Դեռահաս աղջիկների ծրագրերը, նախաձեռնությունները

Հայաստանում կանանց հիմնադրամ աշխատանքային կարևոր ուղղություններից մեկը դեռահաս աղջիկների հետ տարվող աշխատանքներն են, նրանց մտքերն ու գաղափարները խրախուսելը, դրանք իրագործելու հնարավորություններ ստեղծելը: Դեռահասներին հնարավորություններ տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով Հիմնադրամն իրականացնում է դրամահավաք: Միանալով դրամահավաքին՝ դուք կարող եք օգնել մեզ տալ Հայաստանի աղջիկներին այն ապագան, որին նրանք արժանի են:

Ստորև կարող եք ծանոթանալ այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք մինչ օրս իրականացվել են մեր դեռահաս աղջիկների կողմից՝ Հայաստանում կանանց հիմնադրամի ֆիմանսական աջակցությամբ:

Ելենա Սարգսյան – Ես և իմ իրավունքները» դասընթացների շարք 

Մասնագիտությամբ լրագրող Ելենա Սարգսյանը Ես և իմ իրավունքները» խորագրով դասընթացների շարք է իրականացրել Տաշիրի և հարակից համայնքների դեռահաս աղջիկների համար։ Դասընթացի ընթացքում մասնակից աղջիկները սովորել են իրենց իրավունքների մասին, կարծիքներ փոխանակել, կիսվել իրենց պատմություններով։ Նախաձեռնության արդյունքում ստեղծվել է նաև բլոգային հարթակ, որտեղ աղջիկները գրառումներ են անում իրենց հուզող թեմաների շուրջ։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը այստեղ:

Լիլիթ Պալյան – Ֆեմինիստական սեղանի խաղ

Լիլիթն իր ընկերուհի Հասմիկի հետ նախագծել է և ստեղծել է ֆեմինիստական սեղանի խաղ՝ նախատեսված աղջիկների համար: Խաղը կոչվում է «Wo/ՎՈՒ», պարունակում է երեք տեսակի 90 խաղաքարտ: Խաղի մասին առավել մանրամասն իմանալու և այն ձեռք բերելու համար կարող եք հետևել դրա էջին՝ «Wo/ՎՈՒ»:

Անուշ Մարգարյան – Լաբորատոր սարքավորումներ դպրոցի համար

Անուշի գաղափարն էր լաբորատոր սարքավորումներ ձեռք բերել Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի համար՝ դրանով իսկ խրախուսելով աղջիկներին զբաղվել բնական գիտություններով, մուտք գործել գիտության ասպարեզ: Այս նախաձեռնության նպատակն էր մոտիվացնել աղջիկներին, ոգեշնչել նրանց: Հուսով ենք, որ հենց այդպես էլ կլինի:

Նարա Ստեփանյան – Կարպետագործության սեփական բրենդի զարգացում

Նարան Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից է, զբաղվում է կարպետագործությամբ, պատրաստում է գեղեցիկ հուշանվերներ: Սեփական փոքրիկ նախաձեռնությունը զարգացնելու նպատակով աջակցություն է ստացել նաև Հայաստանում կանանց հիմնադրամից: Արդյունքում ընթացքի մեջ են նրա փոքրիկ խանութի վերանորոգման աշխատանքները, արդեն պատրաստ են նրա բրենդի՝ Shaln-ի այցեքարտերը: Նարայի աշխատանքներին կարող եք հետևել բրենդի էջում՝ Shaln:

Սիրուշո Դավթյան – Գյուղի դպրոցում ֆեմինիստական սենյակի ստեղծում

Սիրուշոն և իր ընկերուհիները Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղից են, որն այժմ սահմանապահ գյուղ է դարձել: Աղջիկների գաղափարն էր իրենց գյուղի դպրոցում ունենալ հատուկ սենյակ, որը բաց կլիներ բոլոր աղջիկների համար, որտեղ կանցկացվեին հանդիպումներ, քննարկումներ, ոչ ֆորմալ կրթության դասընթացներ՝ աղջիկներին հուզող ու հետաքրքրող թեմաներով: Դասասենյակն արդեն պատրաստ է և ծառայում է աղջիկների կարիքներին:

Անահիտ Ղազարյան – Կանանց մասին տեղեկատվական պաստառներ

Անահիտը ցանկություն էր հայտնել վերափոխելու իր համայնքի՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի կանգառները՝ ձանձրալի պաստառները փոխարինելով հայտնի հայ կանանց մասին տեղեկատվական պաստառներով: Նպատակն էր այդ կերպ խրախուսել այլ կանանց ու աղջիկներին՝ հետևել իրենց երազանքներին, լինել համարձակ ու ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին: Աշխատանքի ընթացքին և արդյունքին կարող եք ծանոթանալ ստորև.

Լյուդմիլա Շիրվանյան – Ֆեմինիստական անկյուն դպրոցում 

Լյուդմիլան և իր ընկերուհիները Լոռու մարզի Մեծ Այրում համայնքից են: Նրանց գաղափարը իրենց գյուղի դպրոցում ֆեմինիստական անկյուն ստեղծելն է՝ խոսող պատեր, որ կպատմեն կանանց մասին, ինչպես նաև ֆեմինիստական գրականություն: Նախագծի արդյունքը կարող եք տեսնել ստորև.

Կարինե Բաքոյան – Սոցիալական հոլովակ աղջիկների կրթության կարևորության մասին

Կարինեն եզդիական համայնքից է: Նրան անհանգստացնող խնդիրներից էր այն, որ եզդի աղջիկները վաղ հասակում են ամուսնանում և զրկվում կրթություն ստանալու հնարավորությունից: Կարինեի երազանքն է եղել նկարչուհի դառնալ, որը նա պատկերել է աղջիկների կրթությունը կարևորելու մասին նկարահանած այս հոլովակում.

Էլեն Մարտիրոսյան – «Պատերազմն իմ աչքերով» ցուցահանդես-վաճառք

Էլենն Արցախից է, մասնագիտությամբ՝ նկարչուհի: Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ 2021թ. փետրվարի 7-12-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպել էր «Պատերազմն իմ աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսում ներկայացված էին երիտասարդ նկարիչների ստեղծագործությունները: Ստորև կարող եք տեսնել լուսանկարներ ցուցադրության օրերից.

Ջուլիետա Գրիգորյան – «Հայելի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանում

Ջուլիետան հետաքրքրվում է դերասանությամբ և ռեժիսուրայով: Նրա գաղափարն էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, որը կպատկերեր մարմնի դրական ընկալումը և աղջիկներին կխրախուսեր սիրել իրենց ու իրենց մարմինը: Շատ հետաքրքիր ու կարևոր հաղորդագրությամբ ֆիլմ է ստացվել, որը կարող եք տեսնել ստորև.

Անի Պետրոսյան – Girlopolis հաքաթոնի կազմակերպում

Անին 16տ. է և զբաղվում է ծրագրավորմամբ: Նրա գաղափարն էր Հայաստանում առաջին անգամ կազմակերպել հաքաթոն աղջիկների համար: Հաքաթոնը տեղի ունեցավ մարտի 5-7-ը և միավորեց IT ոլորտում ներգրավված աղջիկներին՝ նրանց գաղափարները խրախուսելու և հավելյալ հմտություններ տրամադրելու նպատակով: Ծրագրի նպատակն է ստեղծել IT և բիզնես ոլորտներով հետաքրքրված աղջիկների/կանանց համայնք, որտեղ աղջիկները պետք է օգնեն և քաջալերեն միմյանց։ Ծրագիրը միավորեց 50 աղջիկների, որոնք 10 խմբի բաժանվելով աշխատեցին իրենց ստարտափ գաղափարների վրա, իսկ ընդհանուր առմամբ հաքաթոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 300 աղջիկներ: 

Լալա Մկրտչյան – մուլտիմեդիա նյութ ՏՏ ոլորտի հաջողակ կանանց մասին

Լալան նույնպես IT ոլորտով է հետաքրքրված, մասնավորապես՝ տվյալագիտությամբ: Նրա նախագծի նպատակն էր խթանել աղջիկների ներգրավվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ոգևորել նրանց արդեն իսկ հաջողության հասած կանանց օրինակներով: Նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աստղիկ Հովհաննեսով – ֆեմինիզմի գաղափարախոսության մասին պաստառների տեղադրում Արարատի մարզի գյուղական համայնքներում

Աստղիկը հետաքրքրված է ֆեմինիզմով և ցանկանում է փոխել մարդկանց թյուր պատկերացումներն այդ շարժման վերաբերյալ: Այդ պատճառով նրա մոտ գաղափար էր առաջացել ֆեմինիզմի էությունը բացատրող պաստառներ պատրաստել և տարածել իր մարզի գյուղական համայնքներում: Ահա նրա աշխատանքի արդյունքները.

Նելլի Մարգարյան – դեռահաս աղջիկների ստեղծագործությունների տպագրություն

Նելլին և իր ընկերուհիները հետաքրքված են գրականությամբ և սիրում են ստեղծագործել: Նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում, քննարկում գրական ստեղծագործությունները, հատվածներ ընթերցում իրենց գրածներից: Աղջիկների նպատակն է տպագրել իրենց գործերի ժողովածուն.