You are currently viewing «Ամեն ինչ դրանից սկսվեց. ես որոշեցի՝ գնում եմ այս ոլորտ և պետք է լինեմ համար առաջինը».Անի Պետրոսյան

«Ամեն ինչ դրանից սկսվեց. ես որոշեցի՝ գնում եմ այս ոլորտ և պետք է լինեմ համար առաջինը».Անի Պետրոսյան

Անի Պետրոսյանը վաղ տարիքից աչքի է ընկել ակտիվությամբ. 12 տարեկանում արդեն իր առաջին քայլերն էր անում մի ոլորտում, որով, ինչպես ինքն է ասում, պատրաստվում է զբաղվել առաջիկա 30 տարիներին:

«ՏՏ ոլորտում հաստատվելու հիմնական շարժիչ ուժը եղել է «Թումո» կենտրոնը: Հիշում եմ՝ առաջին անգամ ռոբոտաշինության դասընթացի ժամանակ ներկա էր 120 տղա և ընդամենը 3 աղջիկ, որոնցից մեկը ես էի: Այդ օրը պետք է թիմերի բաժանվեինք, և էնպիսի տպավորություն էր, որ ոչ ոք չի ուզում աշխատել աղջիկների հետ, որովհետև մտածում էին, թե ավելորդ բեռ են դառնալու թիմի համար: Ամեն ինչ դրանից սկսվեց. ես որոշեցի՝ գնում եմ այս ոլորտ և պետք է լինեմ համար առաջինը: 

Առաջինը լինելու քայլերը. միջազգային հաքաթոններից մինչև սեփական նախագիծ

ՏՏ ոլորտում սկզբնական շրջանում կողմնորոշվելը Անիի համար բարդ է եղել, սկսել է ռոբոտաշինությունից, այնուհետև զբաղվել է կայքերի պատրաստմամբ, հետո՝ խաղերի ծրագրավորումով. «Արդեն մոտ 1,5 տարի է՝ արհեստական բանականության ոլորտում եմ ու վստահ եմ, որ մոտակա 30 տարին շարունակելու եմ այս ոլորտում, որովհետև իրոք շատ եմ հավանել, շատ եմ սիրում»,- ասում է նա:

Անին 14 տարեկանից մասնակցում է միջազգային տարբեր հաքաթոնների, ինչպես նաև պրակտիկաներ անցնում տարբեր կազմակերպություններում: Առաջին մասնակցած միջազգային հաքաթոնին՝ «Tech Together Boston»-ին,  մասնակցել է 14 տարեկանում. «Մեր թիմում Բերքլիի համալսարանի շրջանավարտներ էին. մյուս անդամների համեմատ շատ երիտասարդ էի, ամենահավեսն այն էր, որ նրանք ինձ ընդունում էին որպես իրենց թիմի լիարժեք անդամ՝ չնայած նրան, թե ես քանի տարով եմ նրանցից փոքր»,- ասում է նա: Անցած տարի Անին «Tech Together»-ի կողմից նաև ճանաչվել է տարվա լավագույն հաքեր:

Girlopolis. Այն ինչ չկա. պետք է ստեղծել

Անին, մասնակցելով տարբեր միջազգային հաքաթոնների, նշում է, որ մշտապես սրտնեղել է, որ Հայաստանում նման ծրագրեր չեն իրականացվում. «Մասնակցություններիս ժամանակ միշտ մտածում էի՝ ախր ինչի՞ Հայաստանում էլ նման միջոցառումներ չեն կազմակերպվում: Այդ ժամանակահատվածում միշտ ծածուկ էդպիսի միտք ունեցել եմ. եթե չկա, կարո՞ղ ա ես անեմ առաջինը: Բայց այդ ամենն էդքան էլ հեշտ բան չի, որ նստես, մտածես ու միանգամից անես. դա մեծ աշխատանք է պահանջում: 2020-ի դեկտեմբերին «Ֆեյսբուք»-ի նյուզֆիդն էի թերթում և էջիս բերեց, որ «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ը դրամաշնորհներ է տրամադրում դեռահաս աղջիկներին ու մտածեցի՝ իսկ ինչ եթե իմ առաջին հաքաթոնն այդպես սկսվի: Ամբողջ գիշերը մտածեցի դրա մասին, հետո միտք եկավ ստեղծելու աղջիկների համայնք, այսպես ասած՝ աղջիկների քաղաք: Այդպես ստեղծվեց  «Girlopolis»-ը: Իսկ Հայաստանում կանանց հիմնադրամն էն կազմակերպությունն ա, որ հավատացել է ինձ: Ես վստահ եմ, որ առանց իրենց՝ էս գաղափարն ուղղակի կյանքի չէր կոչվի: Էդ ամեն ինչը, կարծես, ծրագրավորված լիներ: Երբեք չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել, ու որ դա կարող է այդքան հաջողվել»,- ընդծում է Անի Պետրոսյանը:

«Girlopolis»-ի գրանցած արդյունքները

Նախաձեռնությունը մեկնարկեց անսպասելի մեծ հաջողություններով, որին Անին չէր սպասում: 2021-ի մարտին կայացած հաքաթոնին մասնակցության դիմում-հայտը 1.5 օրում լրացրել էին 300-ից ավել կանայք և աղջիկներ. «Հաքաթոնը իրական բում եղավ, մարդկանց շատ էր հետաքրքրում գաղափարը», ընդգծում է նա:

«Girlopolis»-ի հաջորդ հաքաթոնը նախատեսվում է օգոստոսի 20-22-ը, սակայն, ի տարբերություն առաջինի, այս մեկն օֆլայն ձևաչափով է լինելու:

Գրանցած արդյունքների մասին Անին մասնավորապես ընդգծում է հետևյալ ձեռքբերումը. «Առաջին հաքաթոնին մարզերի և գյուղերի երեխաներին ենք նախապատվությունը տվել ու մանավանդ շատ հպարտ եմ, որ գյուղից մասնակիցներ ունեինք, ու իրենք պատմում էին, թե այս նախաձեռնությունն ինչքան փոփոխություն է բերել իրենց կյանք»,- նշում է Անին:

Ստարտափերի ստեղծումից զատ՝ Անին կարևորում է նաև նախաձեռնության արդյունքում ձևավորված ուժեղ համայնքի փաստը. մասնակիցները հաքաթոնից հետո էլ պահում են կապը և միասին ճամփորդում Հայաստանով

«Girlopolis»-ի շրջանակներում Անին և իր թիմը, որը գործում է կամավորության սկզբունքով, իրականացնում են նաև այլ ծրագրեր, որոնցից մեկը «We Talk»-ն է: Քանի որ հաքաթոնները նախորոշված է իրականացնել տարին մեկ անգամ՝ ելնելով որոշակի ֆինանսական hարցերից, ուստի անհրաժեշտություն կա «աղջիկների քաղաքին» ակտիվ պահել, ուստիև թիմը սկսել է իրականացնել հարցազրույցների շարք տարբեր ոլորտներում հաջողությունների հասած կանանց և աղջիկների հետ: Բացի այդ՝ իրականացվում է նաև «Infopolis» ծրագիրը, որի հիմնական գաղափարն է հրապարակել հանրամատչելի տեղեկություններ ՏՏ ոլորտին առնչվող թեմաներով:

Անին նշում է, որ պատրաստվում է կրթությունը շարունակել Հայաստանից դուրս, սակայն դեռ չի ցանկանում փակագծեր բացել, ասում է՝ կներկայացնի, երբ արդեն իրական արդյունքներ ունենա: 

«Մոտ ընկերներս էլ ուզում են դրսում սովորել, բայց բոլորս իրար խոսք ենք տվել, որ անպայման վերջում վերադառնալու ենք Հայաստան. մեր ներդրումն ենք ունենալու պետության զարգացման գործում. կարծում եմ՝ մեր պետությունը պետք է հենց այս ուղղությամբ զարգանա: Եթե ընկերներս չպահեն խոստումը ու չվերադառնան Հայաստան, իրենցից շատ կնեղանամ»,- եզրափակում է Անի Պետրոսյանը:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի