You are currently viewing Դրամաշնորհի հայտարարություն 40-ն անց կանանց համար

Դրամաշնորհի հայտարարություն 40-ն անց կանանց համար

Կանայք և ծերացումը հաճախ անտեսվում են տարբեր նախաձեռնությունների կողմից։ Ֆեմինիստական շարժումը կենտրոնացել է բոլոր կանանց հավասար իրավունքների վրա՝ անկախ նրանց ռասայից, դասից, կողմնորոշումից, հավատքից և էթնիկ պատկանելիությունից, սակայն հաճախ անտեսել է տարիքի գործոնը՝ որպես օրեցօր ընդլայնվող սոցիալական խնդիր, որը կարիք ունի գենդերային հավասարության մոտեցմամբ դիտարկվելու։ 

Գենդերային կարծրատիպերի և տնտեսական իրողության պատճառով Հայաստանում 50 անց կանանց մեծ մասը կրում են ընտանիքին՝ հատկապես երեխաներին և տարեցներին խնամելու, խնամքի չվճարվող աշխատանքում ներգրավվելու բեռը՝ չունենալով շատ հնարավորություններ բարձրաձայնելու իրենց սեփական կամքը և հետաքրքրությունները։ Սոցիալական կյանքը, աշխատանքը, առողջությունը և անձնական ձգտումները հաճախ մի կողմ են դրվում և հազվադեպ են կարևորվում այս կանանց կյանքում, եթե ոչ՝ ընդհանրապես անտեսվում որպես սոցիալական հիմնախնդիր։ 

Հայաստանում կանանց հիմնադրամը կարևոր է գտնում կանանց ավելի ուշ տարիքում հզորացնելու և նրանց ձայնը լսելի դարձնելու ջանքերը։ 

Եթե դուք 40 անց կին (կամ կանանց խումբ) եք կամ կազմակերպություն եք, որը զբաղվում է այս տարիքային խմբի կանանց հարցերով, ունեք հետաքրքիր և համարձակ մտքեր, որոնք անդրադառնում են 40 անց կանանց բազմազան ձայները լսելի դարձնելուն, ունեք գաղափարներ, թե ինչպես անդրադառնալ գենդերային կարծրատիպերին, որոնք սահմանափակում են 40 անց կանանց կյանքը հասարակությունում, ձգտումները և ներկայությունը հանրային կյանքում, կարող եք դիմել ներկայացվող դրամաշնորհային ծրագրին։ 

Ստորև ներկայացնում ենք որոշ մտքեր և թեմատիկ ուղղություններ, որոնք Հիմնադրամը հետաքրքրված կլինի ֆինանսավորել․ 

  • Տարբեր հարցերի շուրջ 40 անց կանանց ձայնը լսելի դարձնելու համայքային նախաձեռնություններ
  • Մարմնի և տարիքի դրական ընկալումներին (body positive) ուղղված կանանց միջոցառումներ
  • 40 անց կանանց սեռականության մասին նախաձեռնություններ
  • Արվեստի նախաձեռնություններ, որոնք բարձրաձայնում են տարիքի հետ կապված հարցերը ֆեմինիստական տեսանկյունից
  • Ստեղծարար գրական նախաձեռնություններ, կարճ պատմվածքներ կամ պատմություններ, աշխատարաններ՝ ուղղված ծերացման գործընթացի ֆեմինիստական մոտեցման քննարկումներին
  • 40 անց կանանց կողմից խնամքի չվճարվող աշխատանքին ուղղված նախաձեռնություններ
  • 40 անց կանայք և առողջություն
  • Դաշտանադադարը որպես ֆեմինիստական հարց
  • Կանանց ընկերությունը և փոխաջակցությունը 40-ից հետո 
  • 40 անց կանանց շրջանում աշխատանք գտնելու և աշխատանքը պահպանելու դժվարությունները և այլն

Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և մանրամասն ու համարձակ պատասխանել տրվող հարցերին։ 

Խնդրում ենք հիշել, որ ծրագրերի թիրախային խումբ պետք է հանդիսանան հենց նշված տարիքի կանայք։ 

Դրամաշնորհի գումարը կկազմի մինչև 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24։

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք կապի մեջ լինել Հիմնադրամի թիմի հետ։