Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից հուլիս ամսվա ընթացքում հայտարարված մեկ այլ դրամաշնորհի մրցույթի նպատակն արվեստի ոլորտի կանանց ու աղջիկների գաղափարների խրախուսումն էր, դրանց միջոցով տարբեր սոցիալական ու գենդերային խնդիրների արծարծումը:
Հիմնադրամը ստացել էր 27 հայտ, որոնցից ընտրվել են հետևյալ 8 նախագծերը.
- Աղունիկ Տեր-Ստեփանյան – «Լսված լինելու իրավունք» խորագրով գրաֆիտիների շարք Վանաձոր քաղաքում, որոնք ցույց են տալու կնոջ խոսքի խոսքի, արտահայտվելու կարևորությունը:
- Ամասիա Նիզիբլիան – հեղինակային նկարների ցուցահանդես, որը պատկերելու է կնոջ ամենօրյա հարաբերություններն ինքն իր, աշխարհի, իր կանանցի էության հետ:
- Աստղիկ Գաուդյան և Սիրանուշ Աղաջանյան – «Հետպատերազմյան թիթեռներ: Սիրահարանք» խորագրով վավերագրական ֆիլմ, որը քննարկելու է պատերազմի դիսկուրսը, պատերազմի ու արվեստի փոխհարաբերությունները:
- Գոհար Սմոյան – բոլոր ժամանակների հայտնի գյումրեցի կանանց պատկերող կոմիքսներ, որ ուսուցողական բնույթ կունենան:
- Հասմիկ Սիմոնյան – «Մեղուներ պահող աղջիկը» խորագրով բանաստեղծական շարքի տպագրություն, որտեղ հեղինակը բարձրաձայնելու է կնոջ մասին, մայր-դուստր երկխոսելու փորձի մասին, բարդույթների, սեռահասունացման փորձառության մասին, կնոջ սեքսուալ կյանքի՝ կին-կին, կին-տղամարդ, կնոջ մարմնի ներսի ու դրսի հարաբերության մասին, տրավմաների ու հավասարության իրավունքի պայքարի:
- Մուղդուսյան արվեստի կենտրոն – Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ երաժշտական նախագիծ, որը վեր կհանի սոցիալական խոչընդոտներն ու կարծրատիպերը: Նախագծի արդյունքում կգրվի երգ, կստեղծվի տեսահոլովակ, որը կներկայացնի կանանց իրական պատմությունները:
- ՆՓԱԿ (Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամ) – Ինստալյացիոն արվեստի ամենամյա փառատոնի կազմակերպում.նախագծի համար նյութ են հանդիսանալու արտադրական թափոնները, որոնցով կին արվեստագետները ինստալյացիոն աշխատանքներ են պատրաստելու:
- ՀայԱրտ մշակութային հիմնադրամ – ֆեմինիստական ցուցադրություն. «Կուրատորական ընտրություն՝ ինչպես են կանայք տեսնում դա» նախագիծը մեկտեղելու է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում գործող չորս կին համադրողների հայացքների մի համայնապատկեր: Նախագիծը կառուցված կլինի կին համադրողների ցուցահանդեսային նախագծերի համաժամանակյա ցուցադրություններից։
Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին ու մաղթում արդյունավետ համագործակցություն: Նախագծերի ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք մեր սոցիալական մեդիայի էջերում: