերից մեկն էլ կանանց կրթության և հասարակության մեջ նրանց ներգրավման հարցն էր: Կրթություն ստացած կանայք սկսեցին հոդվածներ ու գրքեր գրել, դասավանդել կրթական հաստատություններում ու մարդասիրական կազմակերպություններ հիմնել:
Հայկական մշակույթի այս եռուն շրջանում էր, որ գրող ու ակտիվիստ Զապել Եսայանը անվանի հայ մտավորականի համբավ ձեռք բերեց: Նրա փոթորկուն կյանքը, արտահայտված իր երկերում, ուղեկցվեց արևմտահայության կյանքի անկայուն շրջանով: Փարիզում Զապելն ամուսնացավ նկարիչ Տիգրան Եսայանի հետ, որից երկու զավակ ունեցավ՝ Սոֆի և Հրանտ: Նրա առաջին վեպը՝ «Սպասման սրահին մեջ», որը 1903թ. լույս տեսավ Փարիզում, քննարկում է թեմաներ, որ հետագայում դառնում են նրա ստեղծագործության առանցքը՝ աքսոր և օտարացում:

Կ.Պոլիս վերադառնալով՝ Եսայանը սկսում է ժամանակակից թեմաներով հոդվածներ տպագրել: 1909թ. նա մի պատվիրակության կազմում մեկնում է Ադանա՝ օգնություն տրամադրելու որբերին ու նախորդ ամիսներին տեղի ունեցած հայկական ջարդերի հասցրած վնասները գնահատելու: Իր այս փորձառության պատմությունը ներկայացնում է «Ավերակներուն մեջ» գրքում, որը համարվում է նրա լավագույն գործերից մեկը:
Զապել Եսայանը միակ կին մտավորականն էր, որ հայտնվել էր 1915թ. ապրիլի 24-ի «սև ցուցակում»: Սակայն, բարեբախտաբար, նրան հաջողվում է խուսափել ոստիկաններից և մի քանի ամիս թաքնվելուց հետո փախչել Բուլղարիա: Այստեղ էլ նա միայն ժամանակավոր ապաստարան է գտնում, քանզի կրկին ստիպված է լինում փախչել, երբ Բուլղարիան պատերազմի մեջ է մտնում որպես Օսմանյան կայսրության դաշնակից:
Վերջին ամիսներս Թիֆլիսում է գտնվում Կ. Պօլսից մեզ մօտ «ակամայ» հիւր եկած տիկ. Զ. Եսայեան: Թիւրք կառավարութեան հալածանքներից ու հետապնդումներից, ինչպէս յայտնի է, պօլսահայ մտաւորականութիւնն աւելի ևս տուժեց մահի և աքսորի, բանտի և կապանքների ենթարկվելով։ Տագնապի այդ օրերին ահա Եսայեանին հաջողվում է մի քանի հայ ընտանիքների հետ դուրս պրծնել տանջանքների երկրից և Բօլգարիայի, Րումինիայի վրայով գալ հասնել Թիֆլիս»
-Մշակ թերթ

Դեպքերին հաջորդած տարիներին նա աշխատում է Կովկասում՝ գրելով ու տպագրելով հարցազրույցներ Հայոց եղեռնի վերապրածների հետ, ինչպես նաև օգնելով որբերին ու փախստականներին: 1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, Եսաայանը դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին:
1922թ. Զապել Եսայանը վերադառնում է Փարիզ և իր երկերն ամփոփում «Հոգիս աքսորեալ» գրքում, որին հետևում են «Անձկութեան ժամեր» և «Վերջին բաժակը» գործերը:

1920-ական թթ. այցելում է Սովետական Հայաստան, իսկ 1933թ. ընդունում այնտեղ տեղափոխվելու ու Երևանի պետական համալսարանում գրականություն դասավանդելու հրավերը: Այս նույն շրջանում շարունակում է գրել ու տպագրում է «Կրակե շապիկ» և «Սիլիհտարի պարտեզները» գրքերը: Սակայն նրա խաղաղ կյանքը երկար չի տևում: Այս անգամ էլ զոհ է դառնում սովետական ռպրեսիաների: 1937թ. նրան ձերբակալում են, ուղարկում Բաքու, որտեղ էլ անհայտ հանգամանքներում մահանում է 1943թ.:
Թեև բազմաթիվ առիթներով Եսայանը նշել է, որ ինքը ֆեմինիստ չէ («Բարեկամս, գիտես որ բնաւ ֆեմինիսթ չեմ և բնաւ փոյթ չէ թէ իմ ուղեղս իր տեսակին մէջ գերազա՞նց է այր մարդուն ուղեղէն թէ ոչ», «Կը կարծեմ որ եթէ ֆեմինիստները իրա՛ւ խելացի ըլլային, այդ իրաւունքը որ ունէին ձեռքէ չէին հաներ»), սակայն նրա կյանքն ու գործունեությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ պայքարող ու մարտնչող կնոջ օրինակ, որ մինչև այժմ ոգեշնչում է շատերին:
Եսայանի ստեղծագործության էլեկտրոնային տարբերակները կարող եք գտնել այստեղ: