Գենդերային զգայուն բյուջետավորում

Հեղինակ՝ Սիրան Հովհաննիսյան 

Ի՞նչ է ձեզ համար բյուջեն։

Արդյո՞ք այն գործիք է, միջո՞ց է, թե՞ անհրաժեշտություն։

Ինչու՞ են մեզ պետք բյուջեները։

Արդյո՞ք ունեք ձեր սեփական բյուջեն։

Որտեղի՞ց է առաջանում ձեր այդ բյուջեն, կամ որո՞նք են ձեր բյուջեի աղբյուրները։

Արդյո՞ք ձեր շրջապատում բոլորն ունեն բյուջե։

Ինչի՞ վրա եք ծախսում ձեր բյուջեն։

Արդյո՞ք ձեր բյուջեն միայն ձեզ համար է, թե՞ այլ մարդիկ էլ են օգտվում ձեր բյուջեից։

Ի՞նչ է բյուջետավորումը։

Երբևէ ներգրավված եղե՞լ եք բյուջետավորման գործընթացներում։

Արդյո՞ք պարբերաբար վերլուծում եք ձեր բյուջեն։ Ինչու՞ է դա ձեզ համար կարևոր։

Մինչ օրս լսե՞լ եք գենդերային զգայուն վերլուծության մասին։ Ի՞նչ եք լսել։ Ի՞նչ է դա։

Արդյո՞ք կիրառել եք նման գործիք ձեր կյանքում։

Գենդերային զգայուն բյուջետավորումը հետաքրքիր և արդյունավետ գործիք է, որն օգտագործվում է հիմնականում պետական և ոչ պետական մարմինների կողմից՝ բյուջեները գենդերի տեսանկյունից ավելի զգայուն և արդար բաշխելու համար։

Գենդերային զգայուն բյուջետավորումը միջոցառումներ են, որոնք ուղղված են բյուջեի բաղադրիչների ձևավորմանն այնպես, որ դրանք հնարավորինս հաշվի առնեն տարբեր սոցիալական խմբերի և ինքնությունների պատկանող անձնանց շահերը և կարիքները։ Այս միջոցառումները պետք է նպաստեն գենդերային հավասարության և արդարության ապահովմանը։ 

Գենդերային զգայուն բյուջետավորման նպատակները՝

  • Գենդերային հավասարության սկզբունքների ամրապնդում
  • Աղքատության հետևանքների մեղմացում
  • Լավ կառավարում
  • Հաշվետվողականություն
  • Թափանցիկություն 
  • Տնտեսական արդյունավետություն
  • Մասնակցություն 
  • Գենդերային արդարության ապահովում

Եթե նկատեցիք, վերը նշված ցանկը հնարավորություն է տալիս մատնանշելու, որ բոլոր նշված նպատակները հավասարապես կարևոր են, և մեկ կետը չի կարող ավելին լինել, քան մյուսը։ Ավելին, շրջանը կարելի է սկսել գենդերային հավասարության սկզբունքների ամրապնդումից և ավարտել գենդերային արդարության ապահովմամբ՝ որպես իրար հաջորդող գործողությունների տրամաբանական ավարտ։ Ինչու՞։ Որովհետև հիմնվելով գենդերային հավասարության սկզբունքների վրա և ստեղծելով համապատասխան օրենքներ ու պահպանելով մնացած թվարկված թիրախային կետերը, տեսական/իդեալական տիրույթում կարելի է հասնել գենդերային արդարության։ Իսկ գենդերազգայուն բյուջետավորման հիմնական ու վերջնական նպատակը բյուջեների նպատակային և արդար (վերա)բաշխումն է՝ հատկապես գենդերային առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։ 

Գենդերային զգայուն բյուջետավորումը ենթադրում է, որ

Ա․ բյուջեն վերլուծվում է գենդերային տեսանկյունից,

Բ․ գենդերային ոսպնյակները և գենդերը որպես չափորոշիչ օգտագործվում է բյուջեի ձևավորման յուրաքանչյուր փուլում,

Գ․ ի վերջո, տրվում են եկամուտների և ծախսերի փոփոխությունների մասին առաջարկություններ: 

Անմիջապես նշեմ, որ հատկապես վերջին կետից պարզ է դառնում, որ չպետք է վախենալ գենդերային զգայուն բյուջետավորումը որպես գործիք օգտագործելուց, անգամ եթե դուք տնտեսագիտական կրթություն չունեք։ Գործիքը ոչ միայն տնտեսագետների և գենդերային փորձագետների համար է, այլ բյուջեի վրա հիմնվող ցանկացած ծրագիր, գաղափար կամ ռազմավարություն իրականացնող անհատի կամ կազմակերպության:

Գենդերային զգայուն բյուջետավորումը և զգայուն բյուջեներն ի վերջո նպաստում են՝

  • Կառավարությունների հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը գենդերային հավասարության և կանանց հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման տեսանկյունից։ 
  • Բյուջետային քաղաքականության առաջնայնությունների փոփոխությանը, այլ ոչ թե պետական ծախսերի ընդհանուր ծավալի մեծացմանը։ 
  • Բնակչության համար ծառայությունների որակի բարելավմանը՝ ուղղորդելով պետական ծախսերը նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրանց կարիքը, և ում դրանք իրոք օգտակար կլինեն (դիտարկման ելակետ վերցնելով գենդերը)։ 
  • Թափանցիկության ավելացմանը և կոռուպցիայի նվազմանը։ 
  • Տնտեսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը։ 

Այստեղից էլ, իհարկե, բխում է անխուսափելին։ Գենդերային զգայուն բյուջեները երաշխավորում են, որ 

  • Տվյալ բյուջեի հաշվին իրականացվող ծրագրերը և տրամադրվող ծառայությունները արդյունավետ են և հաշվի են առնում կանանց,  տղամարդկանց և այլ ինքնություններ ունեցող անձանց կարիքները։ 
  • Բյուջեի հաշվին իրականացվող միջոցառումները չափվել են գենդերային ցուցիչների հիման վրա։ 
  • Բյուջեի գործողություններն իրականացվում են գենդերային վերլուծության հիման վրա։ 
  • Հաշվի են առնված այն խնդրահարույց կետերը, որոնք անհրաժեշտ է փոփոխել կանանց, տղամարդկանց և այլ ինքնություններ ունեցող անձանց կարիքները հասցեական հոգալու համար։ 

Գենդերային զգայուն բյուջետավորումն ունի իր առավելությունները/ հնարավորությունները և, բնականաբար, սահմանափակումները։ 

Մենք բոլորս էլ գիտենք, որ գենդերային հավասարության սկզբունքները  փորձում են բարելավել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց և թե՛ այլ ինքնություններ ունեցող անձանց կյանքերը՝ մեծապես կանանց և կին նույնականացողների սոցիալական, տնտեսական, քաղաքական և մի շարք այլ վիճակները բարելավելու միջոցով։ Սա մեծապես արվում է, քանի որ (ոչ բոլոր ինքնություններով և կարգավիճակներում գտնվող, բայց մեծ մասամբ) տղամարդկանց պարագայում մի շարք հնարավորություններ ավելի շատ են՝ սկսած բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվելուց մինչև ավելի ընդլայնված սոցիալական կապիտալ ունենալը կամ վարչապետ ու նախագահ դառնալը։ 

Գենդերային զգայուն բյուջետավորումը հնարավորություն է տալիս․

  1. Ներառել կանանց ակտիվ տնտեսական կյանքում բյուջետային գործընթացներին մասնակցելու միջոցով/դրա արդյունքում,
  2. Հնարավորինս արդյունավետ օգտագործել [ընդմիշտ սահմանափակ] բյուջետային ռեսուրսները/ ֆինանսական միջոցները՝ բնակչության կարիքներին համապատասխան,
  3. Հաշվի առնել կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում կանանց, տղամարդկանց և այլ ինքնություններ ունեցող անձանց տարբեր պատճառներով սահմանափակ հնարավորությունները՝ այդպիսով բարելավելով ծառայությունների որակը և արդյունքը (օր․՝ կանայք ավելի հեշտությամբ ընդունվեն որոշումների կայացման խմբերում, տղամարդիկ ընդունվեն դպրոցում աշխատանքի՝ առանց պեդոֆիլ համարվելու և այլն)
  4. Նպաստել հասցեական կառավարման գործընթացներին (պետական և ծրագրային տիրույթներում),
  5. Աջակցել գենդերային հավասարությանն ուղղված գործընթացներին՝ օրենսդրական փոփոխություններ, կառավարական որոշումներ, դրամաշնորհներին դիմելու և դրանք տրամադրելու գործընթացներ և այլն։ 

Գենդերային զգայուն բյուջետավորման սահմանափակումները հիմնականում արտաքին են, այլ ոչ՝ իր ներքին գործիքային։ Այսինքն, ինքն իրեն գենդերային զգայուն բյուջետավորումը սահմանափակում ունի երևի թե միայն մեկ ասպեկտով, որը կարելի է քննադատել քվիր ֆեմինիստական տեսանկյունից, քանի որ այն դեռևս շարունակում է կիրառել միայն «կին» և «տղամարդ» կատեգորիաները։ Սակայն գործիքը հնարավորություն է տալիս նաև ընդլայնելու, օրինակ, տրանս կամ այլ անձանց ինքնությունները և դրանց բազմազանությունը։ Գենդերային զգայուն բյուջետավորումը, լինելով ի սկզբանե պետական ծրագրերի և բյուջեների համար նախատեսված գործիք, կիրառում է պետական վիճակագրությունները, պետական բյուջեները, եկամուտների և ծախսերի մասին պաշտոնական տվյալները ու փորձում դրանք վերաբաշխել նախ ըստ գենդերի, որից հետո այլ բնութագրիչների, օրինակ՝ աղքատություն, հաշմանդամություն և այլն։ Քանի որ վերը նշված կատեգորիաները հիմնվում են կին-տղամարդ բինար գենդերային բաշխումների վրա, ինչ-որ տեղ նաև այդ է պատճառը, որ բյուջետավորման վերլուծության գործընթացը նույնպես ունենում է խիստ բինարություն։ 

Գենդերային զգայուն բյուջետավորման սահմանափակումներն են․

  • Բյուջեի գենդերային «չեզոքությունը»,
  • Գենդերային զգայուն բյուջետավորման նպատակների աղավաղում, դրանց սխալ ընկալում, դրանց մասին սխալ կամ ոչ բավարար տեղեկացվածությունը,
  • Բյուջետային գործընթացների, բյուջեների ձևավորման և իրացման վրա հնարավոր ազդեցություն ունենալու վերաբերյալ տեղեկացվածության պակաս (օրինակ՝ քչերը գիտեն, որ ցանկացած համայնքի բնակիչ իրավունք ունի հարցում անելու համայնքապետարան և պահանջելու համայնքի բյուջեի և դրա հաշվին կատարված ծախսերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն),
  • Իրականացվող ծրագրի բնույթը,
  • Գենդերային անհավասարության հարցերի վերաբերյալ տարբեր խմբերի կանանց, տղամարդկանց և այլ ինքնություններ ունեցող անձանց կարծիքների բախում/տարբերություն/տարանջատում։

Անտեսող, չեզոք, զգայուն, տրանֆորմացիոն քաղաքականություններ և բյուջեներ

«Գենդերային անտեսող» քաղաքականությունները դեռևս շարունակվում են կոչվել «կույր» քաղաքականություններ, քանի որ դրանք հաշվի չեն առնում ոչ միայն կանանց և տղամարդկանց շահերը, այլ ընդհանրապես սեռը՝ որպես քաղաքականության մշակման գործոն դիտարկելու գաղափարը։ «Կույր» բառի օգտագործման հետ կապված կա մի հստակ խնդիր, որը հենց բառի օգտագործումն է, քանի որ դա խորացնում է նեգատիվությունը «կույր» բառի ու խտրականությունը կույր կամ չտեսնող մարդկանց նկատմամբ։ Այս համատեքստում «կույր»-ն օգտագործվում է բացասական իմաստով, քանի որ վատ է, որ քաղաքականությունն անտեսում է կարևոր գենդերային ասպեկտները։ Բայց մյուս կողմից էլ խտրականացնում է կույր կամ չտեսնող մարդկանց, քանի որ ստացվում է, որ կույր լինելը վատ է, ինչը բացարձակ դեմ է հատկապես ֆեմինիստական և այլ զգայուն մոտեցումներին։ 

«Գենդերային չեզոք» մոտեցումը պնդում է, որ պետք է հաշվի առնել սեռերի միջև հավասարությունն այն պայմանով, որ տարբերությունները դիտարկվեն աննշան։ Օրինակ՝ ինչպես սիրում են պնդել մի շարք քաղաքական գործիչներ, մեր օրենքները չեզոք են և հավասարապես տարածվում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վրա։ Այդ իսկ պատճառով բոլորին պետք է պատժել և խրախուսել նույն ձևերով՝ առանց հաշվի առնելու սեռային առանձնահատկությունները։ Ի վերջո, իհարկե, պետությունները հենց այդպես էլ անում են, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներն առանձին են։ Այս օրինակն, ըստ էության, ամենատարածվածն է, քանի որ հնարավոր չէ տղամարդկանց և կանանց պահել նույն տիպի պայմաններում և նույն բյուջեով՝ հիմնվելով առնվազն դաշտանային ցիկլի գոյության վրա։ Իհարկե, օրինակներն ու ավելի խորքային մեկնաբանությունները կարող են անընդհատ շարունակվել։ Եթե մենք «չեզոք»-ը վերածենք մարդու, ապա կստացվի “bystander”-ը, ով կողքից ամեն ինչ տեսնում է, բայց միշտ ասում, որ իրեն դա ուղղակի չի վերաբերում, և այդ պատճառով նա չի խառնվում տվյալ հարցերին։ 

Չեզոքությունը բերում է նրան, որ, ի վերջո, հաշվի են առնվում մեծ մասամբ տղամարդկանց խնդիրները և տղամարդկանց հուզող հարցերը, քանի որ որոշումների կայացման գործընթացներում հիմնականում տղամարդիկ են։ Իսկ կանայք, ովքեր այդ շրջանակներում են, պետք է կարողանան պահպանել իրենց դիրքը տղամարդկային հիմքով և կանոններով ստեղծված խմբերում։ Մեկ այլ հանգուցալուծմամբ էլ կանանց խնդիրներին «լուծումներ» են տալիս հենց այդ նույն տղամարդկանց խմբերը։ 

Նման խնդիրների օրինակները բազմաթիվ են և կարող են առաջ գալ կենսագործունեության տարբեր բնագավառներում և ժամանակներում։ Օրինակ՝ գիտե՞ք, թե ինչու են կանայք շենքերում ավելի շատ մրսում, քան տղամարդիկ։ Շենքերի կառուցումը դեռևս հիմնվում է տղամարդկանց մարմնի ջերմաստիճանի առանձնահատկությունների վրա։ Ճարտարապետության մեջ գենդերային ասպեկտը մինչև վերջին տասնամյակներն ընդհանրապես հաշվի չի առնվել: Այսինքն՝ շենքերի և շինությունների կառուցման ընթացքում որպես հիմք է ընդունվել տղամարդու մարմնի (այն էլ՝ միջինացված) ջերմաստիճանը։ 

Ըստ էության՝ սա նաև վերաբերում է քաղաքաշինությանը, օրինակ՝ այն տեսանկյունից, որ ոչ զգայուն մոտեցումը բերում է մայթերի անհամապատասխան կառուցման, երբ թեքահարթակները չեն կառուցվում, որպեսզի մանկասայլակները հնարավոր լինի փողոցներով անցկացնել։ Կամ, նույն օրինակի դեպքում, դրանք կառուցվում են մարդկանց և մասնագետների այնպիսի խմբերի կողմից (հիմնականում տղամարդկանց), ովքեր գաղափար անգամ չունեն, թե ինչպես է հնարավոր անցկացնել մանկասայլակը մայթից փողոց և հակառակը, քանի որ ոչ միայն սեփական փորձառություն չունեն, այլ նաև չեն մտածել, որ կարելի էր հարցնել այս խնդրին առնչվող քաղաքացիներից՝ հիմնականում տարբեր տարիքի ու հնարավորությունների տեր կանանցից։ Այս դեպքում, ակնհայտորեն, խնդիրն ունի գենդերային բնույթ։ Նմանատիպ ոչ զգայուն մոտեցումն արտացոլվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, երբ նույն թեքահարթակի կառուցման դեպքում հաշվի չեն առվում սայլակ օգտագործող անձանց կարիքները և կարծիքները։ 

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է նաև հանրային զուգարաններում հերթը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ կանայք ⅓ անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում հանրային զուգարաններում, քան տղամարդիկ՝ հայտնի պատճառներով։ Բրոդվեյը՝ Նյու Յորքի և աշխարհում ամենահայտնի երաժշտական շոու թատրոնը, ունի կանանց և տղամարդկանց առանձին զուգարաններ, որոնցում խցիկների թիվը հավասար է։ Մի քանի տարի առաջ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Բրոդվեյ այցելող կանանց 30-40 %-ը բաց է թողնում տվյալ բեմադրության ⅓-ը, քանի որ այդ ժամանակն անցկացնում է զուգարանի հերթում։ 

«Գենդերային զգայուն» քաղաքականությունը ստեղծում է նախադրյալներ՝ ուղղված սեռային և գենդերային աստիճանակարգումների բացառմանը և իրական հավասարության հաստատմանը։ Այն կարող է ներառել «դրական գործողությունների» համակարգ, որը հիմնվում է պրոտեկցիոնիստական օրեսնդրության վրա։ «Դրական գործողությունները» խրախուսումների վրա հիմնված գործողություններ են։ Օրինակ, եթե մենք ցանկանում ենք ավելացնել կանանց թիվը բիզնեսում, ապա խրախուսում ենք դա կանանց համար բիզնես սկսելու արտոնություններ տալով (նախնական կապիտալ, ծրագրեր, որոնք ներդրում են անում կանանց բիզնեսներում, կանանց բիզնեսների համար նախատեսված դյուրին վարկավորում և այլն)։ Կամ, եթե ուզում ենք կանանց թիվն ավելացնել քաղաքականության մեջ, ներդնում ենք քվոտաների համակարգը, նրանց համար առանձին առաջնորդական և քաղաքական դպրոցներ ենք կազմակերպում և այլն։ Կամ, եթե ցանկանում ենք, որ տղամարդիկ ավելի շատ ներգրավված լինեն տան գործերում և երեխաների խնամքում, ապա «մայրական արձակուրդը» վերանվանում ենք (և ենթադրաբար նաև պրակտիկայում խթանում) «ծնողական արձակուրդ»՝ ֆինանսապես խրախուսելով գործատուներին։ Եվ այսպես շարունակ։ 

«Գենդերային տրանսֆորմացիոն (փոխակերպող/ելի)» մոտեցումները վերջին նորամուծություններն են, որոնք հնարավորություն են տալիս աշխատելու և նպատակադրվելու ոչ միայն գործողության ներդրման (զգայունություն), այլ նաև դրանցից բխող փոփոխությունների իրականացման ուղղությամբ։ «Գենդերային տրանսֆորմացիոն» հասկացությունն իր մեջ ներառում է հասարակական  փոխակերպումները դեպի գենդերային հավասարության տարբեր դրսևրումներ։ Իհարկե, հասկանալի է, որ «գենդերային տրանսֆորմացիան» հատկապես անգլալեզու միջավայրում կարող է ընկալվել որպես մարդու գենդերային կամ սեռային ինքնության փոփոխությունը, սակայն բյուջետավորման թեմատիկայի շրջանակներում այն կրում է այլ իմաստ։ Մենք միանշանակ ընդունում ենք հասկացության երկակի գործածելիությունը, սակայն այս տեքստում այն վերաբերում է զգայուն բյուջետավորմանը, զգայուն քաղաքականություններին, ինչպես նաև հասարակությունների և միջազգային զարգացման փոխակերպումներին։ Գենդերային տրանսֆորմացիոն մոտեցումների կիրառման նպատակը կանանց, տղամարդկանց և ոչ բինար գենդերային ինքնություն ունեցող անձանց ռեսուրսների, նրանցից ակնկալիքների և պարտականությունների վերաբաշխման միջոցով հասարակությունում գենդերային դինամիկայի փոփոխություններն են։ 

Գենդերային զգայուն բյուջետավորման ներդրման ելակետեր և փուլեր

Գենդերային զգայուն բյուջեները, ինչպես արդեն գիտենք, նպաստում են գենդերային հավասարությանը և գենդերային արդարությանը։ Իսկ մենք արդյո՞ք գիտենք, թե որոնք են գենդերային հավասարության ֆինանսավորման աղբյուրները։ Դրանք թվարկված են ստորև՝ 

  • Գենդերային հավասարությանն ուղղված պետական և ոչ պետական ծրագրեր, 
  • Ներքին և արտաքին դոնորական աջակցություն ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման համար, 
  • Գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերին կորպորատիվ և բիզնես աջակցություն,
  • Գենդերային տարրի ներառում պետական կառավարման տարբեր մակարդակների բյուջեներում՝ գենդերային բյուջետավորում,
  • Անհատական ներդրումներ և նվիրատվություններ գենդերային հավասարությանը և/կամ կանանց հզորացմանն ուղղված որևէ գաղափարի կամ ծրագրի,
  • Փառատոնների կազմակերպում և բարեգործական ցուցահանդեսներ, 
  • Քրաուդֆանդինգներ և առցանց ակցիաներ, 
  • Որոշ դեպքերում, օրինակ, հայկական սփյուռքի ներդրումներ, 
  • Այլ (կարող եք ավելացնել ինքներդ, եթե ունեք այլ աղբյուրներ)։ 

Գենդերային զգայուն բյուջետավորման ներդրման ելակետերն են՝ 

  • Քաղաքական կամքը, 
  • Օրենսդրական հիմքեր և իրավական մեխանիզմներ, 
  • Վարչական միջոցառումներ և պրակտիկաներ, 
  • Գենդերային հավասարությանն ուղղված հստակ քաղաքականություն, 
  • Գենդերային վիճակագրություն, 
  • Գենդերային հարաբերությունների, հավասարության, կարծրատիպերի և քաղաքականության մասին պատշաճ մասնագիտական գիտելիք,
  • Անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, 
  • Կանանց ակտիվ մասնակցություն քաղաքական և հասարակական կյանքում որոշումների կայացման գործընթացներում և դրա խրախուսում։

Գենդերային զգայուն բյուջետավորման փուլերը․ 

  • Իրավիճակի գենդերային վերլուծություն – ծրագրի կոնկրետ ոլորտում կանանց և տղամարդկանց վիճակի վերլուծություն 
  • Տեղեկատվության հավաքագրում – նորմատիվ-իրավական դաշտի վերլուծություն, աուդիտ, ծախսերի գնահատում դրանց՝ կանանց և տղամարդկանց տարբեր խմբերի վրա ծախսի և ազդեցության տեսանկյունից
  • Բյուջեի գենդերային ուսումասիրություն – ծրագրերի, միջոցառումների, ծառայությունների, քաղաքականության և այլ գործընթացների գենդերային վերլուծություն
  • Գենդերային բյուջետավորման գենդերային զգայուն նպատակի սահմանում – ինչ վերջնանպատակով է իրականացվում վերլուծությոնը, ինչպես է հնարավոր լուծել խնդիր(ներ)ը, որոնց համար պլանավորվել էր գենդերային զգայուն վերլուծությունը
  • Գենդերային զգայուն բյուջետավորման նախաձեռնության պլանավորում և իրականացում – քայլերի մաշկում, մոտեցումների ընտրություն, հանդիպումներ խնդիրները կրողների հետ և այլն։ 

Եվ վերջում՝ որպես ամփոփում, եթե ցանկանում եք ձեր հետագա կյանքում և ծրագրերում առաջնորդվել գենդերային զգայուն բյուջետավորման սկզբունքներով, կարող եք ունենալ հետևյալ հարցերը և ծրագրեր գրելիս ու բյուջեների հետ կապված որոշումներ կայացնելիս պատասխանել դրանց․ արդյո՞ք կանանց և տղամարդկանց հավասարապես հասանելի են տարատեսակ ռեսուրսներ, արդյո՞ք կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ օգտվելու նախանշված ռեսուրսներին, արդյո՞ք կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ կառավարելու տվյալ ռեսուրսները, ովքե՞ր են կայացնում բյուջեի վերաբերյալ որոշումները, ովքե՞ր են ստանում ամենամեծ և ամենափոքր օգուտը բյուջեի վերաբերյալ որոշումներից, ինչպե՞ս է բյուջեի իրագործումը ազդում կանանց և տղամարդկանց վրա (որպես առանձին խմբեր և միևնույն սոցիալական հիմնախնդիրը կրողներ)։ 

Հարակից նյութեր

  1. Adopting the Gender Transformative Approach: Guide to the theoretical background (rutgers.international)
  2. Broadway’s Bathroom Problem: Have to Go? Hurry Up, or Hold It – The New York Times (nytimes.com)
  3. Gender-transformative approaches in international development: A brief history and five uniting principles – ScienceDirect
  4. Gender budgeting in OECD countries | READ online (oecd-ilibrary.org)
  5. Gender budgeting: practical implementation. Handbook (coe.int)
  6. Gender Responsive Budgeting: A tool for gender equality – ScienceDirect
  7. Manual for Training on Gender Responsive Budgeting by Katrin Schneider
  8. Overcooling of offices reveals gender inequity in thermal comfort | Scientific Reports (nature.com)
  9. Rough Guide to Gender-Responsive Budgeting (unwomen.org)
  10. Sustainable Gender Equality – a film about gender mainstreaming in practice – YouTube
  11. Who benefits from public spending? Gender responsive budget policies support inclusive societies (worldbank.org)
  12. What is Gender Responsive Budgeting – YouTube