You are currently viewing «Ես ուժեղ կին եմ, դա զգում եմ իմ հոգով». Հաջե Բաքոյան

«Ես ուժեղ կին եմ, դա զգում եմ իմ հոգով». Հաջե Բաքոյան

Ազգությամբ եզդի, 47-ամյա Հաջե Բաքոյանն այն կանանցից է, ովքեր չեն ընդունում հասարակությունում առկա այն կարգերը, որոնք որևէ կերպ սահմանափակում են կնոջ գործունեությունը: Նա կարողացել է փոխել ոչ միայն իր կյանքի ընթացքը, այլև օգնել այլ կանանց և աղջիկների, որպեսզի նրանք քայլեն այն կյանքի ճանապարհով, որն իրենց առավել հոգեհարազատ և ընդունելի է:

Դեռատի աղջկա երազանքներն ու իրականությունը

Եզդիական համայնքում ծնողները սովորաբար իրենց դուստրերին ամուսնացնում են մինչև չափահաս դառնալը: Հաջեին հայրը ամուսնացրել է տասնութ տարին լրացած, ինչը, ինչպես նշում է Հաջեն, «արդեն իսկ չլսված ու անընդունելի երևույթ էր եզդիական համայնքում»:

 «Երբ դեռահաս տարիքում իմ ներկայությամբ խոսում էին ամուսնության մասին, ես անընդհատ ասում էի՝ ուսում, ուսում, ես ուզում եմ շարունակել կրթությունս: Բայց, ցավոք, միջնակարգ դպրոցը չավարտեցի: Հայրս ամուսնացրեց»,- պատմում է Հաջեն ցածրաձայն:

Տիրող կարգերին ու իրականությանը Հաջեն միշտ փորձել է տեղի չտալ: Ապրելով այն իրականությունում, որը չի համապատասխանել իր երազանքներին, նա չի հանձնվել և առօրյա կենցաղային աշխատանքներին զուգահեռ զբաղվել է նաև այն գործերով, որոնք իրեն իսկապես դուր են եկել: Այդ տարիների իր համառության մասին Հաջեն հիշում է ժպիտով. «Նոր էին ամուսնացրել, ուղարկել էին սար՝ աշխատանքի, ես էլ ոչ մի անգամ նման բան չէի արել, հետս վերցրի մոտ քսան հատ գիրք: Սարում պետք էր կով կթել, կաթը զտել: Դե, կաթ զտող մեքենայով աշխատանքն էլ շատ ծանր գործ է. անընդհատ կաթը պետք է խառնես, մի կողմից զտված կաթն է գալիս, մյուս կողմից՝ կաթի սերը, մի խոսքով՝ պետք է շատ ուշադիր լինես: Իսկ ես այդ ընթացքում գիրքը դրած ծնկներիս կարդում էի ու ձեռքի հետ էլ զտում: Հետո տեսնում եմ՝ բոլորինը շատ լավ է ստացվել՝ խիտ սերով, իսկ իմը լրիվ փչացել էր»,- ծիծաղելով պատմում է Հաջեն և հավելում, որ այդ ժամանակ իրեն վատ չէր զգում. միայն ուրախ էր, որ մի գիրք ավել է կարդացել:

«Սկեսուրիս հետո ասել էին՝ տե՛ս, թե ինչ հարս ես բերել. գործ անել չգիտի, ամբողջ օրը գիրք ա կարդում: Իմ բախտն ամունսուս ընտանիքի հարցում բերել է: Իրենք թողեցին, որ ես զբաղվեմ իմ սիրած գործերով, ինձ ընդունեցին էնպիսին, ինչպիսին, որ կամ»,- ասում է Հաջեն:

Երազանքներ, որոնք սովորեցնում են թռչել

Հաջեն երանությամբ է հիշում այն պահը, երբ Հանրային ռադիոյից աշխատանքի առաջարկ ստացավ՝ որպես Եզդիերեն բաժնի հաղորդավար-խմբագիր:
«Միշտ, երբ սար էի բարձրանում, տարիներով նամակներ էի գրում ռադիոյին:  Ես սարում գրում էի նամակները, սարից իջնում, փոխանցում էի մերոնց, որ իրենք ուղարկեն փոստով ռադիոյին: Մի անգամ մրցույթ հայտարարեցին՝ ամենագեղեցիկ սիրային նամակը, ես մի քանի անգամ մասնակցել եմ դրան: Նամակները գրում էի ու ասում՝ հանկարծ ոչ մի տեղ չգրավեմ. ես այդ մասին նույնիսկ չէի իմանա, ես կափսոսամ, կամաչեմ …: Հետո անցնում են տարիներ, ու ես աշխատանքի առաջարկ եմ ստանում ռադիոյից: Առաջին աշխատանքային օրս ռադիոյում անկրկնելի էր, աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել՝ հպարտություն, շփոթմունք, հուզմունք: Ինձ թվում էր՝ քաղաքում բոլորը ժպտում են ինձ, հպարտանում ինձնով: Ինձ թռչուն էի զգում, ում առաջ բոլոր ճանապարհները բաց են. կթռչեմ՝ որ ուղղությամբ ուզեմ և ինչ արագությամբ ուզեմ: Ես զգում էի, որ հոգիս ճախրում է»,- փայլող աչքերով պատմում է Հաջեն, և նրա տոնից տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է՝ կթռչի, կհեռանա այս իրականությունից:

Համայնքի խնդիրները՝ որպես անձնական մարտահրավերներ

Հանրային ռադիոյում Հաջեն աշխատել է չորս տարի: Դրան զուգահեռ 2014-ից սկսած՝ Հաջեն աշխատում է 3 դպրոցներում՝ որպես եզդիերենի ուսուցչուհի. «Երբ նոր սկսեցի աշխատել , դա արդեն մեծ հեղափոխություն էր, որ մեր համայնքում ինչ-որ կին աշխատում է»,- ասում է նա:

Աշխատելով եզդի երեխաների հետ՝ Հաջեն ֆիքսել է իրենց համայնքի բոլոր խնդիրները: Այդ խնդիրները 47-ամյա ուսուցչուհին դարձրել է իր անձնական մարտահրավերները և ջանք չի խնայում դրանք լուծելու համար:

Որպես եզդիական համայնքի գլխավոր խնդիր Հաջեն նշում է վաղ ամուսնության հարցը, ինչից էլ բխում է կրթության հարցը. «Մեր աղջիկները դեռ չծնված արդեն գիտեն իրենց ապագան. գիտեն, որ նույնիսկ միջնակարգ դպրոցը չեն ավարտելու, իրենց ամուսնացնելու են, և վաղ տարիքից իրենց վրա են վերցնելու հասուն մարդկանց հոգսերը: Դրանից ելնելով՝ մեր աղջիկներն իրենց թույլ էլ չեն տալիս մեծ բաների մասին երազել: Իրենք մոր արգանդում արդեն շատ լավ գիտեն իրենց ճակատագիրը»,- ցավով նշում է Հաջեն:

Հաջեի մեծագույն երազանքը սեփական դպրոցն ունենալն է, որտեղ կսովորեն եզդի երեխաները, կստանան գիտելիքներ իրենց լեզվի, մշակույթի մասին:

Համագործակցությունը Հիմնադրամի հետ

Հաջեն համագործակցում է Հիմնադրամի հետ շուրջ երեք տարի: Իրականացրել է ծրագրեր, որոնց հիմքում եզդի կանանց հիմնախնդիրներն են: Առաջին ծրագրով Հաջեն Ղուկասավան համայնքում դասընթացների շարք է իրականացրել եզդի կանանց շրջանում: Նրա խոսքով՝ այդ ծրագիրը մեծ ազդեցություն է ունեցել մասակիցների շրջանում: Մասնակից աղջիկներից մեկի ծնողներն անգամ թույլ են տվել, որ նա կրթությունը շարունակի բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Ծրագրի միջոցով Հաջեն բացահայտել է, թե ինչքան խորն են իրենց համայնքում խնդիրները. «Երեսուն մասնակիցներին ծրագրի ավարտին խնդրեցի, որ գրեն իրենց երազանքների մասին: Չեք պատկերացնի, թե ինչ ցավալի էր, որ նրանց մեծ մասն անգամ գրել չգիտեր: Ցավալի էր նաև այն, որ նրանցից ոչ մեկը ռեալ երազնանքեր չուներ. վերացական բաներ էին գրել՝ աշխարհին խաղաղություն, բարություն և այլն: Չկար մեկը, որ գրած լիներ հենց իր ցանկությունների մասին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ցավալի է, երբ մարդիկ անգամ երազանքներ չունեն»,- ասում է Հաջեն հուզված տոնով:

Հաջեն Հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է նաև արագ արձագանքման և հրատապ օգնության ծրագրեր կորոնավիրուսի և պատերազմի օրերին:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես իմ ողջ կյանքում եղել եմ Հիմնադրամի հետ: Այն իմ հոգում, մտքում, ամեն տեղ է, որովհետև Հիմնադրամն իմ կյանքում էլ շատ բան է փոխել: Բացի ֆինանսական աջակցություններից` Հիմնադրամը աջակցում է նաև քո կարողությունների զարգացմանը: Ուզում եմ առանձնահատուկ շեշտել նաև Հիմնադրամի կողմից կազմակերպվող հոգեբանական հանդիպումները, որոնք իմ կյանքում մեծ փոփոխություն են բերել: Հայաստանում կանանց հիմնադրամի հետ համագործակցությունից հետո ես շատ ավելի ուժեղ զգացի ինձ: Ճիշտ է՝ մինչ այդ ես փոքր ինչ կայացած էի, աշխատում էի, բայց Հիմնադրամին հանդիպելուց հետո դարձա ավելի վստահ, քայլերս սկսեցին ավելի կշռադատված ու համակարգված լինել: Հիմնադրամի շնորհիվ ես սկսեցի ինձ օգտակար մարդ զգալ հասարակության համար, ոտքերիս ամուր կանգնած ինքնավստահ կին զգացի: Ինձ ճանաչողները զարմանաում էին սկզբից, թե ինչքան եմ ես փոխվել, Հիմնադրամն ինձ օգնեց բացահայտել նոր Հաջեին»,- ժպտալով ասում է Հաջեն:

Ճանապարհ դեպի ավելի բարձր թռիչքներ

Այս տարվա համար Հաջեն նոր պլաններ ունի, որոնք կօգնեն նրան ավելի բարձր թռիչքներ գործել. «Այս տարի պետք է իրականացնեմ իմ կյանքի մեծագույն երազանքը. պետք է ընդունվեմ համալսարան. Սա անպայման անելու եմ: Այս ամիս գնալու եմ նաև մեքենա վարելու դասերի, դրա համար էլ եմ շատ ուրախ: Մի խոսքով՝ դեռ շատ-շատ անելիքներ ունեմ»,- ոգևորված ասում է Հաջեն:

Իր ուժեղ կողմերից 47-ամյա Հաջե Բաքոյանը համարում է նպատակասլացությունը. «Երբ ես մի քանի տարի առաջ ասում էի՝ ես պետք է ստանամ բարձրագույն կրթություն, շատերն ինձ վրա ծիծաղում էին, ասում էին՝ շատ ուշ չէ՞ դրա համար. արդեն տատիկ ես, ի՞նչ բարձրագույն: Բայց երազանքները ժամկետներ չունեն, և պետք է միշտ շարժման մեջ լինել, թեկուզ շատ դանդաղ, բայց շարժվել: Ես ուժեղ կին եմ, ես ինձ հենց այդպիսին զգում եմ իմ հոգով»,- եզրափակելով խոսքը՝ ասում է Հաջեն:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի